Պերես. Վստահ կարող եմ ասել՝ ձմռանը դե Խեայի տրանսֆերը չենք գնելու

Պերես. Վստահ կարող եմ ասել՝ ձմռանը դե Խեայի տրանսֆերը չենք գնելու

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական հարցազրույցի ժամանակ անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը ձեռք բերելու ձախողված փորձին:

««Ռեալն» ամեն ինչ արել է այս տրանսֆերն իրականացնելու համար, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» դրա համար անհրաժեշտ քայլերը չի կատարել: Իր հերթին Դավիդն ամեն ինչ արել է, որպեսզի չերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը, ուստի մենք չէինք կարող նրան հուսախաբ անել: Կեյլոր Նավասի հետ համաձայնություն ձեռք ենք բերել միայն այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեց բանակցել: Մենք մեր գործը 15 րոպեում ենք կատարել, իսկ անգլիացիները 8 ժամ են վատնել:

Դավիդն այժմ պետք է մտածի՝ ի՞նչն է իր համար ավելի լավ: Ես չգիտեմ՝ ինչ կլինի մեկ տարուց, բայց ֆուտբոլիստի համար բարդ է լինում, երբ նա խաղաժամանակ չի ստանում: Մենք 3 հիանալի դարպասապահ ունենք և այժմ այլ բանի մասին չենք մտածում: Կարող եմ վստահաբար ասել, որ ձմռանը դե Խեայի տրանսֆերը չենք գնելու: «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարությու՞նը… Մենք երբեք անփույթ չենք եղել և չենք արատավորել մեր ակումբի անունը: Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տարատեսակ խնդիրներ են առաջացել»,-Պերեսի խոսքը մեջբերված է «Marca.com »-ից:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդին» մեղադրելով փաստաթղթերն Իսպանիայի ժամանակով միայն կեսգիշերին ուղարկելու մեջ, իսկ անգլիական կողմ իր վարկածն էր առաջ քաշել: Վերոնշյալ հարցազրույցին Պերեսը ներկայացել է թղթով, որում երևում է՝ «Մանչեսթեր Յունայթեդից» անհրաժեշտ փաստաթղթերը ստացել են 00:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում