Սարգիս Հովսեփյան. Հպարտ եմ, որ այսպիսի ֆուտբոլիստներ ունեմ

Սարգիս Հովսեփյան. Հպարտ եմ, որ այսպիսի ֆուտբոլիստներ ունեմ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի՝ «Ալաշկերտի» հետ խաղում 4:1 հաշվով տոնած հաղթանակից հետո գովասանքով խոսեց իր սաների մասին:

«Մեր ագրեսիվությամբ և մեծ ցանկությամբ տիպեցինք, որ հակառակորդը սխալվի: Թե՛ որակային, թե՛ ֆիզիկական տեսանկյունից «Փյունիկն» այսօր ավելի լավ հանդես եկավ: Բոլորը տեսան՝ ինչ գեղեցիկ խաղ ցուցադրեց «Փյունիկը»: Անգամ 4:1 հաշվի ժամանակ ցանկություն կար գրոհելու և գոլ խփելու: Տղաների գեղեցիկ խաղից գոհ եմ, հպարտ եմ, որ այսպիսի ֆուտբոլիստներ ունեմ: Պատանի ֆուտբոլիստների խաղից էլ եմ գոհ. նրանք խաղադաշտ դուրս գալով՝ խաղը չեն փչացնում: Շատ քիչ ակումբներ ունեն այդպիսի ֆուտբոլիստներ»,- ասաց մարզիչը:

Սարգիս Հովսեփյանը անդրադարձավ նաև Սուպերգավաթի խաղին, որում իր թիմը վստահ հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ: Հովսեփյանը նշեց, որ այդ խաղի նկատմամբ հետաքրքրությունը ցածր չէ, պարզապես ցանկանում էր պատանի ֆուտբոլիստներին հնարավորություն տալ.

«Ես անձամբ ուրախանում եմ, որ պատանի ֆուտբոլիստներ են խաղում: Սուպերգավաթի հանդիպման ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստներին խաղադաշտում տեսնելով՝ հայկական ֆուտբոլի ապագան տեսա: Մենք ցանկանում ենք մեր պատանի ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալ: Ո՞ր ակումբն է մեզ նման պատանի ֆուտբոլիստների խաղացնում:

Շատ ֆուտբոլիտներ, հեռանալով «Փյունիկից», մյուս ակումբներում պահեստային են դառնում, բայց չէ՞ որ նրանք մեզ հետ միասին չեմպիոն են դարձել և գավաթակիր: Նրանց փոխարեն խաղում են լեգեոներներ, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս մեր հավաքականին: Թող մեր ֆուտբոլիստները մի երկու խաղ էլ վատ խաղան, բայց հավաստիացնում եմ՝ հետագայում նրանք լավ ֆուտբոլ կխաղան: Մենք ընկնում ենք ուրիշ բաների հետևից՝ մոռանալով ազգային հավաքականի մասին, որից վեհ բան չկա»:

Հարցին, թե ինչ կարծիք ունի «Ալաշկերտում» հանդես եկող այն ֆուտբոլիստների մասին, ովքեր նախկինում ազգային հավաքականի անդամ են եղել, Սարգիս Հովսեփյանն պատասխանեց, որ առաձնապես չի ուզում խոսել մրցակցի ֆուտբոլիստների մասին.

«Օրինակ` Արտակ Եդիգարյանը շատ լավ մարդ է: Որպես ֆուտբոլիստ էլ հիանալի որակներ ունի, այդպիսի ֆուտբոլիստները պետք են հավաքականին, բայց նա այս պահին համապատասխան մարզավճակում չէ: Եթե մարզավիճակը վերականգնի, կհրավիրվենք հավաքական»:

«Փյունիկի» մարզիչը նաև ընդգծեց, որ իր ֆուտբոլիստներին խաղադաշտում ազատ գործելու հնարվորություն է տալիս. «Եթե նրանք ցանկանում են փոխվել տեղերով, խնդիր չեմ տեսնում: Եթե դու որակ ունես, քեզ համար տարբերություն չկա՝ որտեղ կխաղաս»:

Վերջում Սարգիս Հովսեփյանն անդրադարձավ Դավիթ Մանոյանի խաղին և գավաթի խաղարկության առաջին հանդիպմանը.

«Մանոյանն աստիճանաբար ավելի շատ խաղաժամանակ կստանա և եթե ամեն ինչ լավ լինի, կընդգրկվի հիմնական կազմում: Չեմ բացառում նաև, որ կհարվիրվի Հայաստան–Ալբանիա հանդիպմանը, եթե մինչև այդ լավ ֆուտբոլ խաղա:

Ինչ վերաբերում է գավաթային խաղին՝ երկար ճանապարհ ենք անցնելու Կապանում խաղալու համար, բայց մենք պատրաստ ենք, հետաքրքիր խաղ է սպասվում, իսկ «Փյունիկը» սովոր է դժվարություններ հաղթահարել»,-եզրափակեց Սարգիս Հովսեփյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում