Արայիկ Բաղդադյան. Ստեփան Սարգսյանի մրցաշարը շատ բան կորոշի

Արայիկ Բաղդադյան. Ստեփան Սարգսյանի մրցաշարը շատ բան կորոշի

Հուլիսի 17-19-ը Երևանում կանցկացվի «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Մինչ մրցաշարի մեկնարկն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Կարող եմ ասել, որ այս մրցաշարի կազմը զիջում է միայն Մեդվեդի անվան մրցաշարի կազմին։ 15 երկրներից Հայաստան են ժամանելու աշխարհի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, Եվրոպայի և Ասիայի չեմպիոններ: Վրաստանի հավաքականը ժամանելու է 25 մարզիկներով: Շատ պատասխանատու մրցաշար է նաև մեր տղաների համար: Մասնակցելու են հավաքականի հիմնական անդամները: Այս մրցաշարը ընտրական է լինելու Լաս Վեգասի աշխարհի առաջնության համար, քանի որ քաշային կարգեր կան, որոնցում մինչ այսօր հայտնի չէ՝ ով է մասնակցելու աշխարհի առաջնությանը: Այդ քաշային կարգերում ունենք Հայաստանի առաջնության հաղթող¸ բայց նաև հաշվի ենք առնում ըմբիշների՝ մրցաշարերին ունեցած մասնակցությունը։ Կարող եմ ասել, որ 99 տոկոսով Լաս Վեգաս կմեկնեն այս մրցաշարում լավ հանդես եկած ըմբիշները,-ասաց Արայիկ Բաղդադյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ավելի բարձր է լինելու․

-Այս տարի մրցաշարի ֆոնդը սահմանել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ընդհանուր 88 հազար ԱՄՆ դոլար։ Սա այս տարիների ընթացքում ամենաբարձր մրցանակային ֆոնդն է։ Առաջին տեղ գրաված մարզիկը կստանա 5000, երկրորդ տեղը գրաված մարզիկը՝ 3000, իսկ երրորդ տեղը գրաված մարզիկը՝ 1000 ԱՄՆ դոլար պարգևավճար։ Հատուկ մրցանակ է սահմանվել նաև Ստեփան Սարգսյանի՝ 65 կգ քաշային կարգում։ Հաղթող մարզիկը նաև կստանա ավտոմեքենա։

Խոսելով տղաների հոգեբանական վիճակից՝  մարզիչն ասաց, որ Բաքվից հետո զրուցել է այնտեղ եղած ըմբիշների հետ և եկել են այն եզրակացության, որ այդ մրցաշարին մասնակցությունը հարկավոր էր։

-Իհարկե, էլի են եղել մրցաշարեր, որտեղ թիմը մեդալ չի նվաճել։ Ճիշտ է՝ ես ներքուստ շատ ծանր եմ տանում այդ փաստը, բայց տղաների հետ զրուցելով զգում եմ, որ նրանց հոգեբանական վիճակը լավ է։ Մեր նպատակը Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելն է։ Այս հավաքին մեզ հետ համատեղ մարզվել է նաև Ղրղզստանի հավաքականը։ Ստեփան Սարգսյանի մրցաշարը շատ բան կորոշի,-ամփոփեց Բաղդադյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում