Աշոտ Բարսեղյան. «Ալաշկերտին» լուրջ մրցակից ենք համարում

Աշոտ Բարսեղյան. «Ալաշկերտին» լուրջ մրցակից ենք համարում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուր՝ «Ալաշկերտ»- «Գանձասար-Կապան» խաղից առաջ կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին:

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք «Ալաշկերտի» հետ խաղից:

-Մենք միշտ էլ դրական արդյունք ենք ակնկալում, հենց դա է մեր նպատակը, հանուն որի էլ դուրս ենք գալիս խաղադաշտ:

– Առաջին տուրում կրած պարտությունից հետո թիմում հոգեբանական խնդիր կա՞:

-Թիմում հոգեբանական խնդիր բացարձակապես չկա, թիմը միշտ էլ լավ վիճակում է գտնվել ու ամեն ինչ նորմալ է: Մենք հոգեբանական ոչ մի խնդիր չունենք:

-Մրցակցի մասին ի՞նչ կասեք: Շատերն «Ալաշկերտին» այս առաջնության գլխավոր ֆավորիտ են համարում:

-Հակառակորդը իսկապես բավականին լավ կազմավորված թիմ է, մեզ համար շատ լուրջ մրցակից է: Այնպես որ, մենք էլ բոլորի նման «Ալաշկերտին» լուրջ մրցակից ենք համարում:

-Առաջին խաղում լեգեոներներից Վբեյմարին ու Անդրեյ Ստոևին չտեսանք, նրանց կտեսնենք «Ալաշկերտի» հետ խաղում:

-Բուլղարացի Ստոևին խաղադաշտում չենք տեսնի, քանի որ մարզման ժամանակ վնասվածք է ստացել ու ոտքի հետ կապված խնդիր ունի, անգամ հնարավոր է վիրահատվի, իսկ ինչ վերաբերվում է Վբեյմարին, ապա ասեմ, որ նրա հետ կապված տրանսֆերային խնդիր կա, որը շատ կարճ ժամանակահատվածում պետք է լուծվի:

-Ի՞նչ տրամադրությամբ եք մոտենում առաջիկա խաղին:

-Մեր տղաները ամեն խաղին ներկայանում են բարձր տրամադրությամբ ու բարձր ցանկությամբ, ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզչական շտաբն ու ակումբի ղեկավարությունը, շատ լավ տրամադրությամբ են մոտենում առաջիկա խաղին: Մենք լավ աշխատանք ենք կատարում, այդ իսկ պատճառով էլ լավ արդյունք ենք ակնկալում: Մենք ամեն խաղին մոտենում ենք ծայրահեղ լրջությամբ ու վճռականությամբ: Այնպես, որ բոլորս տրամադրված ենք, որ խաղը լավ ելք ունենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում