Վարուժան Սուքիասյան. Մեր հույսը ձմեռային տրանսֆերային պատուհանն է

Վարուժան Սուքիասյան. Մեր հույսը ձմեռային տրանսֆերային պատուհանն է

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի «Ուլիս»-«Արարատ» խաղում Վարուժան Սուքիասյանի սաները 2:1 հաշվով կամային հաղթանակ են տոնել:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Արարատի» գլխավոր մարզիչն ասաց, որ սկզբում մրցակիցն առավելություն ուներ, սակայն երկրորդ խաղակեսում կատարած տակտիկական փոփոխությունների շնորհիվ իր սաները կարողացան ճեղքել «Ուլիսի» պաշտպանությունը և արդյունքի հասնել:

«Երկրորդ խաղակեսում ավելի արագ խաղացինք, ֆիզիկապես ավելի ուժեղ էինք: Ընդհանուր առմամբ ծանր խաղ էր: Մենք աշխատելու շատ տեղ ունենք. յուրաքանչյուր խաղին մրցակիցներին Ձմեռ պապու նման նվերներ ենք տալիս: Մեր ամբողջ հույսը ձմեռային տրանսֆերային պատուհանն է, որի ժամանակ կարող ենք հարձակվողների ձեռք բերել»,-ասաց Վարուժան Սուքիասյանը:

Անդրադառնալով թիմի ֆուտբոլիստներից Ալեքսանդր Ռակիչի հեռանալուն՝ Վարուժան Սուքիասյանն ասաց, որ շատ անմիտ խոսակցություններ են պտտվում.

«Այդ տղան ինչ-որ խնդիրներ ունի: Եթե որևէ մեկն ասի, որ նա խաղադաշտ էր դուրս գալիս և թիմին օգուտ տալիս, ես կթողնեմ մարզչիս աշխատանքը: Ես այդպես եմ մտածում, միգուցե ես եմ սխալ հասկանում: Եթե ֆուտբոլիստն ունի մեծ վարպետություն և որակներ, բայց դուրս է գալիս խաղադաշտ և ոչինչ չի անում, ինչպե՞ս դրան վերաբերվել: Ո՞ր մարզիչը կուզի իր ուժեղ ֆուտբոլիստից բաժանվել: Այդպիսի բան չկա»,- եզրափակեց Վարուժան Սուքիասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում