Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ «Սպարտակը» հաղթեց «Ռուբինին» (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ «Սպարտակը» հաղթեց «Ռուբինին» (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի վերջին խաղը կայացավ Մոսկվայում. «Սպարտակը» հյուրընկալել էր «Ռուբինին»:

Առաջին խաղակեսում հարձակման գծում ավելի ակտիվ էին «Սպարտակի» ֆուտբոլիստներ, սակայն գրոհների եզրափակիչ փուլում վարպետությունը չէր բավարարում: Խաղակեսի վերջնամասում «Ռուբինը» հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություններ ունեցավ, բայց Արտյոմ Ռեբրովին հաջողվեց Օզդոևի և Կարադենիզի վտանգավոր հարվածներից հետո անառիկ պահել սեփական դարպասը: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում արձանագրվեց մեկ գոլ. 60-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց «Սպարտակին»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը մոսկովյան թիմի մեկնարկային կազմում էր և խփած գոլից 6 րոպե հետո խաղադաշտում տեղը զիջեց Վլադիմիր Գրանատին: Մեր ընտրանու կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպարտակի» հայտացուցակում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:

Հավելենք, որ այս խաղից հետո «Սպարտակն» ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Ռուբինին» դեռ չի հաջողվել միավոր վաստակել:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր

«Սպարտակ»-«Ռուբին»՝ 1:0
Գոլը՝ Մովսիսյան 60՛
Հեռացում՝ Կուզմին 86՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում