Աշոտ Բարսեղյան. Թիմը պատրաստ է բոլոր առումներով

Աշոտ Բարսեղյան. Թիմը պատրաստ է բոլոր առումներով

Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության մեկնարկային տուրի՝ «Շիրակի» հետ խաղից առաջ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Աշոտ Բարսեղյանն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ներկայացրել է իր դիտարկումներն ու սպասելիքները:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք «Շիրակի» հետ խաղից:

-Առաջին խաղից և առհասարակ բոլոր խաղերից էլ մենք հաղթանակ ենք ակնկալում, չնայած շատ լավ գիտենք, որ «Շիրակը» շատ ուժեղ թիմ է, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Գյումրին լքենք միավորով: Գիտակցում ենք, որ մեզ համար շատ դժվար է լինելու, բայց տղաները և մարզչական շտաբն ամեն ինչ անում են, որպեսզի հասնենք մեր նպատակներին:

-Թիմի բոլոր նորեկներին մենք «Շիրակի» հետ խաղին կտեսնե՞նք:

-Բոլոր լեգեոներներին չեք տեսնի, որովհետև առայժմ որոշ հարցեր կան տրանսֆերների հետ կապված, բուլղարացի Անդրեյ Ստոևը վերջերս վնասվածք է ստացել ու ստիպված բաց կթողնի առաջիկա խաղը, իսկ մյուսներին հնարավոր է, որ տեսնեք:

-Թիմը ֆունկցիոնալ առումով արդեն պատրա՞ստ է առաջնության մեկնարկին:

-Թիմը պատրաստ է բոլոր առումներով, թե՛ ֆունկցիոնալ, թե՛ տեխնիկական, թե՛ տակտիկական և թե՛ հոգեբանական տեսանկյուններից, բայց առաջ Աստված…

-Առաջնության առաջին տուրի հանդիպումն է. լարվածություն կամ ճնշում զգո՞ւմ եք:

-Առաջնության առաջին տուրի հանդիպումն է և բնական է տղաներից բոլորի մոտ էլ լարվածություն կլինի՝ չնայած կարծում եմ, որ լարվածությունը չի խանգարի տղաներին լավ ելույթ ունենալու համար:

-Հետաքրքրական է, որ կապանյան թիմը Գյումրիում վերջին անգամ հաղթել է 2013 թվականին և դարձյալ առաջնության անդրանիկ տուրի խաղում, դուք հավատո՞ւմ եք վիճակագրությանը:

-Ես ռեալ եմ նայում ու հավատում եմ ոչ թե վիճակագրությանը, այլ թիմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում