Ամերիկայի գավաթ. Հիասթափեցրած ֆուտբոլիստները

Ամերիկայի գավաթ. Հիասթափեցրած ֆուտբոլիստները

Ամերիկայի գավաթի խաղարկությունն ավարտված է, պատվավոր տիտղոսը մրցաշարն ընդունող երկրի` Չիլիի ընտրանուն է, թեպետ Արգենտինայի հավաքականի հնարավորություններն ավելի բարձր էին գնահատվում:

Ավելի բարձր էին գնահատվում նաև Նեյմարի, Խամես Ռոդրիգեսի, Էդինսոն Կավանիի և այլ ֆուտբոլիստների ընդունակությունները, նրանցից սպասելիքները շատ էին, սակայն տպավորիչ խաղի ականատես լինելու փոխարեն, երկրպագուները հիասթափություն ապրեցին: Ներկայացնում ենք Ամերիկայի գավաթը խաղարկությունը ձախողած ֆուտբոլիստներին:

Նեյմար

Բրազիլիայի հավաքականի ավագն ու գլխավոր աստղն անցյալ տարի հայրենիքում չմասնակցեց Աշխարհի առաջնության կիսաեզրափակչին ու երրորդ տեղի համար պայքարին և դրանով առիթ տվեց մտածելու` եթե Նեյմարն առողջ լիներ, հավաքականը չէր խայտառակվի: Ամերիկայի գավաթին բրազիլացիները ներկայացան անցյալ տարվա սխալներն ուղղելու տրամադրվածությամբ, իսկ Նեյմարը հույսեր ուներ… Նրանից բացի էլ ո՞վ պետք է գոլեր խփեր: Վստահաբար ո՛չ Տարդելլին, ո՛չ էլ Ֆրեդը:

Ամեն ինչ այնքան էլ վատ չսկսվեց. գոլ և գոլային փոխանցում Պերուի դեմ խաղում: Հետագայում հարձակման գծում արդյունավետ խաղի փոխարեն երկրպագուներն անսպասելի գործողություններ տեսան. Նեյմարը ձախողեց Կոլումբիայի հետ հանդիպումը, որից հետո Կառլոս Բակկայի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով հեռացվեց դաշտից: Անցյալ տարի Նեյմարը դաշտը մի փոքր ավելի ուշ լքեց՝ հուլիսի 5-ին, և էլի Կոլումբիայի դեմ խաղից հետո, երբ Սունիգան ծունկը տեղավորեց նրա ողնաշարի վրա, սակայն այս անգամ ամեն ինչ այլ էր, ու տգեղ պահվածքով աչքի ընկած Նեյմարը որակազրկվեց 4 խաղով: 

Վատ խաղի արդյունքը. Նեյմարի որակազրկումից հետո Դունգան նրա փոխարեն Ֆիրմինոյին դաշտ դուրս բերեց: Վերջինս Վենեսուելայի դեմ խաղում հաղթական գնդակ խփեց, սակայն, արդեն ¼ եզրափակչում Պարագվայը կարողացավ հաղթել Բրազիլիային: Առանց Նեյմարի հավաքականը կրկին թուլացավ, սակայն հիմա արդեն տպավորություն է, որ անգամ Նեյմարի հետ նրանք դժվար թե ավելի լավ խաղային: 

Գոնսալո Խարա

Չիլիացի պաշտպանը չփայլեց «Մայնցի» կազմում և տանն անցկացվող Գավաթի խաղերին ևս միջին մակարդակով հանդես եկավ: Խաղի մեջ վարպետության մակարդակը բարձրացնելու համար նա հաճույքով գնաց դեպի ոչ ստանդարտ որոշումների կայացման. Մունդիալի նախընտրական փուլում նա շոշափեց Իգուայինի հետույքը, ստուգեց` Սուարեսի վարտիքի ներսում ամեն ինչ կարգին է, իսկ այս անգամ մատները տարավ դեպի Էդինսոն Կավանիի հետույքը, ինչից հետո վերջինս սպասելի ռեակցիա ցուցաբերեց:

Խարան երեք խաղով որակազրկվեց, իսկ «Մայնցի» մարզական տնօրեն Կրիստիան Հադելը հայտարարեց` չիլիացին հեռացվելու է ակումբից. «Մենք նման բաները հանդուրժել չենք պատրաստվում: Ինձ բարկացրեց այն, ինչ տեղի ունեցավ միջադեպից հետո (Խարան ձևացրեց, թե հարված է ստացել դեմքին): Ես կեղծարարությունն ամենաշատն եմ ատում»: Չնայած ատելության ալիքին ու Խարային ուղղված քննադատություններին՝ Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկեց պատիժը և որակազրկումը կրճատվեց երկու խաղով:

Վատ խաղի արդյունքը. Չիլիիի հավաքականն առաջնության ամենահետաքրքիր խաղն է ցույց տալիս ու արդարացնում է սպասելիքները, սակայն Խարայի գործողությունները և մրցավարների չարդարացված հավատարմությունն Ամերիկայի գավաթն ընդունողների նկատամամբ բերեց նրան, որ գրեթե ամբողջ աշխարհն իսկապես սկսեց հակառակվել այդ գայթակղիչ հավաքականին:

Էդինսոն Կավանի

Ուրուգվայի բոլոր թոփ-խաղացողները կենտրոնացան պաշտպանությունում. Գոդինը, Խամեսն ու Մուսլերան լավ պաշտպանվեցին: Ֆորլանի բացակայության և Սուարեսի որակազրկման հետևանքով հարձակման գծի ամբողջ պատասխանատվությունն ընկավ Կավանիի ուսերին: Սակայն Ֆրանսիայի չեմպիոն Էդինսոնն ամբողջ առաջնության ընթացքում ո՛չ գոլի հեղինակ դարձավ, ո՛չ գոլային, ո՛չ էլ վտանգավոր փոխանցում կատարեց: Կավանին իրեն կարգի չհրավիրեց նաև Չիլիի դեմ ¼ եզրափակչում, ինչը զգաց Գոնսալո Խարան ու նպաստեց ուրուգվայցու դաշտից հեռացմանը:

Վատ խաղի արդյունքը. Կավանիի հեռացումից 17 րոպե անց Ուրուգվայը գոլ բաց թողեց, չհաղթեց ու խաղն ավարտեց երկու ֆուտբոլիստի դաշտից հեռացմամբ: Կավանին երևի հասկացավ, թե իրենից ինչ է ներկայացնում չիլիացի սադրիչ Խարան, ուշադրություն դարձրեց Լա Ռոխայի նկատմամբ մրցավարների հատուկ վերաբերմունքին, սակայն դրա հետ մեկտեղ ավելի վատացրեց իր հավաքականի դրությունը:

Խամես Ռոդրիգես

Լա Լիգայի 29 խաղերի ընթացքում Խամեսը 26 միավոր վաստակեց գոլ + փոխանցում մեխանիզմով: Մունդիալից ու լավ մրցաշրջանից հետո նրանից բարձրակարգ խաղ էին ակնկալում նաև Ամերիկայի գավաթի ժամանակ, բայց հենց հարազատ մայրացամաքում Ռոդրիգեսը դադար վերցրեց. ո՛չ գոլ, ո՛չ գոլային փոխանցում, 2 դեղին քարտ: Հավաքականում Ռոդրիգեսի ամբողջ վիճակագրությունն ավելի վատն է, քան «Ռեալում». (հստակ փոխանցումներ` 71% -ը 87%-ի դիմաց, սուր փոխանցումներ` 2-ը 2.7-ի դիմաց, գնդակի կորուստ` 3.3-ը 2.2-ի դիմաց):

Վատ խաղի արդյունքը. Կոլումբիայի հավաքականը մրցաշարի ընթացքում միայն մեկ գնդակ խփեց՝ Բրազիլիայի հավաքականին: Նույնքան էլ բաց թողեց և հենց առաջին` Վենեսուելայի հետ խաղում: Վատ ելույթը կրկնվեց նաև ¼ եզրափակչում Արգենտինայի հետ հանդիպման ժամանակ (0:0, 4:5` 11-մետրանոցներով): Եթե Կավանին գրեթե միայնակ էր Ուրուգվայի հարձակման գծում, ապա Խամեսի հետ փորձառու Մարտինեսն էր, Կուադրադոն և Սունիգան, սակայն դա էլ նրան չօգնեց:

Կառլոս Տևես

Կառլիտոսը կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց: Սերխիո Ագուերոն ևս արժանի է նման բնութագրի: Երկու հարձակվողներից Տատա Մարտինոն նախընտրեց Մարադոնայի փեսային և 4 անգամ փոխարինման դուրս բերեց Տևեսին: Ընդհանուր հաշվարկով Տևեսն առաջնության յուրաքանչյուր հանդիպմանը 8-18 րոպե խաղաժամանակ ստացավ: Այդքան կարճ ժամանակահատվածում Կառլիտոսը ոչինչ ցույց չտվեց Ագուերոյին մեկնարկային կազմից դուրս մղելու համար:

Տևեսը կարիերան շարունակելու է «Բոկա Խունիորսում», դրա համար էլ Ամերիկայի գավաթը, հավանաբար, վերջին հնարավորությունն էր աշխարհին երևալու համար, սակայն հանգամանքները նրա դեմ դուրս եկան, ու նա ոչինչ չարեց դրանք ուղղելու համար:

Վատ խաղի արդյունքը. Նա չկար, դրա համար էլ ոչինչ չեղավ:

Ֆիլիպե Կոուտինյո

Բրազիլացին հավաքականում առաջին գոլը խփեց Ամերիկայի գավաթի խաղարկությունից առաջ` Մեքսիկայի դեմ խաղում: Նա այդ խաղում դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և բավականին ակտիվ էր: «Լիվերպուլում» հաջողված մրցաշրջանը (թիմի լավագույն խաղացողը «WhoScored»-ի տվյալներով) և գոլային դեբյուտը լավ անդրադարձան նրա խաղի վրա, բայց գավաթի երեք խաղերում նա ընդամենը դեղին քարտով աչքի ընկավ: Խմբային փուլի առաջին խաղում Ֆիլիպեն ընդհանրապես չխաղաց, Կոլումբիաի դեմ խաղում աչքի ընկավ ոչ ճշգրիտ հարվածով, իսկ Վենեսուելայի դեմ խաղում մեկ ոչ ճշգրիտ հարված կատարեց ու մեկ սուր փոխանցում, Պարագվայի դեմ ¼ եզրափակչում նա երկու հարված կատարեց, որոնցից մեկը 11-մետրանոցից:

Վատ խաղի արդյունքը. Կոուտինյոն չընդգրկվեց Բրզալիայի հարձակողական գործողություններում: Նա ոչ մի ազդեցություն չունեցավ թիմի գործողությունների վրա և գուցե ավելի լավ կաներ վայելել ամառը, քան մեկներ Չիլի:

Եվ վերջում` Գոնսալո Իգուային. առանց մեկնաբանությունների

Վատ խաղի արդյունքը` 

Հետևեք մեզ նաև Telegram-ում