Դավիթ Սաֆարյան. Շատ էի սպասել այս ոսկե մեդալին

Դավիթ Սաֆարյան. Շատ էի սպասել այս ոսկե մեդալին

Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 17-19-ը Երևանում անցկացվում է «Ստեփան Սարգսյանի գավաթ» 20-րդ հոբելյանական միջազգային մրցաշարը: Մրցումային առաջին օրը գորգ դուրս եկած 65 կգ քաշային ըմբիշների թվում էր 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով հասավ եզրափակիչ և 6:3 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մեգնի Մորթուի-ուլի նկատմամբ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթը նշեց, որ այս հաղթանակը շատ կարևոր է, քանի որ 2013 թվականի աշխարհի առաջնությունում չեմպիոնությունից հետո սա իր առաջին ոսկե մեդալն էր.

«Մեծ է ուրախությունը: Շատ մարզասերներին էին հավաքվել դահլիճում և ուրախ եմ, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվեց: 2013 թվականի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակից հետո շատ էի սպասել այս ոսկե մեդալին, քանի որ այլ մրցաշարում հաղթող չէի ճանաչվել»:

Դավիթը նշեց, որ առավել բարդ էին կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերը. «Ղրղզ ըմբիշի հետ կիսաեզրափակիչը բարդ ու լարված ստացվեց, քանի որ մի պահ դադար տվեցի: Եզրափակչի մրցակցիս շատ լավ եմ ճանաչում, ուժեղ ըմբիշ է, Ռուսաստանի առաջնության մրցանակակիր: Ինքս մտածում էի միայն ճիշտ գոտեմարտելու մասին»:

Խոսելով մարզավիճակի և առաջիկա աշխարհի առաջնության մասին` Դավիթ Սաֆարյանն ասաց, որ դեռ ոչինչ չի կարող խոսք տալ.

«Ժամանակ կա պետք է պատրաստվեմ: Փորձում եմ ըմբշամարտելուս ձևի մեջ ինչ-որ բաներ փոխել, շտկել թերությունները: Իսկ ֆիզիկապես ինձ լավ եմ զգում: Մենք երեկ ենք եկել Ծաղկաձորից, որ ծովի մակերևույթից բավականին բարձր է, ես ամբողջ օրը քնատ էի, օդափոխության խնդիր կար, իհարկե հեշտ չէր, բայց հավաքվեցի և ամեն ինչ ստացվեց»,-եզրափակեց ոսկե մեդալակիրը:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում