Արայիկ Բաղդադյան. Տղաները դուրս եկան հոգեբանական վատ վիճակից

Արայիկ Բաղդադյան. Տղաները դուրս եկան հոգեբանական վատ վիճակից

Հուլիսի 17-19 Երևանում անցկացվեց անվանի ըմբիշ, Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ միջազգային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում էին 14 երկրների պատվիրակությունների 160 ըմբիշներ՝ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Սերբիայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Յակուտիայից և Ուզբեկստանից; Մրցումային վերջին օրը գորգ դուրս եկան 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային ըմբիշները, մրցանակակիրները ներկայացված են ստորև:

61 կգ քաշային կարգ

1. Վալոդյա Ֆրանգուլյան, Հայաստան
2. Գևորգ Տերտերյան, Ռուսաստան
3. Գոռ Թորոսյան, Հայաստան
3. Այհան Օնդար, Ռուսասատան

70 կգ քաշային կարգ

1. Եվգենի Ժերբայև, Ռուսաստան
2. Խալիլ Ամինով, Ռուսաստան
3.Տիգրան Մնացականյան, Հայաստան
3. Ռուստամ Ջաֆարյան, Ուկրաինա

86 կգ քաշային կարգ

1. Ալի Ռեզա Քարիմի, Իրան
2. Սոսլան Տիգիև, Ուզբեկստան
3. Մուսա Մուրթազալիև, Հայաստան
3. Վլադիսլավ Վալիև, Ռուսաստան

125 կգ քաշային կարգ

1. Լևան Բերիանիձե, Հայաստան
2. Դավիթ Մոձմանաշվիլի, Վրաստան
3. Վահե Սիմոնյան, Հայաստան
3. Գեորգի Սականտելիձե, Վրաստան

Ամփոփելով մրցաշարը` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասաց, որ Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի անհաջողությունից հետո սա հիանալի առիթ էր ընկճվածությունը հաղթահարելու համար: 

«Տղաների մոտ նկատում եմ առաջընթաց և իրենց ուժերի նկատմամբ հավատ: Նրանք դուրս եկան հոգեբանական վատ վիճակից: Այս մրցաշարում կային քաշային կարգեր, որոնք ավելի ուժեղ էին, քան Բաքվում ելույթ ունեցած կազմը: Մրցակցությունը շատ մեծ էր»,-ասաց Արայիկ Բաղդադյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչն առանձնացրեց 19-ամյա Գոռ Թորոսյանին, ով երիտասարդական հավաքականի անդամ է և իր ուրախությունն արտահայտեց Դավիթ Սաֆարյանի ոսկե մեդալի համար.

«Գոռը ցույց տվեց, որ կարող է լուրջ պայքար մղել մեծահասակների հետ: Նրա ցույց տված արդյունքը չի անտեսվի: Գարիկ Բարսեղյանը պետք է եզրափակիչ դուրս գար, սակայն կիսաեզրափակիչ գոտեմարտը այդքան էլ լավ չստացվեց, իսկ երրորդ տեղի համար պայքարում նա անթերի գոտեմարտեց։ Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթեց, բայց դեռ իր ամբողջ ներուժը չի օգտագործել, աշխարհի առաջնությունից առաջ աշխատելու տեղ ունի: Ուրախացրեց Դավիթ Սաֆարյանը, ով 2013 թվականի աշխարհի առաջնությունից հետո իր առաջին ոսկե մեդալը նվաճեց: Սա հոգեբանական առումով շատ լավ է, նրա մոտ վերկանգնվեց հաղթողի հգեբանությունը»:

Արայիկ Բաղդադյանը նաև տեղեկացրեց, որ աշխարհի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը 3 ուսումնամարզական հավաք կանցկացնի, ընդ որում` նախատեսված են հավաքներ Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների հետ: Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար մեր ընտրանին ԱՄՆ է մեկնելու օգոստոսի 30-ին:

Հասմիկ Գրիգորյան

 
Հետևեք մեզ նաև Telegram-ում