Հաղթական ակնկալիքներով` դեպի ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Հաղթական ակնկալիքներով` դեպի ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Սեպտեմբերի 6-13-ը ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որում խաղարկվելու են Ռիո-2016-ի ուղեգրեր:

Հունահռոմեական ոճի ըմբիշներն առաջինն են դուրս գալու պայքարի: Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն մեկնել է ԱՄՆ: Հայաստանի մարզական պատիվը կփորձեն բարձր պահել 8 ըմբիշներ՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (125 կգ):

59 կգ քաշային կարգ, Ռոման Ամոյան

Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի աջառնության կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանն այժմ Հայաստանի հավաքականի ամենափորձառու ըմբիշն է: Այս տարի Ռոմանը մասնակցեց Բաքվում անցկացված առաջին Եվրոպական խաղերին և ունենալով լուրջ վնասվածք՝ մատի կոտրվածք, երրորդ տեղի համար պայքարում զիջեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին: Այս աշխարհի առաջնությունը թերևս վերջինը կլինի Ամոյանի մարզական կարիերայում, քանի որ նա արդեն 31 տարեկան է: UWW-ի հրապարակած վերջին դասակարգման աղյուսակում Ռոման Ամոյանը չկա առաջին քսանյակում, սակայն, հուսանք, դա չի խանգարի մեր փորձառու ըմբիշին պայքարել Ռիո-2016-ի ուղեգիր ձեռք բերելու համար: 

Նախքան ԱՄՆ մեկնելը Ռոմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ մարզավիճակում է, մարզումները լավ է անցկացրել, իսկ թե ինչ կլինի՝ ցույց կտա գորգը. «Բնականաբար, ակնկալիքներ կան: Այս ԱԱ-ն մեզ համար շատ պատասխանտու է»:

66 կգ քաշային կարգ, Միհրան Հարությունյան

Այս տարվա Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդ տարին անընդմեջ կներկայացնի Հայաստանը ԱԱ-ում: Եթե անցյալ տարի Միհրանը Տաշքենդ էր մեկնել ընդամենը Հայաստանի չեմպիոնի կարգավիճակում, ապա այս առաջնությունում նա 66 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդներից է: Եթե հաշվի առնենք, որ Եվրոպական խաղերի եզրափակչում Արտյոմ Սուրկովի հետ գոտեմարտում եղել են մրցավարական ոչ ճիշտ որոշումներ, Միհրանից պետք է սպասենք ոչ միայն Ռիո-2016-ի ուղեգիր: UWW-ի հրապարակած վերջին դասակարգման աղյուսակում Միհրանն իր քաշային կարգում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Մինչ Լաս Վեգաս մեկնելը, Միհրան Հարությունյանն ասաց, որ գերազանց է պատրաստվել առաջնությանը. «Երկու լավ հավաք եմ անցկացրել և մեծ ակնկալիքներ ունեմ: Հույս ունեմ՝ կկարողանամ ուղեգիր նվաճել և չեմպիոն դառնալ, չէ՞ որ ես դեռ աշխարհի չեմպիոն չեմ եղել»:

71 կգ քաշային կարգ, Վարշամ Բորանյան

Անցյալ տարի Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտի ժամանակ Վարշամ Բորանյանն աճուկային մկանի վնասվածք ստացավ, ինչը խանգարեց նրան եզրափակիչ դուրս գալ, իսկ երրորդ տեղի համար ադրբեջանցի Ռասուլ Չունաևի հետ պայքարում Վարշամը պարտվեց:

Այս առաջնությունից առաջ Վարշամը հաղթել է հուլիսին Մադրիդում կայացած Գրան-պրիում: 71 կգ քաշային կարգը օլիմպիական չէ, ուղեգրեր չեն խաղարկվելու, ինչը պետք է ըմբիշներին ազատի հավելյալ լարվածությունից: Հուսանք՝ այս անգամ Վարշամին մեդալ նվաճելու համար ոչինչ չի խանգարի: Նշենք նաև, որ UWW-ի դասակարգման աղյուսակում Վարշամն այժմ զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

75 կգ քաշային կարգ, Արսեն Ջուլֆալակյան

75 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալկյանը, ով ԱԱ-ին լավագույնս նախապատրաստվելու համար չմասնակցեց Ադրբեջանում կայացած առաջին Եվրոպական խաղերին: 2014 թվականի ԱԱ-ից հետո անցկացված բոլոր մրցաշարերում Արսենը հաղթել է՝ բացի հուլիսին Մադրիդում կայացած Գրան-պրի մրցաշարից, որի եզրափակչում նվազագույն հաշվով զիջել է 2013 թվականի աշխարհի չեմպիոն կորեացի Կիմ Վուին:

75 կգ քաշային կարգում շատ հետաքրքիր պայքար է սպասվում, քանի որ երկարատև դադարից հետո Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես է գալու Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովը, ով օլիմպիական խաղերի եզրափակչում հաղթել էր հենց Արսենին: Հուսանք՝ մեր ըմբիշը թե՛ Կիմի, թե՛ Վլասովի հետ գոտեմարտելու դեպքում կկարողանա ռևանշի հասնել: Ուշագրավ է, որ UWW-ի դասակարգման աղյուսակում Արսենը երկրոդն է, առաջինը Կիմ Վուն է, իսկ երրորդ հորիզոնկանում Ռոման Վլասովն է:

80 կգ քաշային կարգ, Էդուարդ Սարգսյան

80 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի երիտասարդ ըմբիշ էդուարդ Սարգսյանը, ով այս տարի հաղթել է Մադրիդի Գրան-պրիում: Էդուարդը, ով UWW-ի դասակարգման աղյուսակում իր քաշային կարգում 10-րդն է, մրցավայր մեկնելուց առաջ ասաց, որ լավ մարզավիճակում է և կփորձի մեդալ նվաճել. «Մեդալի ակնկալիք ունեմ, սակայն չեմ կարող ասել, թե ինչ մեդալի…»:

85 կգ քաշային կարգ, Մաքսիմ Մանուկյան

Առաջին Եվրոպական խաղերում Մաքսիմ Մանուկյանը մի քանի գեղեցիկ գոտեմարտ անցկարեց, սակայն կիսաեզրափակչում պարտվեց ուկրաինացի Ժան Բելենյուկին, իսկ երրորդ տեղի համար պայքարում՝ թուրք Մեթեհան Բաշարին: UWW-ի դասակարգման աղյուսակի 8-րդ համարը նախքան մրցավայր մեկնելն ասաց, որ լավ է պատրաստվել և գնում է ոսկե մեդալ նվաճելու:

98 կգ քաշային կարգ, Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե և ոսկե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ԱՄՆ է մեկնել աշխարհի չեմպիոնի կարգավիճակով: Արթուրը այս քաշային կարգում եթե ոչ բացահայտ ֆավորիտ, ապա ֆավորիտներից մեկն է: 2014 թվականի ԱԱ-ում տարած հաղթանակից հետո Արթուրը պարտություն չի կրել: Վերջին մրցաշարը, որում նա հաղթել է եղել է Մադրիդի Գրան-պրին է:

UWW-ի դասակարգման աղյուսակում Արթուր Ալեքսանյանն առաջին հորիզանականում է և նախորդ ԱԱ-ում տարած հաղթանակից հետո դիրքերը չի զիջել: Նրանից հետո երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են եվրոպական խաղերի չեմպիոն Աբդուլլահ Մագամեդովը, ով ներկայացնում է Ռուսաստանը, և 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզաիին:

130 կգ քաշային կարգ, Էդգար Խաչատրյան

130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է այս տարվա երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Էդգար Խաչատրյանը, ում անունը բացակայում է UWW-ի դասակարգման աղյուսակի լավագույն քսանյակից: Էդգարի համար սա առաջին մեծահասակների աշխարհի առաջնությունն է: Մեր մարզիկի մրցակիցները լինելու են այնպիսի ըմբիշներ, ինչպիսիք են 2014 թվականի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Բիլյալ Մախովը, 2011 թվականի աշխարհի չեմպիոն թուրք Ռիզա Քայլափը և օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության հնգակի չեմպիոն Մխայ Լոպեսը:

Էդգար Խաչատրյանը նշել է, որ իր համար առաջնային նպատակը Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելն է, իսկ լարվածություն չի զգում. «Չեմ ասի, թե շատ եմ հուզվում առաջին անգամ մեծահասակաների ԱԱ-ի մասնակցելուց առաջ. երիտասարդների ԱԱ-ում նվաճած մեդալը որոշակի վստահություն է հաղորդում»:

Հետգրություն՝ ըմբիշներն իրենց ավանդական խոսքն ունեն՝ «գորգը ցույց կտա»: Հուսանք՝ Լաս-Վեգասի մրցագորգերը և մարզական բախտը բարեհաճ կլինեն մեր ըմբիշների նկատմամբ: 

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում