«Ուլիսը» սնանկացման եզրին է

«Ուլիսը» սնանկացման եզրին է

Երևանի «Ուլիսը» ֆինանսապես շատ ծանր վիճակում է հայտնվել։ Երեկ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում խոշոր հաշվով «Բանանցին» զիջելուց հետո թիմի մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Այսօր «Ուլիսը» գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում 0:3 հաշվով զիջեց «Բանանցին»: Ինչպես և Բարձրագույն խմբի վերջին խաղում, մրցակիցը խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Այս պարտությունների մեջ ոչ մի կերպ չի կարելի մեղադրել ոչ թիմի խաղացողներին, ոչ էլ մարզչական կազմին: Պարզապես ակումբը հայտնվել է ֆինանսական շատ ծանր վիճակում, և նույնիսկ պարզ չէ, թե արդյոք թիմը կկարողանա շարունակել առաջնությունը:

Վերջին տասը օրերի ընթացքում «Ուլիսը» կարողացավ ընդամենը չորս մարզում անցկացնել, ինչ էլ բնականաբար անմիջապես արտահայտվեց ֆուտբոլիստների մարզավիճակի վրա:

«Բանանցի» հետ խաղից հետո պարզ դարձավ, որ հաջորդ խաղին մեր թիմի կազմում չեն կարող մասնակցել արտասահմանցի ֆուտբոլիստներից շատերը, ովքեր, երկկողմանի խզելով պայամանգիրը ակումբի հետ, վերադառնում են իրենց հայրենիք: Այսպիոսով «Ուլիսը» հայտնվել է ֆինանսական ծանրագույն ճգնաժամում, որից դուրս գալը անհավանական է թվում:

Թե ո՞վ կխաղա 12-րդ տուրում մեր թիմի կազմում, հիմա դժվար է ասել: Ներկայումս արվում է առավելագույնը այս վիճակից դուրս գալու համար: Հույսը մեռնում է վերջինը, բայց անկեղծ ասած, հույսերը թիմի ապագայի հետ կապված շատ աննշան են…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում