Էդգար Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Էդգար Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկած մեր վեց ըմբիշներից միայն 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանին հաջողվեց մեդալ նվաճել: Էդգարը նախ հաղթեց մեքսիկացի Բրայան Կոստելյանոսին, ապա 10:4 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի պատվիրակ Դավիդ Ֆեյզիևի նկատմամբ: Կիսաեզրափակչում մեր ըմբիշը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմանովին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում համոզիչ առավելությամբ՝ 12:3 հաշվով, հաղթեց հնդիկ Մեհար Սինգին: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Զվիադի Պատարիձեն:

Երեկ սպասելիքները մեծ էին նաև 55 կգ քաշային Սլավիկ Գալստյանից և 66 կգ քաշային Կարեն Ասլանյանից: Սլավիկը որակավորման փուլում հաղթեց խորվաթ ըմբիշի, ապա պարտության մատնեց ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչներին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ադրբեջանի, իսկ երրորդ տեղի համար պայքարում Ուզբեկստանի պատվիրակներին ու մնաց առանց մեդալի: Ադրբեջանական արգելքը չհաղթահարեց նաև երիտասարդների 2013 թվականի աշխարհի չեմպիոն, նախորդ տարվա արծաթե մեդալակիր Կարեն Ասլանյանը: Կարենը որակավորման փուլում շատ վստահ հաղթեց հնդիկ Աշոկ Կումարին, իսկ 1/8 փուլում պարտության մատնեց ամերիկացի Հայդեն Թումային, բայց քանի որ նրան քառորդ եզրափակչում հաղթած ադրբեջանցի Ռուհիմ Միրայլովը կիսաեզրափակչում զիջեց վրացի Ռամազ Զոիդզեին, մեր ըմբիշը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Այսպիսով, հունահռոմեական երիտասարդ ըմբիշները Բրազիլիայից տուն են վերադառնում մեկ բրոնզե մեդալով: Վաղը պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում