Գաբրիել Ղազարյանն ընդունել է Վոցլավ Շայներին

Գաբրիել Ղազարյանն ընդունել է Վոցլավ Շայներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է հուլիսի 18-19-ը Երևանում անցկացվող ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) օրացուցային մրցաշար համարվող Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի գլխավոր մրցավար Վոցլավ Շայներին:

Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ Երևանում կայանալիք արդեն ավանդական դարձած մրցաշարն անցնելու է սպորտային հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտում: Նախարարը նաև հետաքրքրվել է, թե Վ. Շայներն ինչ կարծիք ունի հայ ըմբիշների և Երևանի մասին, քանի որ նա առաջին անգամ է գտնվում Հայաստանում:

Վոցլավ Շայները նախ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կարևորում է այս մրցաշարի անցկացումը, այդ իսկ պատճառով այն ներառել է իր օրացուցային պլանում: Պատասխանելով նախարար Ղազարյանի հարցին՝ հյուրն ասել է.

«Ես հիացած եմ Երևանով, այն հին ու պատմություն ունեցող քաղաքի տպավորություն է թողնում, ինչպես իմ հարազատ քաղաքը` Պրահան: Ինչ վերաբերում է հայկական ըմբշամարտին, այն նույնպես լուրջ պատմություն և հարուստ ավանդույթներ ունի»,-Շայների խոսքը մեջբերված է նախարարության պաշտոնական կայքից:

Հանդիպման վերջում նախարարը Վոցլավ Շայներին ասել է, որ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան սերտորեն համագործակցում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ, և իր անունից ավանդական դարձած ու արդեն 20-րդ անգամ անցկացվող առաջնության բոլոր մարզիկներին, մարզիչներին և մրցավարներին մաղթել է հաջողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում