Ցունամիից հրաշքով փրկված տղան հետևում է Ռոնալդուի օրինակին

Ցունամիից հրաշքով փրկված տղան հետևում է Ռոնալդուի օրինակին

Ցունամիից հրաշքով փրկված ինոդեզացի Մարտունիսը Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի օգնությամբ իրագործել է երազանքը:

2004 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ցունամիի պատճառով Հնդկական օվկիանոսի 14 երկրից 230 հազար մարդ մահացավ: Մարտունիսն այդ ժամանակ հրաշքով էր փրկվել. փրկարարները նրան գտել էին 3 շաբաթ միայնակ մնալուց հետո: Փոքրիկ Մարտունիսի պատմությունը կարճ ժամանակահատվածում հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: Լրագրողների հետ զրույցում Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով փոքրիկն ասել էր, որ այդ օրերի ընթացքում չէր վախեցել, քանի որ ցանկանում էր փրկվել ընտանիքին տեսնելու (Մարտունիսի մայրը և երկու քույրերը մահացել էին) և ֆուտբոլիստ դառնալու համար:  

Փոքրիկին առաջինն օգնության ձեռք մեկնեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդ ժամանակ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»: Ռոնալդուն հանդիպել էր տղայի հետ և հոգացել նրա նոր տան ծախսերը: Հետագայում Մարտունիսը հնարավորություն էր ստացել հանդիպելու Պորտուգալիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների հետ: Ինչպես հաղորդում են պորտուգալական լրատվամիջոցները, այս տարիների ընթացքում Ռոնալդուն շարունակել է կապ պահպանել տղայի հետ և աջակցել է նրան պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա սկսելու հարցում:

Եվ ահա, արդեն 17-ամյա տղան հուլիսի 1-ին պաշտոնապես ներկայացվել է որպես Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ: Հենց «Սպորտինգում» էլ ժամանակին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Կրիշտիանու Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում