Սուրեն Չախալյան. «Ուլիսի» խնդիրը հոգեբանական է

Սուրեն Չախալյան. «Ուլիսի» խնդիրը հոգեբանական է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի` «Ուլիս»-«Միկա» (0:2) խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչներն իրենց մեկնաբանությունները տվեցին: Եթե «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալանը նշեց, որ չնայած պարտությանը` գոհ է թիմի խաղից, ապա «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանին միայն արդյունքն էր գոհացնում:

«Նախ ուզում եմ շնորհավորել «Միկային»: Չնայած թիմը պարտվեց, ես գոհ եմ խաղից: Այնպես ստացվեց, որ այս խաղին թիմն առաջին անգամ լիարժեք կազմով հանդես եկավ, խաղն ինձ գոհացրեց, կարողացանք գոլային պահեր ստեղծել, բայց ֆուտբոլի օրենքն է` չես խփում դու, խփում են քեզ»: Կարծում եմ` այս պահին մեր խնդիրը զուտ հոգեբանական է»,-ասաց Սուրեն Չախալյանը:

Սուրեն Չախալյանը նաև խոսեց «Ուլիսում» առաջին խաղն անցկացրած Դանիել Օզբիլիսի մասին. «Նրան առաջին անգամ փորձարկեցինք: Աշխատելու շատ տեղ ունի, որպեսզի կարողանա հետագայում հիմնական կազմում տեղ գտնել»:

Արմեն Ադամյանն իր սաների խաղի մասին գոհունակությամբ չխոսեց. «Շատ կարճ` արդյունքից գոհ եմ, խաղից՝ ոչ: Թիմը թիմի նման չէր, թե ինչու կպարզենք: Եթե հաղթում ես, բայց խաղ չկա, դա դեռ ոչինչ է: Մինչև թիմի խաղը չկայունանա, ոչինչ չի լինի»:

Նշենք նաև, «Ուլիս»-«Միկա» խաղին և կրտսեր եղբոր նորամուտին խաղադաշտից հետևում էր Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

                                                                           Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում