Ինչո՞ւ է ալեկոծվում Լա Լիգան

Ինչո՞ւ է ալեկոծվում Լա Լիգան

Նախքան Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրերով պայմանավորված դադարը` Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում առաջատար 6 թիմերից ոչ մեկը հաղթանակ չտոնեց: Սա այսօրվա Լա Լիգայի համար կրկնվող ախտանշանն է:

7-րդ տուրից հետո «Վիլյառեալը» 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսպանիայի առաջնությունում վերջին անգամ այս շրջանում նման իրավիճակ գրանցվել էր 2006-07թթ. մրցաշրջանում, երբ 7-րդ տուրի արդյունքներով առաջին հորիզոնականը կիսեցին «Բարսելոնան» և «Վալենսիան»: Այդ մրցաշրջանում չեմպիոն դարձավ «Ռեալը», որը վաստակեց 76 միավորով: Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում «Բարսելոնան» չեմպիոն դարձավ 94 միավորով, իսկ «Ռեալը» վաստակեց 92 միավոր: 2006-07թթ. մրցաշրջանը դեռևս վերջին դեպքն է, երբ 80 միավորից պակաս ունենալով` թիմը կարողացել է չեմպիոն դառնալ: Հիմա դեռ վաղ է դատելու համար, թե առաջատարը որքան միավոր կվաստակի, բայց քչերն են հավատում, որ ինչ-որ մեկը 100-ի շեմին կհասնի: Այս անգամ, կարծես, ամեն ինչ վկայում է այն մասին, որ առաջատարները շատ են սխալվելու:

Փորձենք հասկանալ` առաջատարներն ինչպիսի իրավիճակում են: «Վիլյառեալը» հարձակման գծում ուժեղ է, բայց կրեատիվություն ընդհանրապես չունի: Ջիովանի դոս Սանտոսի, Կանիի ու Դենիս Չերիշևի հեռանալով` թիմը զրկվեց հարձակողական ոճի երեք լավագույն կիսապաշտպաններից, ովքեր կարողանում են բացել մրցակցի պաշտպանությունը: «Վիլյառեալը» պոտենցիալ ունի, բայց փոքրիկ կազմը պարզապես բավական չէ Իսպանիայի առաջնության ու Եվրոպա Լիգայի համար: 

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա թղթի վրա ամեն ինչ լավ է: Ռաֆայել Բենիտեսի սաները 18 գնդակ են խփել ու բաց են թողել ընդամենը երկուսը: Չնայած դրական վիճակագրությանը՝ չի կարելի բաց թողնել այն փաստը, որ մադրիդցիները մինչև «Ատլետիկոյի» հետ խաղը լուրջ մրցակիցների չէր հանդիպել, իսկ այդ խաղում նրանք անսպասելիորեն դադարեցին անհաղթ թվալ: Մադրիդյան դերբիից հետո իսպանացիները Բենիտեսին քննադատելու իրական պատճառներ ունեցան, որովհետև թիմը չափազանց զգույշ ու անբավարար նվիրվածությամբ էր խաղում:

Բենիտեսի՝ Ռոնալդուի և Ռամոսի հետ վատ հարաբերությունների մասին լուրերը շարունակվում են տարածում գտնել, իսկ հանրությունն անհամբերությամբ ցանկանում է տեսնել, թե մասնագետն ինչ կանի Խամես Ռոդրիգեսի վերադարձից հետո: Դեռևս պարզ չէ, թե Ռաֆան ինչպե՞ս կօգտագործի կոլումբիացու անհատական հնարավորությունները:

«Բարսելոնայի» մոտ ամեն ինչ ավելի թափանցիկ է: Կատալոնացիների հիմնական խնդիրների պատճառը մեծաքանակ վնասվածքներն են: Միայն Լեո Մեսսիի վնասվածքը կարող է անկայունության հասցնել թիմին, որտեղ շատ բան հենց արգենտինացու շուրջ է կառուցվում: Չենք հերքի, որ «Բարսելոնան» անգամ վնասվածքների պարագայում ուժեղ թիմ ունի, բայց մեծաթիվ մարզումները չեն կարող չնվազեցնել ծանրաբեռնված կազմը: Չի կարելի նաև մոռանալ, որ տրանսֆերային արգելքները դեռ ուժի մեջ են, ու կատալոնացիները դժվար թե կարողանան դա չեղարկել մոտ ապագայում: Պետք է հիշել նաև անհրաժեշտ մոտիվացիայի բացակայության մասին. «Բարսելոնայի» խաղում չկա առաջվա սրությունը, հաղթանակի ձգտումը: Հնարավորությունները և գործը բաց են թողնվում, իսկ պաշտպանությունն էլ ավելի շատ է սխալվում: 

Ամռանը բոլորը հիանում էին «Ատլետիկոյով»: Նրանք հնչեղ անուններ կորցրին (Միրանդա, Ռաուլ Գարսիա, Արդա Թուրան), բայց մադրիդցիներին տաղանդավոր ֆուտբոլիստների մի ամբողջ շարք միացավ, ովքեր թիմին արագություն, տեխնիկա ու մոտիվացիա տվեցին: Ի՞նչն այնպես չընթացավ: Ֆուտբոլիստների մեծ ներհոսքն ու Սիմեոնեի նոր մարտավարությունը թիմին նշանակված ուղուց դուրս մղեցին: Դիեգո Սիմեոնեն ժամանակ և միջոցներ օգտագործեց, բայց ծրագիր չմշակեց: Միայն Անխել Կորրեան է իսկապես ինչ-որ բան տալիս մադրիդցիներին:

Բացի այդ, Սիմեոնեն, կարծես թե նույնիսկ չափից շատ էր հույսը դնում Կորրեայի վրա, որի գործողությունները սկսել էին շաբլոն դառնալ թիմի հարձակողական գործողություններից շատերի համար: Ջեքսոն Մարտինեսը վերջապես պետք է ինչ-որ բան ցույց տա, որովհետև Սիմեոնեի սաները շարունակում են մեկ մարդու խումբ դառնալու ռիսկին գնալ, ինչն արդեն վատ է:

«Վալենսիայի» մասին խոսելն ավելի քան բարդ է: Իրենց ձեռքբերումներով նրանք կարողացել են հաղթանակի ծարավ մի ամբողջ քաղաք միավորել, բայց երբ ակումբը սայթաքում է, դա մեծ աղմուկով է անում: Վերջին շրջանում ակումբը մեկը մյուսի հետևից պարտվում է, իսկ երկրպագուները նույնիսկ չգիտեն, թե ում մեղադրեն: Գլխավոր մարզիչ Նունուին վերջին շրջանում հասարակ մարտավարության համար բոլորից շատ են քննադատում: Թիմում մոտիվացիայի բացակայության պատճառով նրա խաղը հեշտ է կանխագուշակել: Թվում էր՝ մի քիչ էլ, ու «Վալենսիան» կվերադառնա իսպանական ֆուտբոլի էլիտա, բայց ահա երկինքը նորից ամպեց ու ապագան անլույս է: Երկրպագուների դժգոհությունն ավելի քան հասկանալի է:

Չի կարելի չհիշատակել «Սևիլյային»: Եվրոպա Լիգայի գործող չեմպիոնները պատրաստվում էին հավակնել առաջնության տիտղոսին, բայց իրականությունը տխրեցրեց. վնասվածքների շարքն ու հաղթանակի նկատմամբ անհետաքրքրությունը նրանց նույն փակուղու առաջ կանգնեցրին, որի առաջ հիմա «Բարսելոնան» է: Ընդհանրություններ կան նաև «Ատլետիկոյի» հետ, քանի որ ամռանը «Սևիլյան» և զգալիորեն համալրեց թիմի կազմը նոր, տաղանդավոր անուններով, ովքեր այդպես էլ չկարողացան ինչպես հարկն է ընդգրկվել թիմում: Եվգենի Կոնոպլյանկան պոտենցիալ աստղ է, բայց նրան հարկավոր է հնարավորինս արագ հարմարվել Իսպանիային, քանի որ հիմա թիմը մեծ մասամբ թիմը ուկրաինացու հնարավորությունների վրա է հենվում: «Սևիլյան» թալիսմանի կարիք ունի, և Կոնոպլյանկան ավելի քան ընդունակ է իր ուսերին վերցնելու այդ դերը: Թեթև միջամտություն, և «Սևիլիան» կարող է հաճելիորեն զարմացնել:

Լա Լիգան ալեկոծվում է, իսկ «Սելտայի» և «Էյբարի» պես թիմերն ինչ-որ կերպ աղյուսակի վերևում են հայտնվել: Որևէ մեկը չի հավատում, որ նրանք երկար կմնան այնտեղ, թեև «Սելտան» հեռանկարային խաղ է ցուցադրում: Նման իրավիճակը թույլ է տալիս վստահորեն ասել, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունը լի է հանելուկներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում