Աբրահամ Խաշմանյան. «Ուլիսը» դիմադրեց այնքան, որքան կարողացավ

Աբրահամ Խաշմանյան. «Ուլիսը» դիմադրեց այնքան, որքան կարողացավ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի՝ «Ալաշկերտ»-«Ուլիս» (4:0) խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը և Սուրեն Չախալյանը հանդիպման վերաբերյալ իրենց մեկնաբանությունները տվեցին:

«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հակիրճ մեկնաբանություն տվեց. 

«Մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք: Առաջին կեսում գոհ եմ թիմի աշխատանքից, կարողացանք գոլային պահեր ստեղծել, պաշտպանությունում ավելի ապահով էինք խաղում: Ինչ վերաբերում է երկրորդ կեսին և գոլերին, ապա կարող եմ ասել, որ դրանք մեր սխալների արդյունքն էին: Երրորդ և չորրորդ գոլերի պատճառը մեր ընդհանուր խաղային կարգապահության անկումն էր: Մտածում էինք կորցրածը հետ բերելու մասին, դրա համար էլ գոլեր բաց թողեցինք հակագրոհներից»:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ասաց, որ այն, ինչ տեսանք դաշտում, բավական է, ավելացնելու ոչինչ չկա.

«Երկրորդ կեսում այն խաղն էր, որին ձգտում ենք, դա մեծ ֆուտբոլ է: Մենք պետք ձգտենք միշտ այդպիսի ֆուտբոլ խաղալ: «Ուլիսը» դիմադրեց այնքան, որքան կարողացավ: Մենք առաջին խաղակեսում էլ ունեինք գոլ խփելու լավ հնարավորություն, «Ուլիսն» էլ ուներ մեկ այդպիսի պահ: Մենք ո՛չ «Ռեալ Մարդիդն» ենք, ո՛չ էլ այլ գրանդ ակումբ. բոլոր թիմերի հետ խաղերը ծանր են ստացվում, բոլոր թիմերը պայքարում են հավասարապես, ուժերի չափով»:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչն ընդգծեց թիմի՝ ճիշտ ժամանակին գրոհելու և պաշտպանվելու կարողությունը.

«Ես բազմիցս խոսել եմ դրա մասին. ֆուտբոլում թիմը պետք է ճիշտ ժամանակին պաշտպանվի և ճիշտ ժամանակին գրոհի: Պետք գտնել բալանս, որը բերում է արդյունքի»:

Վերջում Աբրահամ Խաշմանյանն անդրադարձավ թիմի նորեկ Արտակ Եդիգարյանի մարզավիճակին.

«Եթե Արտակը լիներ լավ մարզավիճակում, կլիներ մեկնարկային կազմում: Մեզ մոտ մարզումները ծանրաբեռնված են և նրան ժամանակ է պետք: Նա շատ լավ ֆուտբլիստ է, ունի լավ որակներ: Հույս ունեմ՝ Արտակն «Ալաշկերտին» մեծ օգուտ կբերի»:

                                                     Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում