Աշոտ Բարսեղյան. Հավաքը բոլոր առումներով ծառայեց իր նպատակին

Աշոտ Բարսեղյան. Հավաքը բոլոր առումներով ծառայեց իր նպատակին

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Բուլղարիայում անցկացրած ուսումնամարզական հավաքից հետո նախապատրաստական շրջանի, ֆունկցիոնալ վիճակի, թիմը համալրած նորեկների մասին:

-Ի՞նչ կասեք Բուլղարիայում անցկացված ուսումնամարզական հավաքի մասին:

-Առաջնահերթ կասեմ, որ Բուլղարիայում կայացած ուսումնամարզական հավաքը բոլոր առումներով ծառայեց իր նպատակին, մեզ առաջադրված պայմանները իդեալական էին, գտնվում էինք ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա, հով էր, սնունդը գերազանց էր, դաշտերն էլ իդեալական վիճակում էին: Բուլղարացիները հյուրընկալ ժողովուրդ են, մեզ շատ լավ դիմավորեցին: Իսկ ինչ վերաբերվում է թիմին, ապա ասեմ, որ նորմալ մարզումներ ենք անցկացրել նախապատրաստել էինք ստուգողական 4 հանդիպում, որից 3-ը խաղացինք, իսկ վերջինը ոչ, քանի որ հունական «Շկոդա-Քսանտի» թիմը հրաժարվեց: Հուլիսի 11-ին առաջին հանդիպումը անցկացրինք «Պիրին» ակումբի հետ, որի գլխավոր մարզիչը հայ է, ժամանակին աշխատել է նաև «Բանանցում»: Մրցակիցը բավականին ուժեղ կոլեկտիվի տպավորություն թողեց, կասեմ որ այդ թիմի երիտասարդները նույնպես շատ լավն էին, այդ թիմը առաջին լիգայից նոր է տեղափոխվել բարձրագույն խումբ: Մենք Բուլղարիայում ենք, երբ նրանք առաջին խաղում ոչ-ոքի խաղացին Բուրգասի «Չեռնոմորեցի» հետ, չնայած որ մինչև հանդիպման վերջնամասը հաղթում էին: Ամեն դեպքում, մեզ շատ ուժեղ մրցակից էր սպասվում: Մեր առաջին խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Առաջին խաղին չմասնակցեցին մեր լեգեոներները: Երկկողմանի գրոհներով խաղ էր ընթանում, չնայած մեր դարպասի ուղղությամբ ընթացքում ոչ մի հարված այդպես էլ չկատարվեց, մենք նույնպես չկարողացանք շատ դրվագներ ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում: Խաղի ընթացքում շատ էր պայքարը, գլխավոր իրադարձությունները ծավալվում էին դաշտի կենտրոնում, սրություն չկար, չնայած երկու թիմերն էլ փորձում էին սրել խաղը: Երկրորդ խաղը անցկացրինք հուլիսի 14-ին Բուլղարիայի առաջին լիգայի «Կրուպնիկ» թիմի դեմ, որը իր կարգով զիջում էր «Պիրինին», բայց երկրորդ խաղի ժամանակ մենք խնդիրներ ունեինք, քանի որ բացակայում էին մեր թիմի առանցքային ֆուտբոլիստներից շատերը, դարպասապահ Արսեն Պետրոսյանը, թիմի ավագ Ալեքսանդր Պետրոսյանը և այլք: Շատ էին բացակաները: Այդ խաղի ընթացքում մենք շատ փորձարկումներ արեցինք, որի նպատակը մեկն էր, խաղային դիրքերում որքան հնարավոր է շատ ֆուտբոլիստների դիտարկել: Մենք հաղթում էինք այս խաղում, բայց դարձյալ վերջում հակառակորդը հավասարեցրեց հաշիվը: Երրորդ խաղն անցկացրինք հուլիսի 17-ին մրցակիցը Հունաստանի բարձրագույն խմբի առաջնության «Պլատանիաս» թիմն էր, որը բավականի լուրջ մրցակից էր, այդ խաղին նրանք ներկայացել էին մոտ 40 ֆուտբոլիստով: Առաջին խաղակեսում նրանք թերագնահատելով էին մեր դեմ գործում, սակայն շատ լավ խաղ ստացվեց: Նախ սկզբում մենք գոլ խփելու մի քանի հնարավորություն ունեինք, բայց արի ու տես, որ անկյունայինի խաղարկումից գոլ ենք ընդունում, որից հետո էլ մեր պաշտպանն է սխալ փոխանցում կատարում, խփվում է մրցակցի երկրորդ գոլը, որից հետո կարողանում ենք գոլ խփել, բայց ևս մեկ գոլ բաց թողնելով գնում ենք ընդմիջման 3:1 հաշվով պարտվելով, չնայած որ առաջին խաղակեսում գոլային շատ պահեր ունեինք և վերահսկում էինք գնդակը: Այդ խաղի առաջին խաղակեսից նկատելի էր, որ մենք դեռ շատ բան ունենք ցույց տալու, այսինքն խաղի հաշիվը չէր արտացոլում դաշտում տեղի ունեցածը: Իսկ երկրորդ խաղակեսում պատկերը լրիվ այլ էր: Դեռ նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ մրցակցի դարպասից մոտ 35-ից 40 մետր հեռավորության վրա տուգանային հարված նշանակվեց, Սամվել Պետրոսյանը կարգադրեց, որ այն իրացնի Տիգրան Բարսեղյանը և ոչ թե փոխանցում կատարի, այլ հարվածի ուղիղ դարպասին: Ճիշտն ասած ես թերագնահատորեն վերաբերվեցին տվյալ կարգադրությանը, բայց Տիգրան Բարսեղյանը այնպես հարվածեց, որ դարպասապահը անգամ տեղից չշարժվեց՝ գոլ: Հաշիվը դարձավ 3:2: Մոռացա ասեմ, որ առաջին խաղակեսից հետո հյուրերի մարզիչը մի քանի փոփոխություն էր կատարել, բայց երբ Տիգրան Բարսեղյանը անցումով փոխանցում կատարեց դեպի Լուբամբու Մուսոնդան, ով էլ դարձավ գոլի հեղինակ, առաջին կեսում փոխարինվածները նորից մտան խաղադաշտ: Իսկ հետո գոլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը, դրանից հետո ամբողջ խաղը վերահսկում էինք, շատ լավ ֆուտբոլ խաղացինք, մարզչական ամբողջ շտաբի դուրը շատ էր եկել այդ խաղը: Այդ հանդիոպումը կարևոր էր նրանով, որ առաջինը՝ 1:3 հաշվով պարտվելիս թիմը կամային որակներ դրսևորեց, ու լավ ֆուտբոլ խաղաց, ոչ թե պատահական: 4-րդ հանդիպումը, որը նախատեսել էինք անցկացնել հունական «Շկոդա-Քսանտի» թիմի դեմ չկայացավ, չնայած, որ հենց իրենք էին եկել ու խնդրել, որ մենք իրենց դեմ խաղանք, անգամ պետք է մոտ 70 կիլոմետր գնայինք, որպեսզի նրանց դեմ մրցեինք: Չնայած նրանց՝ խաղից հրաժարվելու պատճառը մենք շատ լավ ենք հասկանում: Երևի նրանց ավելի ցածրակարգ թիմ էր անհրաժեշտ, հետո տեսան, որ մենք պայքարող թիմ ենք ու հրաժարվեցին: Մենք էլ խաղի օրը ապարդյուն չանցկացրինք, երկկողմանի հանդիպում կազմակերպեցինք: Ընդհանուր առմամբ հավաքը ծառայեց իր նպատակին, ոչ մի խոչընդոտի չբախվեցինք, մենք շատ լավ մարզվեցինք, շատ լավ պատրաստվեցինք: Այսօր հանգիստ էր տրված թիմին, վաղվանից սկսում ենք մեր մարզումները, որպեսզի նախապատրաստվենք օգոստոսի 2-ին Գյումրիում կայանալիք <<Շիրակի>> հետ առաջնության անդրանիկ տուրի խաղին:

-Նորեկների մասին ի՞նչ կասեք, ի՞նչ տպավորություն են թողնում:

-Նորեկներից բավականին լավ տպավորություն ունեմ: Թիմ է ընդգրկվել Ացամազ Բուրաևը, ով չնայած Բուլղարիայում կայացած և ոչ մի հանդիպման չմասնակցեց, քանի որ վնասվածք ուներ և վերականգնվում էր: Լուբամբու Մուսանդային մենք ճանաչում էինք դեռևս «Ուլիսից», ով շատ լավ տպավորություն է թողել: Նորեկների պարագայում խնդիրը մեկն է. այո, նրանք փորձառու տղաներ են, բայց ֆունկցիոնալ առումով դեռ պատրաստ չեն: Մյուսները երկար ժամանակ է ինչ մարզվում են և լավ մարզավիճակում են գտնվում, բայց նորեկները դեռ ոչ: Այդիսկ պատճառով Ացամազ Բուրաևը հենց առաջին մարզումից հետո վնասեց ազդրի ետին մկանը ու մինչ օրս բուժվում է, նա կարող էր խաղեր անցկացնել, բայց մարզչական շտաբով որոշեցինք, որ ավելի լավ կլինի, եթե նրան հանգիստ տանք, որպեսզի ամբողջությամբ վերականգնվի վնասվածքից: Չնայած մենք տեսնում ենք, որ նա շատ որակյալ ֆուտբոլիստ է: Կհրաժարվենք թիմում փորձաշրջան անցնող մյուս սևամորթ հարձակվողից, ով խաղերի ու մարզումների ընթացքում այդքան էլ չտպավորեց, զգացվում էր, որ բացարձակապես պատրաստ չէ, իսկ մենք այդքան ժամանակ չունենք նրան պատրաստելու համար: Ընդհանուր առմամբ լեգիեոներները գոհացրին, բայց չպետք է մոռանանք նաև տեղացի ֆուբոլիստներին, ովքեր բավականին լավացրել են իրենց մարզավիճակը: Տիգրան Բարսեղյանը իսկապես մեծ ուժ է, ես դա չեմ ասում այն պատճառով, որ նա իմ որդին է, հարցրեք մյուսներին… Իսկ ինչ վերաբերվում է Տյանին՝ Արմեն Պետրոսյանին, ապա ասեմ, որ նա նույնպես շատ օգտակար ֆուտբոլիստ է մեզ համար, նա ֆուտբոլ խաղում է իր հոգով, օժտված է կազմակերպչական ջիղով, հուսով ենք, որ եկող մրցաշրջանում նա օգտաբեր կլինի մեզ համար:

– Տիգրան Բարսեղյանի որպես Սմբուլի փոխարինո՞ղ եք դիտարկում:

-Ոչ, Բարսեղյանը մեր թիմում խաղում է ենթահարձակվողի դիրքում: Սամվել Պետրոսյանը այդպես որոշեց, մենք էլ համոզվեցինք, որ նա հենց այդ դիրքում կարող է մեզ շատ օգուտ տալ: Տիգրան Բարսեղյանի մասին հարցրեք Սամվել Պետրոսյանից (ծիծաղում է):

-Արսեն Պետրոսյան, թե՞ Գրիգոր Մելիքսեթյան:

-Չգիտեմ` դուք տեսել եք Արսեն Պետրոսյանի վերջին խաղերն ու մարզումները, բայց այսօրվա դրությամբ Արսեն Պետրոսյանը կարծում եմ, որ շատ մեծ պոտենցիալ ունեցող դարպասապահ է, ով իրեն շատ լավ է զգում, ես չեմ թերագնահատում Գրիգոր Մելիքսեթյանին, նա լավ դարպասապահ է, հենց դրա համար ենք նրան մեր թիմում ընդգրկել, բայց իմ կարծիքով Արսեն Պետրոսյանն այսօր շատ բարձր կարգի դարպասապահ է և ես հույս ունեմ, որ ապագայում նա պետք է ապացուցի դա, քանի որ նա բոլոր տվյալները ունի: Ես դա չեմ ասում ուրիշներին հաճոյանալու համար, պարզապես ես տեսնում եմ, որ Արսեն Պետրոսյանը ազգային հավաքականի առաջին դարպասապահը դառնալու ներուժ ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում