Կասաբելյա. Էդգար Դավիդսի կողքին խաղալը շատ մեծ փորձ էր

Կասաբելյա. Էդգար Դավիդսի կողքին խաղալը շատ մեծ փորձ էր

«Արարատի» կազմը համալրած հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյան թիմի պատմության մեջ առաջին իսպանացի ֆուտբոլիստն է: 28-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է «Արարատի» մամուլի ծառայության հարցերին:

-Ռոբերտո՛, բարի գալուստ «Արարատ»: Կիսվիր քո տպավորություններով:

-Շնորհակալություն: Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և խաղալու եմ «Արարատում»: Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանում մեծ հաջողություններ կարձանագրենք: Մեկ շաբաթվա ընթացքում մարզվում էի թիմում և կարող եմ ասել, որ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Պահանջկոտ մարզիչ ունենք և ջանասիրաբար մարզվում ենք:

-Պատմի՛ր քո կարիերայի մասին:

-Մինչև 16 տարեկանը խաղացել եմ Մադրիդի «Ռեալի» Կանտերայում, այնուհետև տեղափոխվել եմ «Ատլետիկո», հանդես եմ եկել Մադրիդի ակումբի երկրորդ և երրորդ թիմերում:

-«Ռեալն» ու «Ատլետիկոն» սկզբունքային մրցակիցներ են:

-Այո, բայց ես շատ երիտասարդ էի (ժպտում է): Հիմա շատ բան է փոխվել, սակայն պատանեկան տարիքում չէի մտածում այդ ուղղությամբ: Միակ նպատակս ֆուտբոլ խաղալն էր:

-Ներկայումս հայտնի ֆուտբոլիստներից ու՞մ հետ ես խաղացել «Ռեալում» կամ «Ատլետիկոյում»:

-Մարիո Սուարեսի, Իգնասիո Կամաչոյի, Անտոնիո Ադանի, Էստեբան Գրաներոյի և շատ ուրիշների հետ:

-Անգլիական «Բարնետում» դու խաղացել ես լեգենդար Էդգար Դավիդսի հետ:

-Այո, Էդգար Դավիդսը խաղում և միաժամանակ մարզչական աշխատանք էր կատարում «Բարնետում»: Միասին հանդես էինք գալիս կիսապաշտպանության կենտրոնում: Դա շատ մեծ փորձ էր ինձ համար: Նրա վստահությունը և գնդակին տիրապետելու հմտությունը շատ ուսանելի էին:

-Ինչպիսի՞ն է ֆուտբոլը միլիոնների խաղի հայրենիքում:

-«Բարնետը» հանդես էր գալիս Անգլիայի չորրորդ դիվիզիոնում, սակայն մրցաշարի խաղամակարդակը շատ բարձր էր. Ծանրաբեռնված մարզումներ, արագաուժային ֆուտբոլ, բազմաթիվ երկրպագուներ: Չեմ կարող համեմատել անգլիական ֆուտբոլը նույնիսկ իսպանականի հետ: Իսպանիայում առաջին և երկրորդ դիվիզիոնները բարձր մակարդակ ունեն, իսկ Անգլիայում մրցունակ են նաև 3-րդ, 4-րդ և նույնիսկ` 5-րդ լիգաները: Անգլիացիներն ապրում են ֆուտբոլով:

-2014-ին դու խաղացել ես Կանադայի «Թանդըր Բեյ Չիլում»:

-Ես դժգոհ եմ այնտեղ անցկացրած ժամանակահատվածից: Հասկացա «football»-ի և «soccer»-ի միջև առկա տարբերությունը (ժպտում է): 3 ամիս անց խնդրեցի խզել գործող պայմանագիրը և հեռացա այդ թիմից:

-Մոլդովայի «Միլսամիի» կազմում հանդես ես եկել Եվրոպայի Լիգայում:

-Այո, տանը կարողացանք հաղթել Ղազախստանի «Ակտոբեին» 4:2 հաշվով, սակայն հյուրընկալվելիս պարտվեցինք (0:3) և դուրս մնացինք հետագա պայքարից: Կարծում եմ, որ ֆուտբոլն ու կյանքը Հայաստանում և Մոլդովայում գրեթե նույն մակարդակի վրա են գտնվում: Չէ’ որ երկու երկրներն էլ նախկինում ընդգրկված են եղել ԽՍՀՄ-ի կազմում:

-Ո՞րն է քո ֆուտբոլային կարիերայի ամենակարևոր իրադարձությունը:

Կարծում եմ, որ ամեն օր, ամեն մարզում և ամեն խաղ շատ կարևոր են իմ ֆուտբոլային կարիերայի համար: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի անընդհատ բարելավեմ իմ մարդկային և ֆուտբոլային որակները: Այնպես որ, չեմ կարող նշել որևէ կոնկրետ իրադարձություն: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում