Դավիթ Սաֆարյան. Կարևորն աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է

Դավիթ Սաֆարյան. Կարևորն աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է

Հունիսի 17-19-ը Երևանում կայանալու է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ միջազգային մրցաշարը: Մինչ մրցաշարի մեկնարկը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի սպորտային համալիրում: Այսօր լրագրողների հետ զրույցում 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն ասաց, որ Բաքվում անցկացված առաջին Եվրոպական խաղերին մասնակցելուց հետո իրեն լավ է զգում:

«Բաքվում երկրորդ գոտեմարտիս ժամանակ 6 միավոր վաստակեցի և դադար տվեցի, հետո ինչ-որ բան չստացվեց, պարտվեցի: Այս անգամ Ծաղկաձորում լավ հավաք ենք անցկացրել, մեզ հետ մարզվել նաև Ղրղզստանի հավաքականի ըմբիշները»,-ասաց Դավիթ Սաֆարյանը:

Դավիթը նշեց, որ Բաքվում գորգ դուրս գալն ավելի բարդ չէր, ինչպես շատերը կարծում էին, քանի որ կարևորը ոչ թե մրցավայրն է, այլ մարզիկի պատրաստվածությունը.

«Չեմ կարող ասել, որ այնտեղ ինձ վատ եմ զգացել: Ինչ վերաբերվում է մրցավարությանը, չէի ասի, թե կար բացահայտ կողմնապահություն: Հնարավոր է` մի փոքր կար, բայց ոչ շատ ընդգծված»:

Դավիթ Սաֆարյանը նաև խոսեց Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնության մասին` ընդգծելով, որ նախապատրաստական փուլը տանում է դեպի այդ նպատակը:

«2013 թվականին Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո վնասվածք ստացա և երկար ժամանակ ապաքինվում էի: Դեռ չեմ հավաքել այն մարզավիճակը, որ ունեի, բայց զգում եմ` մոտենում եմ դրան և ցույց կտամ այն արդյունքը, որը ցանկանում եմ: Համենայն դեպս, ես մարզվում եմ և ամեն ինչ անում դրա համար:

Կարևորն աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է, ամբողջ նախապատրաստությունը դրան է տանում: Մեր գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասում է, որ մեզ չպետք է խնայենք, քանի որ Վեգասում խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր»,-եզրափակեց Դավիթ Սաֆարյանը:

 

Հասմիկ Գրիգորյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում