Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն

Լաս Վեգասում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը: Հայ ըմբիշներից առաջինը պայքարի դուրս եկան 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից՝ 8:0 հաշվով հաղթելով ճապոնացի Յասեհիրո Յոնեհիրային: 1/8 եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը 4:0 հաշվով հաղթեց նորվեգացի Մարտին Նիլսենին, իսկ 1/4 եզրափակչում բացահայտ առվելությամբ՝ 10:1 հաշվով առավելության հասավ ուկրանիացի Դմիտրի Տիմչենկոյի նկատմամբ: Կիսաեզրափակչում Արթուրը 9:0 հաշվով հաղթեց ռումինացի Ալեքսուս Սիուրային, իսկ եզրափակչում աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ղասեմ Ռեզաիին: Արթուրն առավելության հասավ 3:0 հաշվով և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Առաջին Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պայքարը սկսեց 1/32 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը հուդուրասցի Ջեֆիրն Բենիտո Միխայ Սամբուլան էր: Միհրանը հաղթեց ժամանակից շուտ՝ 9:0 հաշվով, այնուհետև հայ ըմբիշն իրար հետևից մի քանի գեղեցիկ և հաղթական գոտեմարտեր անցկացրեց՝ 1/16 եզրափակչում 9:0 հաշվով առավելության հասնելով հույն Մաթիաս Վլադիմիրոսի նկատմամբ, 1/8 եզրափակչում՝ 4:1 հաշվով հունգար Թամաշ Լորինցիի, 1/4 եզրափակչում՝ 10:1 հաշվով վրացի Շմագի Բոլկվաձեի: Կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանի մրցակիցը կորեացի Հանսյու Ռյուն էր: Մրցավարական կասկածելի որոշման արդյունքում գոտեմարտը ավարտվեց 4:4 հաշվով, և առավելությունը տրվեց կորեացի ըմբիշին, իսկ Միհրանը բրոնզե մեդալի համար պայքարեց ռուս Արտյոմ Սուրկովի հետ և կրկին մրցավրական տարօրինակ որոշման արդյունքում 6:2 հաշվով հաղթեց Արտյոմ Սուրկովը և նվաճեց բրոնզե մեդալ, իսկ Միհրանը գրավելով 5-6-րդ հորիզոնականը նվաճեց Ռիո-2016 ուղեգիր:

75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 1/32 եզրափակչում հանդիպեց իր վաղեմի մրցակից՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովին և զիջեց 0:6 հաշվով: Վլասովը հասավ եզրափակիչ՝ թույլ տալով Արսենին մասնակցել սփոփիչ գոտեմարտերի: Առաջին սփոփիչ գոտեմարտում Արսենը 8:0 հաշվով հաղթեց չեխ Պետեր Նովակին, այնուհետև 7:4 հաշվով հաղթեց հունգարացի Պետեր Բաքսիին, բայց երրորդ սփոփիչ գոտեմարտում Արսենը 2:5 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Դոժան Կարտիկովին՝ զրկվելով թե՛ բրոնզե մեդալի համար պայքարից, և թե՛ օլիմպիական ուղեգրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում