Ովքե՞ր են ավելի շատ գումար ծախսել վերջին մրցաշրջաններում

Ովքե՞ր են ավելի շատ գումար ծախսել վերջին մրցաշրջաններում

«Ուզու՞մ եք լավ թիմ ու տիտղոսներ, ծախսեք շատ գումարներ»: Վերջին տարիներին շատ թիմերի գլխավոր մարզիչներ ակումբների նախագահաներին, հավանաբար, նման արտահայտությամբ են դիմել: Ներկայացնում ենք 10 մարզիչների, ովքեր վերջին 10 տարիներին մյուսներից ավելի շատ գումար են ծախսել:

10. Մասիմիլիանո Ալեգրի

Դեռ 10 տարի էլ չկա, որ 47-ամյա Ալեգրին աշխատում է բարձրակարգ ակումբներում, սակայն վերջիններիս ղեկավարները նրան մոտ 250 միլիոն եվրո են տրամադրել և ակնկալել ուժեղ կազմ տեսնել: 2008-2010թթ. Ալեգրին գլխավորել է «Կալյարին», ապա «Միլանը», իսկ 2014-ի ամռանից Մասիմիլիանոն աշխատում է «Յուվենտուսում»: «Միլանի» համար ամենանշանավոր ձեռքբերումը բրազիլացի Ռոբինյոն էր, ով «Մանչեսթեր Սիթին» լքել է 18 միլիոն եվրոյի դիմաց, իսկ «Յուվենտուսը» նախորդ մրցաշրջանում իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի համար 20 միլիոն է վճարել «Ռեալին»:

9. Բրենդան Ռոջերս

Հյուսիսիռլանդացի Ռոջերսը ևս այդքան էլ վաղուց չէ մարզչական էլիտայում: 2008-ին նա «Չելսիի» ակադեմիայից տեղափոխվել է «Ուոթֆորդ», ապա «Ռեդինգ», մի քանի ամիս գլխավորել է «Սուոնսին», իսկ 2012-ից «Լիվերպուլում» է: Տրանսֆերային շահում նա դեռևս չունի, թեև ակումբները նրա համար ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով 300 միլիոն եվրո են ծախսել: Նրանց թվում առանձնանում են Մարիո Բալոտելլին, ով «Միլանից» է տեղափոխվել «Լիվերպուլ» 20 միլիոնի դիմաց, պաշտպան Դեյան Լովրենը, ով 25 միլիոն է արժեցել, դարպասապահ Սիմոն Մինյոլեն՝ 10, հարձակվող Ֆաբիո Բորինին՝ 13:

8. Լուի վան Գալ

Հոլանդացի հայտնի մարզիչը վերջին 10 տարիներին մարզել է «ԱԶ Ալկմարը», «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը», աշխատել Հոլանդիայի հավաքականում: «ԱԶ»-ը վան Գալի ժամանակ 6 միլիոն եվրոյի դիմաց ձեռք է բերել հարձակվող Գրացիանո Պելլեին, իսկ 5 միլիոնի դիմաց՝ կիսապաշտպան Մուսա Դեմբելին: «Բավարիայում» կարելի է առանձնացնել կենտրոնական հարձակվող Մարիո Գոմեսին՝ 30 մլն եվրո և եզրային Արյեն Ռոբենին՝ 24 միլիոն եվրո: Անգլիայում աշխատելու առաջին տարում Լուին շատ է շռայլել: «Կարմիր սատանաները» մեծ գումարներ ծախսեցին տրանսֆերային շուկայում, օրինակ՝ «Ռեալին» 75 միլիոն եվրո վճարեցին Անխել դի Մարիայի համար:

7. Պեպ Գվարդիոլա

44-ամյա Գվարդիոլայի մարզչական կարիերան դեռ նոր է սկսվել, սակայն արդեն իսկ հարուստ է թանկ տրանսֆերներով: 2008-12թթ. Պեպն աշխատել է «Բարսելոնայում», իսկ 2013-ին ընդունել է «Բավարիայի» առաջարկը: Երկու ակումբներում տրանսֆերների համար ծախսած գումարը 400 միլիոն եվրո է: Բավական է միայն հիշել Զլատան Իբրահիմովիչին՝ 69 եվրո, Դավիդ Վիլյային՝ 40, Սեսկ Ֆաբրեգասին՝ 34, Ալեքսիս Սանչեսին՝ 26: Այդքանը միայն «Բարսելոնայում», իսկ «Բավարիան» կատալոնացու խնդրանքով 25 միլիոն տրամադրեց Տյագո Ալկանտարայի տրանսֆերին, 28 միլիոն էլ Մեհդի Բենատիայի համար վճարեց:

6. Ալեքս Ֆերգյուսոն

400 մլն եվրո էլ «Մանչեսթեր Յունայթեդում» ծախսել են հանճարեղ Ալեքս Ֆերգյուսոնի պահանջները բավարարելու համար: «Հավերժ» մարզիչն ավելի հետևողական էր ծախսում գումարը, որպեսզի գնի այնպիսի նորեկների, ովքեր կկարողանային մրցակցություն ապահովվել Եվրոպայի մյուս թիմերի հետ պայքարում: Ահա ինչ ձեռքբերումներ է ունեցել Ֆերգյուսոնը. Ուեյն Ռունին «Էվերթոնից» մոտ 37 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց, Անդերսոնը «Պորտուից»՝ 31-ի, Ֆիլ Ջոնսը «Բլեքբերնից»՝ 19-ի, Ռոբին վան Պերսին «Արսենալից»՝ 30-ի, Դավիդ դե Խեան «Ատլետիկոյից»՝ 20-ի:

5. Արսեն Վենգեր

Ֆրանսիացի մարզիչը մոտ 20 տարի մարզում է «Արսենալը», իսկ վերջին 10-ամյակում լոնդոնցիների ղեկավարությանը ստիպել է ավելի քան 400 միլիոն եվրո ծախսել տրանսֆերների վրա: Այդուհանդերձ, նրան մեղադրում էին չափազանց տնտեսող լինելու մեջ: Օրինակ՝ Ռոբին վան Պերսին «Ֆեյենորդից» 4.5 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել «Արսենալ»: Սակայն եղել են նաև թանկարժեք տրանսֆերներ: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի համար «Ռեալին» 50 միլիոն եվրո վճարեցին, իսկ Ալեքսիս Սանչեսին «Բարսելոնայից» 42.5-ի դիմաց ձեռք բերեցին:

4. Ռոբերտո Մանչինի

Մարզիչ Մանչինիի կարիերան սկսվել է «Ինտերից», ապա շարունակվել «Մանչեսթեր Սիթիում», «Գալաթասարայում», հետո նորից «Ինտերում»: Ղեկավարները գումար չէին խնայում իտալացու պահանջները բավարարելու համար և ընդհանուր հաշվարկով 450 միլիոն եվրո են ծախսել: Առաջին հերթին խոսքը գնում է Մանչինիի անգլիական կարիերայի մասին: «Մանչեսթեր Սիթին» կազմը հզորացնելու համար պատրաստ էր ծախսել որքան հարկավոր էր. 45 միլիոն եվրո Սերխիո Ագուերոյի համար, 37՝ Էդին Ջեկոյի, 30՝ Յայա Տուրեի, 28՝ Դավիդ Սիլվայի և 22՝ Ջեյմս Միլների համար:

3. Մանուել Պելեգրինի

Չիլիացի մարզիչն Իսպանիայում աշխատել է 2004-05թթ. մրցաշրջանից մինչև 2013-ը, երբ գլխավորեց իր ներկայիս թիմը՝ «Ման. Սիթին»: Նրա հետ աշխատանքի ժամանակ գումար են ծախսել «Վիլյառեալը», «Ռեալը» և «Մալագան»: Պելեգրինիի աշխատանքային շրջանում ընդհանուր առմամբ 600 միլիոն եվրո է ծասխվել: Նշաձողն ամենաբարձր աստիճանին է եղել «Ռեալում» 2009-10թթ. աշխատելու ժամանակ: 2009-ի ամռանը մադրիդցիները «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերեցին Կրիշտիանու Ռոնալդուին՝ 94 միլիոն եվրոյի դիմաց, Կակային «Միլանից» գնեցին 65 միլիոնի դիմաց, Կարիմ Բենզեմային «Լիոնից»՝ 35-ի դիմաց և Խաբի Ալոնսոյին «Լիվերպուլից»՝ 35 միլիոնի դիմաց:

2. Կարլո Անչելոտի

Համաշխարհային ֆուտբոլի ամենահաջողակ մարզիչներից մեկը շատ հաջող տրանսֆերներ է իրականացրել և դա նաև ի շնորհիվ առատաձեռնության: Վերջին 10 մրցաշրջաններում Անչելոտին աշխատել է «Միլանում», «Չելսիում», «ՊՍԺ»-ում և «Ռեալում», բոլոր տրանսֆերների համար ավելի քան 700 միլիոն եվրո է ծախսել: Մասնավորապես «Միլանում» գնել է Ալբերտո Ջիլարդինոյին 25 միլիոն եվրոյի դիմաց, «Չելսիում» Ֆերնանդո Տորրեսի համար 58 միլիոն է ծախսել, Զլատան Իբրահիմովիչի և Տյագո Սիլվայի համար «ՊՍԺ»-ում՝ 63, իսկ «Ռեալում» Գարեթ Բեյլի և Խամես Ռոդրիգեսի համար միասին 174 միլիոն եվրո:

1. Ժոզե Մոուրինյու

Մոուրինյոն վերջին 10 տարիների ամենաթանկ մարզիչն է այս ցուցակում: Ընդհանուր հաշվարկով Մոուրինյուի տրանսֆերային պահանջները բավարարելու համար ակումբները 850 միլիոն եվրո են ծախսել: Անխոս, պորտուգալացու աշխատանքը մեծ գումարներ է պահանջում, սակայն յուրաքանչյուր տիտղոս «Ռեալի», «Չելսիի» և «Ինտերի» ղեկավարության համար շլացուցիչ գումար է արժեցել: Ահա նրանցից մի քանիսը. Դիդյե Դրոգբա՝ 37 միլիոն եվրո, Ռիկարդու Կարվալյու՝ 30, Դիեգո Կոստա՝ 38, Սեսկ Ֆաբրեգաս՝ 33, Դիեգո Միլիտո՝ 25, Սամուել ԷտՕ՛ո՝ 20, Անխել դի Մարիա՝ 33 միլիոն եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում