Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը` փաստերի լեզվով

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը` փաստերի լեզվով

«Զենիթը» մնաց միավորներ չկորցնող միակ թիմը, «Շախտյորը» փչացրեց Միրչա Լուչեսկուի տոնը, Կասիլյասը ռեկորդ սահմանեց և ոչ միայն… Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի վերաբերյալ առավել ուշագրավ փաստերը:

Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» միակ ակումբն է, որ հաղթել է խմբային փուլի առաջին երեք հանդիպումներում: Պետերբուրգցիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ են նման հաջողության հասնում, թեև արդեն 6-րդ անգամն է, որ մասնակցում են հիմնական փուլին: Բացի այդ, նախկինում «Զենիթին» չի հաջողվել հաղթել խմբային փուլի նույնիսկ առաջին երկու հանդիպումներում:

Հալկի՝ «Լիոնի» դարպասին խփած գոլը (3:1) դարձավ ՉԼ-ի 6900-րդ գնդակը: Եվրոպական հանրահայտ առաջնությունում բրազիլացին 16-րդ անգամ աչքի ընկավ, իսկ ընթացիկ խաղարկությունում` 3-րդ:

«Շախտյորի» ղեկավար Միրչա Լուչեսկուն` որպես մարզիչ իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում: Ֆուտբոլիստները, սակայն, մթագնեցին ռումինացու հոբելյանը` 0:1 հաշվով պարտվելով «Մալմյոին»: Լուչեսկուն դարձավ 5-րդ մարզիչը, որ ՉԼ-ում հասավ նման հաջողության: Նրանից առաջ Ալեքս են Ֆերգյուսոնը (190), Արսեն Վենգերը (165), Կարլո Անչելոտին (142), Ժոզե Մոուրինյոն (124):

«Շախտյորը» խմբային փուլի բոլոր 3 խաղերում պարտություն կրեց: Վերջին անգամ թիմը Չեմպիոնների լիգայում նման ձախողում գրանցել էր 2000-01թթ. մրցաշրջանում, երբ պարտվել էր «Լացիոյին», «Արսենալին», և Պրահայի «Սպարտային»:

«Ռեալն» արտագնա խաղում 0:0 խաղաց «Պարի Սեն Ժերմենի» հետ: Վերջին անգամ Մադրիդի ակումբը խմբային փուլում զրոյական հաշվով հանդիպում էր անցկացրել 46 խաղ առաջ՝ 2007-08 թթ. Մարսելում, երբ հանդիպել էր տեղական «Օլիմպիկին»:

0:2 հաշվով «Արսենալից» կրած պարտությունը «Բավարիայի» համար 48-րդն էր Չեմպիոնների լիգանում: Նույնքան պարտվել է նաև Արսեն Վենգերի թիմը: Չեմպիոնների լիգայում ամենաշատը «Պորտուն» է պարտվել՝ 51 անգամ:

«Արսենալի» ֆուտբոլիստներ Պյեր Մերտեսակերը և Թեո Ուոլքոտը 50-ական խաղ են անցկացրել Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշին նրանք հասել են «Բավարիայի» դեմ հաղթական խաղում:

«Բայերը» և «Ռոման» Լևերկուզենի խաղում կրկնեցին արդյունավետության ռեկորդը: Մրցաշարի պատմության մեջ դա ընդամենը երրորդ հանդիպումն էր, որ 4:4 հաշվով ավարտվեց: Չեմպիոնների լիգայի 2000-01թթ. խաղարկության խմբային փուլի առաջին տուրում նույն հաշվով ավարտվեց «Համբուրգ»-«Յուվենտուս» հանդիպումը, իսկ 2008-09թթ. խաղարկության ¼ եզրափակչում «Սթեմֆորդ Բրիջում» նույնպիսի արդյունքի հասան «Չելսին» ու «Լիվերպուլը»:

«Բենֆիկայի» նկատմամբ «Գալաթասարայի» 2:1 հաշվով տոնած հաղթանակը վերջ դրեց Չեմպիոնների լիգայի շրջանակներում թուրքական թիմի պարտություններին: Նրանք վերջին անգամ հաղթել էին 2013-14 թթ. խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում, երբ նվազագույն հաշվով առավելության էին հասել «Յուվենտուսի» նկատմամբ ու իրենց համար ապահովել 1/8 եզրափակչի ուղեգիրը:

«Պորտուի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը 18 տարեկան 221 օրականում ավագի կարգավիճակում մասնակցեց Չեմպիոնների լիգայի հերթական խաղին, և դրանով շրջանցեց Ռաֆայել վան դեր Վարտի ռեկորդը: Հոլանդացի ֆուտբոլիստը 2003-ի սեպտեմբերի 21-ին 20 տարեկան և 217 օրական հասակում` ավագի թևկապով դուրս եկավ «Միլանի» դեմ խաղին մասնակցելու: Իգոր Ակինֆեևն ընդամենը 10 օր ավելի ուներ, երբ ԲԿՄԱ-ի ավագի թևկապով 2003-ի նոյեմբերի 21-ին մասնակցեց «Պորտուի» դեմ խաղին:

Մրցաշարում ամենաշատ խաղերն անցկացրած ֆուտբոլիստը՝ Իկեր Կասիլյասը գերազանցեց Էդվին վան դեր Սարի ռեկորդը: Մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում «Պորտուն» 2:0 հաշվով առավելության հասավ «Մաքքաբիի» նկատմամբ, իսկ իսպանացի դարպասապահը Չեմպիոնների լիգայում իր 51-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց:  «Չոր» հանդիպումների քանակով երկրորդ տեղում Էդվին վան դեր Սարն է` 50, Վիկտոր Վալդեսը և Պետր Չեխը 45 «չոր» հանդիպում են անցկացրել Չեմպիոնների լիգայում, իսկ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը` 37:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում