Լևոն Ջուլֆալակյան. Չեմ ուզում կանխատեսումներ անել

Լևոն Ջուլֆալակյան. Չեմ ուզում կանխատեսումներ անել

Սեպտեմբերի 7-ից 13-ը Լաս Վեգասում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը: Առաջինը գորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս օրերին վերջին մարզումներն է անցկացնում, իսկ Լաս Վեգաս կմեկնի սեպտեմբերի 4-ին:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ասաց, որ գոհ է անցկացրած հավաքներից ու ըմբիշների ընդհանուր պատրաստվածությունից:

«Այն մրցաշարերին, որին մասնակցել ենք, ըմբիշները լավ արդյուքներ են գրանցել: Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը` 6 քաշային կարգերում առաջին 6 ըմբիշները ձեռք կբերեն Ռիո-2016-ի ուղեգրեր: Չեմ ուզում կանխատեսումներ անել, ամեն ինչ գորգը ցույց կտա»,-ասաց հավաքականի մարզիչը:

Հավելենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են երիտասարդների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած Էդգար Խաչատրյանը, ով կշռում է 108 կիլոգրամ, բայց հանդես է գալու մինչև 130 կգ քաշային կարգում, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում