Մուսոնդա. Հույս ունեմ՝ կկարողանանք շատ հաղթանակներ տոնել

Մուսոնդա. Հույս ունեմ՝ կկարողանանք շատ հաղթանակներ տոնել

«Գանձասար Կապանի» շարքերն է համալրել երիտասարդ  Լուբամբու Մուսոնդան, ով հայ ֆուտբոլասերնրին ծանոթ է դեռևս Երևանի «Ուլիսում» հանդես գալու շրջանից: Մուսոնդան տիպիկ եզրային ֆուտբոլիստ է, կարողանում է օգնել և՛ պաշտպանությանը և՛ հարփակմանը: Մուսոնդան նաև Զամբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, վերջերս մասնակցել է նաև Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը: «Գանձասար Կապանի» նորեկը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին:

«Նախորդ ամիս ես եկա Հայաստան, ֆուտբոլային գործակալս կապ հաստատեց ինձ հետ և հայտնեց, որ կապանյան թիմը հետաքրքրվում է իմ ծառայություններով, ես էլ դրական պատասխան տվեցի, հայկական թիմերից «Ուլիսը» նույնպես հետաքրքրված էր իմ ծառայություններով, բայց որոշ քննարկումների արդյունքում վճռվեց, որ ես պետք է հանդես գամ հենց կապանյան թիմում»,-ասում է Մուսոնդան:

Զամբիացի ֆուտբոլիստը նշում է, որ դեռևս այն ժամանակվանից, երբ հանդես էր գալիս «Ուլիսում», գիտեր՝ կապանյան ակումբը բավականին «ամուր ընկույզ» է, որի հետ հեշտ չէ խաղալը.

«Ես Կապանում խաղացել եմ և նախքան այստեղ գալը գիտեի, որ «արջերը» ամուր թիմ ունեն, լավ ֆուտբոլիստներով համալրված: Երբ առաջին անգամ մտա «Գանձասար-Կապանի» հանդերձարան, ուրախություն զգացի, քանի որ ինձ բավականին ջերմ ընդունեցին և երբ առաջին անգամ պատրաստվում էի հանդես գալ «արջերի» կազմում տղաներից բոլորն էլ ինձ քաջալերում էին: Թիմի մթնոլորտը բավականին լավն է, մտածելակերպը՝ նույնպես: Այս թիմում բոլորն էլ ուզում են հաղթել, այդիսկ պատճառով միշտ նվիրվում են գործին 100 տոկոսով, հուսով եմ այդ նվիրումի ու կատարած աշխատանքի շնորհիվ էլ կկարողանանք շատ հաղթանակներ տոնել»:

Մուսոնդան ասում է, որ իր համար բավականին դժվար է ներկայիս և նախորդ թիմերի միջև զուգահեռներ անցկացնելը.

«Ինձ համար դժվար է ներկայիս թիմը իմ նախորդ թիմի՝ «Ուլիսի» հետ համեմատելը, բայց կասեմ, որ երկուսն էլ լավ թիմեր են, ուստի չեմ կարող ասել, թե որն է ավելի լավը, երկուսում էլ լավ ֆուտբոլիստները շատ են, չնայած «Ուլիսի» կազմը գրեթե ամբողջությամբ փոփոխվել է, հնաբնակներից միայն Արմեն Տիգրանյանն է մնացել»:

Հետաքրքիր է, որ կապանյան թիմի կազմում Մուսոնդան ընտրել է 89 համարի մարզաշապիկը, այդ կապակցությամբ նա ասել է հետևյալը.

«89 համարը ընտրել եմ զուտ այն պատճառով, որ սիրում եմ այդ թիվը ու ինձ համար հաճելի է հենց այդ համազգեստով հանդես գալը, որպես այդպիսին այլ պատճառ չկա:

Ուզում եմ, որ կապանյան թիմի երկրպագուները շարունակեն երկրպագել մեզ և մեզանից երբեք չհիասթափվեն: Նրանց աջակցությունը մեզ համար անչափ կարևոր է, քանի որ մենք ֆուտբոլ խաղում ենք առաջին հերթին հենց երկրպագուներին հաճույք պարգևելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում