Արազ Օզբիլիս. Կդառնամ ավելի ուժեղ և ավելի լավը

Արազ Օզբիլիս. Կդառնամ ավելի ուժեղ և ավելի լավը

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտարարել է, որ կասկածի տակ չի դնում մոսկովյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի մասնագիտական որակները: Հիշեցնենք, որ 2014-15թթ. մրցաշրջանի ավարտին Օզբիլիսի և Յակինի միջև տարաձայնություն էր ծագել:

«Կարծում եմ` Յակինն ուժեղ մարզիչ է: Ես չեմ կասկածում նրա որակների վրա: Նա իր փիլիսոփայությունն ունի, իր արժանիքները, հիանալի հասկանում է ֆուտբոլը: Դա հաստատ գիտեմ` չնայած նրա հետ երկար չեմ աշխատել: Չեմ կարող ասել, թե ինչու Յակինի աշխատանքը չստացվեց «Սպարտակում», բայց համոզված եմ` նա կարող է հաջողության հասնել այլ ակումբում: Նման բաներ պատահում են. ինչ-որ ակումբում մարզչի աշխատանքը չի ստացվում, մեկ այլ ակումբում ստացվում է:

«Սպարտակում» մթնոլորտը հիանալի է: Ե՛վ Յակինի օրոք է լավ եղել, և՛ Կարպինի, և՛ հիմա: Երբ արդյունք չի լինում, մթնոլորտը կարող է մի փոքր վատանալ, բայց դա նորմալ է. հաղթում ես` տրամադրությունդ բարձրանում է, պարտվում ես` ընկնում է,-Օզիբիլիսի խոսքերը մեջբերված են «Спорт-экспресс»-ից:

Արազը նաև նշել է, որ նախորդ մրցաշրջանը շատ բարդ է եղել իր համար, սակայն մտերիմների աջակցությամբ կարողացել է հաղթահարել:

-Նախորդ մրցաշրջանը չեմ անվանի վատագույնը: Ավելի ճիշտ է ասել, որ բարդ էր, բայց ես ընտանիքիս և ակումբի կողմից անընդհատ աջակցություն էի ստանում: Ծնկի վնասվածքից ապաքինվելը շատ ավելի դժվար է, քան մարզվելը և խաղալը: Շատ ֆուտբոլիստներ դրանից հետո խաղադաշտ են վերադարձել և չեն կարողացել նախկինի նման հանդես գալ: Ես անպայման կվերադառնամ, ինչպես արել եմ նախկինում ու կդառնամ ավելի ուժեղ և ավելի լավը: Շատ եմ կարոտել ֆուտբոլը,-ասել է Օզբիլիսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում