Ռազմիկ Միսակյանը Ստամբուլում արծաթե մեդալ նվաճեց

Ռազմիկ Միսակյանը Ստամբուլում արծաթե մեդալ նվաճեց

Ստամբուլում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանի չորս ներկայացուցիչներից միայն մեկին հաջողվեց մեդալ նվաճել:  

Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկող ազատ ոճի երիտասարդական հավաքականի անդամներից 50 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ Ռազմիկ Միսակյանը, ով եզրափակչում 5:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Գաջիևին: Նշենք, որ վիճակահանության արդյունքներով Ռազմիկ Միսակյանը սկսել էր քառորդ եզրափակչից և 6:0 հաշովով առավելության էր հասել Գերմանիան ներկայացնող Վիկտոր Լիզենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տոնել Ուկրաինայի պատվիրակ Դմիտրո Նեսվյատիպասկանի նկատմամբ:

Ի տարբերություն Միսակյանի, ով մրցակցին պարտվեց գրեթե հավասար պայքարում, բրոնզե մեդալի համար պայքար մղող 64 կգ քաշային Սուրեն Խաչատրյանը ադրբեջանցի Սուլեյմանովի հետ գոտեմարտում առաջին երեք րոպեները 3:0 հաշվով հաղթելուց հետո, երկրորդում 7 միավոր կորցրեց, ավելին` 4:3 հաշվի ժամանակ նյարդերը տեղի տվեցին և նա ապտակեց Սուլեյմանովին: Նման պահվածքի համար մրցավարները մեկ միավոր մրցակցին տալով պատժեցին Խաչատրյանին, այնուհետև մեր ըմբիշը Սուլեյմանովին թույլ տվեց ևս երկու միավոր վաստակել:

Հավելենք, որ  մրցումային երկրորդ օրը 66 ըմբիշներ մեդալներ են խաղարկելու 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգերում: Այսօր մրցագորգ են դուրս գալու Հայաստանի 3 պատվիրակներ.

  • 55 կգ, 1/8-րդ փուլ, Հարություն Բարսեղյան-Անդրեյ Յացենկո (Ուկրաինա)
  • 66 կգ, 1/16-րդ փուլ, Հակոբ Ավետիսյան-Չարլի Բովելին (Անգլիա):
  • 84 կգ, 1/8-րդ փուլ, Սարգիս Հովսեփյան-Հաջիմուրադ Մահոմեդսայիդով, (Ադրբեջան): 
Հետևեք մեզ նաև Telegram-ում