«Սպարտակ»-«Անժի»` 1:2, Մովսիսյանը և Մկրտչյանը մասնակցեցին խաղին (տեսանյութ)

«Սպարտակ»-«Անժի»` 1:2, Մովսիսյանը և Մկրտչյանը մասնակցեցին խաղին (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր Մախաչկալայի «Անժիին»:

Առաջին խաղակեսում ավելի շատ հնարավորություններ ունեցան դաշտի տերերը, Պրոմեսը և Յուրա Մովսիսյանը կարող էին բացել հաշիվը: «Անժին» էլ երբեմն պատասխանում էր հակագրոհներով, հյուրերին հաջողվեց գոլ խփել 27-րդ րոպեին. աչքի ընկավ Լորենցո Էբեսիլիոն:

52-րդ րոպեին «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Կիրիլ Կոմբարովի նկատմամբ, և խաղի գլխավոր մրցավար Միխայիլ Վիլկովը հյուրերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Դմիտրի Կոմբարովը: 1:1 հաշիվը պահպանվեց մինչև 86-րդ րոպեն, երբ հյուրերին հաղթանակ պարգևեց Ալեքսանդր Ժիրովի գոլը:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և Կառլեն Մկրտչյանն իրենց թիմերի մեկնարկային կազմերում էին: Յուրան 72-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ջանո Անանիձեին, իսկ Կառլենը մասնակցեց ամբողջ խաղին: Կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մոսկովյան թիմի հայտացուցակում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:

Այս հանդիպումից հետո «Անժին» ունի 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ «Սպարտակը» մնաց 13 միավորով` 4-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Սպարտակ» – «Անժի»` 1:2
Գոլերը` Դ. Կոմբարով 53՛ / 11-մետրանոց – Էբեսիլիո 27՛, Ժիրով 86՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում