«Սպարտակ»-«Լոկոմոտիվ»` 1:2, Օզբիլիսը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Սպարտակ»-«Լոկոմոտիվ»` 1:2, Օզբիլիսը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալել էր «Լոկոմոտիվին»: Տուրի կենտրոնական խաղում հյուրերը 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին:

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Կոլոմեյցևը: Առաջին խաղակեսում Դմիտրի Ալենիչևի սաներին չհաջողվեց արժանի պատասխան տալ, և թիմերն ընդմիջման գնացին «Լոկոմոտիվի» նվազագույն առավելության պայմաններում: Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 49-րդ րոպեին, Բայե Ումար Նիասեն գեղեցիկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում դաշտի տերերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 77-րդ րոպեին Արազ Օզբիլիսի փոխանցումից հետո աչքի ընկավ Սալվատորե Բոկետին:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերջերս էր ապաքինվել վնասվածքից, հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային րոպեներից, սակայն 55-րդ րոպեին Չորլուկայի հետ բախման արդյունքում վնասվածք ստացավ և խաղադաշտում տեղը զիջեց Օզբիլիսին:

Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվն» ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար ԲԿՄԱ-ին զիջելով 5 միավորով, իսկ «Սպարտակը» մնաց 20 միավորով` չորրորդ տեղում:

Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Սպարտակ» – «Լոկոմոտիվ»` 1:2
Գոլերը` Բոկետի 77′ – Կոլոմեյցև 9′, Նիասե 49′

Հետևեք մեզ նաև Telegram-ում