Աշոտ Բարսեղյան. Ոչ-ոքի արդյունքն արդարացի է

Աշոտ Բարսեղյան. Ոչ-ոքի արդյունքն արդարացի է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի` «Գանձասար Կապան»-«Փյունիկ» (1:1) խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու թիմերին լավ խաղի համար: Առաջին խաղակեսում առավելություն ունեինք, բայց մեր պահերը չօգտագործեցինք: Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ առավելություն ունեինք, անգամ պահ եղավ, երբ 3 ֆուտբոլիստով մնացինք 2 պաշտպանների դեմ, բայց ճիշտ որոշում չկայացրինք և արդյունքում գոլ չհեղինակեցինք: Դրանից հետո, կարծես, մեր թիկունքում կորցրինք կառավարումը, վերահսկողությունը թուլացավ:

«Փյունիկն» էլ ունեցավ մի շարք հնարավորություններ, Վարդգես Սաթումյանը վրիպեց շատ նպաստավոր դիրքից: Մեկը մյուսի հետևից պահեր ունեցանք, բայց թուլացրինք զգոնությունը և գոլ բաց թողեցինք: Բնական է` դրանից հետո ուզում էինք ամեն կերպ փրկել խաղը, ու կարծում եմ, որ մեզ մոտ դա ստացվեց:

Կարծում եմ` այս արդյունքը արդարացի էր, քանի որ երկու թիմերն էլ լուրջ պայքար էին մղում, երկու թիմերին էլ շնորհավորում եմ: Տեսանք գրոհող թիմերի, այնպես որ` կարող էինք և՛ հաղթել, և՛ պարտվել»,-Աշոտ Բարսեղյանի խոսքը մեջբերել է «Գանձասար Կապանի» մամուլի ծառայությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում