Ինչու՞ են Հռոմում պաշտում Տոտտիին

Ինչու՞ են Հռոմում պաշտում Տոտտիին

Այսօր «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտին տոնում է ծննդյան 39-րդ տարեդարձը: 20 մրցաշրջան, 746 խաղ, 300 գոլ. այս ամենը միմիայն «Ռոմայի» կազմում: Փորձենք հասկանալ, թե ինչու են միլիոնավոր երկրպագուներ պաշտում 39-ամյա հարձակվողին ու նրան վերաբերում որպես Հռոմի կայսեր: 

Նվիրվածությունն ակումբին

Տոտտին 1993-ին սկսեց հանդես գալ Վույադին Բոշկովի ղեկավարած «Ռոմայի» կազմում և մինչ օրս չի լքել այն: «Ռոման» ամեն ինչ է ինձ համար: Սա այն ամենն է, ինչի մասին կարող է երազել մարդը. կիրք, սեր, ուրախություն: Ես միշտ այս գույներն եմ պաշտպանել և հավերժ նվիրված կլինեմ նրան»,-բազմիցս հայտարարել է Տոտտին:

Ակումբի հանդեպ անսահման սերը և բարձր վարպետությունը Տոտտիին դարձրին «Ռոմայի» լեգենդը: Ակումբային տիտղոսների հավաքածուն փոքրաթիվ է` 1 սկուդետո և Իտալիայի 2 գավաթ, սակայն նրա հեղինակությունն անսասան է: 

Մեծահոգությունն ու հումորի զգացումը

2003-ից Տոտտին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է ու իր դերին շատ լրջությամբ է վերաբերում: Նա անեկդոտների հավաքածու է հրապարակել, ինչը մեծ տարածում է գտել, հանդես է եկել երգչի դերում, և վերջերս էլ Նովակ Ջոկովիչի հետ թենիսի ցուցադրական խաղ է անցկացրել: Տոտտին ոչ միայն հաջողակ ֆուտբոլիստ է, այլ նաև հասարակական գործիչ: Լեո Մեսսիի անունով «Բարսելոնայից» ամռանն ուղարկված մարզաշապիկն իրեն չի պահել, այլ վաճառել է աճուրդով:  Տոտտին եսասե չէ նաև այն դեպքում, երբ խոսքն իր սեփական մարզաշապիկներին է վերաբերում: Նրա կարիերայի ավարտից հետո հնարավոր է խոսակցություններ լինեն, թե ակումբի «10» համարը պետք է հավերժ փակի տակ դնել:

««10» համարի մարզաշապիկն ասես երկրորդ մաշկս լինի, բայց յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա խաղալու նրանում, արժանին մատուցելու, սպորտի բարձունքներին հասնելու համար»,-ասել է լեգենդը:

Պահպանում է բարձր մակարդակը

«Ես 38 տարեկան եմ, բայց չեմ զգում»,- ասել է Տոտտին UEFA.com-ին, երբ անցյալ տարի դարձավ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը:

Այսօր լրանում է Ֆրանչեսկոյի 39-ամյակը, բայց նա դեռևս շատ ուժեղ է:  Երբ 2001-ին Դանիելե դե Ռոսսին առաջին հանդիպումն անցկացրեց «Ռոմայի» կազմում, նրան տվեցին «Ապագայի ավագը» կեղծանունը. որևէ մեկը չէր կասկածում, որ Տոտտիի հեռանալուց հետո ավագի թևկապը նրան բաժին կհասնի: 14 տարի անց դե Ռոսսին նախկինի պես շարունակում է մնալ վետերանի ստվերի տակ ու բացարձակապես չի ամաչում դրա համար:

«Ես մանկուց հաճույքով հետևել եմ նրա խաղին: Անգամ այս տարիքում նա շարունակում է անհավատալի բաներ անել դաշտում: Կարծում եմ` ինձ ընդմիշտ վիճակված է «Ապագայի ավագը» լինել, քանի որ Տոտտին «Ռոմայի» հավերժական ավագն է»,-ասել է դե Ռոսսին:

Յուրահատուկ 11-մետրանոց

Տոտտին թռիչքից է հարվածել, անհավատալի անկյուններից և գնդակը հիանալի կերպով անցկացրել է դարպասապահների վրայով: Նա գոլերի հսկայական քանակ ունի և դրանցից լավագույններն ընտրելն այնքան բարդ է, որքան Հավերժ քաղաքում լավագույն քանդակներն առանձնացնելը: Անգամ 11-մետրանոցից Տոտտին միանգամայն տարբեր է հարվածում: Այդպես, Եվրո-2000-ի կիսաեզրափակչում նա նեղացրեց հոլանդացիներին` հարվածելով Անտոնինա Պանենկի ոճով: «Պետք է կամ խենթ լինել, կամ էլ հիասքանչ ֆուտբոլիստ նման կարևոր խաղում այդպիսի 11-մետրանոց հարված իրացնելու համար: Կարծում եմ` ես խենթ եմ»,-ասել է Տոտտին:

Դերասանի վարպետություն

Տոտտին չի դադարում յուրօրինակ ոճով տոնել գոլերը: Գոլերը տոնելիս նրա դերասանական վարպետությունը դրսևորվում է հատկապես «Լացիոյի»` ամենասկզբունքային հակառակորդի դարպասը գրավելուց հետո: 2012-ին տուգանայինից խփած գոլից հետո Տոտտին օպերատորի տեղը զբաղեցրեց ու նկարհանեց, թե ինչպես էին ցնծում «Ռոմայի» երկրպագուները:

2015 թվականին Տոտտին իր 40-րդ հանդիպումն անցկացրեց «Լացիոյի» դեմ: Այդ խաղում նա հիասքանչ հարված կատարեց ու հռոմեական դերբիի լավագույն ռմբարկուն դարձավ: Գոլը տոնելով հարձակվողը սելֆի արեց «Ռոմայի» երկրպագուների ֆոնին: «Սովորաբար սելֆի չեմ անում, բայց կարևոր ռեկորդ գրանցեցի ու ցանկացա հավերժացնել պահը, որպեսզի միշտ հիշեմ: Հիանալի գոլ ստացվեց: Լուսանկարն այնքան էլ հաջողված չէր, բայց հոգ չէ»,-հայտարարեց Տոտտին:

Երբ 2011-ին Տոտտին հաղթական գնդակ խփեց «Բարիի» դարպասը (3:2) և A սերիայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցեց Ռոբերտո Բաջոյին` հանեց մարզշապիկը, որպեսզի ցուցադրի «Հռոմի կայսրը կենդանի է» գրությունը: Ինչ խոսք՝ Տոտտիի թագավորությունը շարունակվում է…

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում