Ֆուտբոլային աշխարհի չկայացած հերոսները

Ֆուտբոլային աշխարհի չկայացած հերոսները

Սկզբում նրանց անվանում էին ֆուտբոլային երկնակամարի նոր աստղեր, իսկ հիմա նրանք հիշվում են երկրպագուների ու լրագրողների կողմից, բայց իրենց ունեցած ներուժի 50 տոկոսն են ցուցադրում: Ներկայացնում ենք մինչև 26 տարեկան տաղանդավոր ֆուտբոլիստների, ովքեր չէր կարողացել հաստատվել աստղային ֆուտբոլիստների շարքում:

Կրիստիան Էրիկսեն
23 տարեկան, «Տոտենհեմ»

Հիմա Էրիկսենը Դանիայի ազգային հավաքականի և «Տոտենհեմի» առաջատարներից է: Կրեատիվ կիսապաշտպանը մեկ անգամ չէ, որ գործի է դրել մրցակցի պաշտպաններին շրջանցելով հստակ փոխանցումներ կատարելու և տուգանայինները գրագետ իրացնելու ունակությունը, սակայն, արդեն երկու տարի Լոնդոնում խաղալով` նա նոր մակարդակի վրա չի հայտնվել ու չի կարողացել դառնալ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Անզեն աչքով էլ երևում է Էրիկսենի պոտենցիալը. նա անհավատալի տեխնիկա ունի, կրեատիվ է, բայց հաջողված մեկ խաղից հետո անհաջող խաղերի շարք է անցկացնում, ինչն էլ դեռևս խանգարում է ԱՊԼ-ի աստղ դառնալուն:

Մարկո Առնաուտովիչ
26 տարեկան, «Սթոք Սիթի»

Առնաուտովիչը Դավիդ Ալաբայի հետ վաղուց է ճանաչվել Ավստրիայի իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, սակայն, եթե երկրորդը «Բավարիայի» ու իր երկրի հավաքականի առանցքային խաղացողներից է, ապա Մարկոն բաց է թողել թոփ-մակարդակի ֆուտբոլիստի կոչում ունենալու հնարավորությունը: Դեռ «Վերդերում» խաղալու ժամանակ բոլորը հիանում էին Առնաուտովիչի տեխնիկայով, բայց կարգապահական խնդիրները վաղուց են լեզվանիներին խոսելու առիթ տվել:

«Մարկոն հոգեբանական խնդիր ունի,-ասում է Մարկոյի առաջին մարզիչներից մեկը՝ Օտտո Լարիշը:-Նա անլիարժեքության բարդույթ ունի: Իր խաղային որակներով նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին է հիշեցնում, պարզապես նրանք երբեք սկանդալների մասնակից չեն դառնում: Դրանում է նրանց տարբերությունը»:

Լուկաս Մոուրա
23 տարեկան, «Պարի Սեն Ժերմեն»

Երբ Լուկասը սկսեց խաղալ Բրազիլիայի հավաքականում, փորձագետները վստահեցնում էին, որ իրենց առաջ մի տաղանդ է կանգնած, ով շուտով շրջանցելու է Նեյմարին: Բարեկազմ հարձակվողը անհավատալի արագություն ու դրիբլինգ ունի, բայց, ի տարբերություն հավաքականի իր խաղընկերոջը, ով պետք է Մոուրայի ստվերի ներքո մնար, մեծ խնդիրներ ունի իրացման ու կայունության հետ: Հնարավոր է, որ հենց դրա համար բրազիլացին դեռևս չի կարողացել ամրանալ «ՊՍԺ»-ի հիմնական կազմում և հիմնականում փոխարինման է դուրս գալիս ու, հավանաբար, հիշում է բրազիլական ընտրանում իր փայլուն նորամուտը:

Բոյան Կրկիչ
25 տարեկան, «Սթոք Սիթի»

Սերբական ծագում ունեցող հարձակվողը դեռ պատանեկության տարիներին բոլորին ապշեցնում էր իր արդյունավետությամբ: «Բարսելոնայի» հարձակվողը պատանեկան ու երիտասարդական բոլոր առաջնություններում ճանաչվել է MVP և դարձել է լավագույն ռմբարկու: Բոյանի խնդիրներն առաջ եկան մեծահասակների ֆուտբոլ տեղափոխվելուց հետո: Դեբյուտային մրցաշրջանը կատալոնացիների առաջին թիմում հիանալի անցկացնելուց հետո Բոյան Կրկիչը նստեց պահեստայինների կողքին նախ Զլատան Իբրահիմովիչի թիկունքում, ապա Պեդրոյի ու Ալեքսիս Սանչեսի: Խաղային պրակտիկա ստանալու համար նա գնաց Կատալոնիայի սահմաններից դուրս, բայց ո’չ «Ռոմայում», ո’չ «Միլանում», ո’չ էլ «Այաքսում» կամ «Սթոք Սիթիում» դեռևս չի կարողանում գտնել իրեն, անցնել մրցաշրջանում 10 գնդակի սահմանը, ինչը. իհարկե, ժամանակակից ֆուտբոլի տաղանդավոր հարձակվողներից մեկի լավագույն ցուցանիշը լինել չի կարող:

Խավյեր Պաստորե
26 տարեկան, «Պարի Սեն Ժերմեն»

«Պալերմոյի» կազմում 2 մրցաշրջան անցկացնելուց հետո Խավյեր Պաստորեն վաստակեց Եվրոպայի ամենատաղանդավոր խաղացողներից մեկի համբավը: Լավ տեխնիկան, գնդակի հետ վարվելու փափկությունն ու դաշտը տեսնելու հիանալի կարողությունն արգենտինացուն դարձրին Ա սերիայի 2011 թվականի գլխավոր բացահայտումը: Մրցաշրջանի ավարտից հետո նրան թոփ-ակումբերից առաջարկներ ներկայացվեցին: Պաստորեն, ի զարմանս բոլորի, ընտրեց աստղային թիմ ստեղծելու առաջին քայլերն անող «ՊՍԺ»-ն: Փարիզում նա առաջին ջութակը չէ, քանի որ նրան ստվերում են Զլատան Իբրահիմովիչը, Մարկո Վերրատին, Բլեզ Մաթյուիդին ու Էդինսոն Կավանին: Ո’չ, նա դեռ կարող է շքեղ փոխանցում կատարել կամ շրջանցել մի քանի մրցակցի, բայց նա դա այնքան հազվադեպ է անում, որ շատերը սկսել են կասկածել՝ արդյո՞ք այս ֆուտբոլիստը երբևէ կցուցադրի իր բոլոր ունակությունները:

Ալեշանդրե Պատո
26 տարեկան, «Սան-Պաուլու»

18 տարեկանում «Միլանի» հետ պայմանագիր կնքելով` Պատոն իսկական պայթյուն առաջացրեց իտալական ֆուտբոլում, միանգամից դարձավ հիմնական կազմի խոստումանալից ֆուտբոլիստներից մեկը: 5 տարիների ընթացքում նա թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից է եղել, շատ գոլեր խփել ու «Սան Սիրոյի» տրիբունաներին ստիպել ոգևորված հոգոց հանել իր հնարքներից հետո, սակայն, ինչպես դա ընդունված է բրազիլացիների մոտ, Ալեշանդրեն վաղ տարիքում աստղ դարձավ ու արագորեն դադարեց աստղ լինել:

Պատոյին ավելի հաճախ տեսնում էին «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնիի դստեր՝ Բարբարայի հետ, քաղաքի լավագույն ակումբներում, քան դաշտում: Ի վերջո, որոշում ընդունվեց ֆուտբոլիստին վարձավճարի դիմաց հայրենիք ուղարկել, սակայն ո’չ «Կորինտիանսում», ո’չ «Սան-Պաուլուի» կազմում Պատոն այդպես էլ չկարողացավ նախկին մակարդակին վերադառնալ: Դրա համար էլ «առհասարակ պե՞տք է Ալեշանդրեին ֆուտբոլը» հարցը բոլոր երկրպագուների մտքում է:

Ստեֆան Էլ-Շաարավի
23 տարեկան, «Մոնակո»

Անհավատալիորեն տաղանդավոր հարձակվողներից մեկը, ով փայլուն սկսեց կարիերան «Միլանում» ու նաև տապալեց այն: Ի տարբերություն Պատոյի, Էլ-Շաարավին ավելի լուրջ պատճառներ ունի: Վնասվածքների շարքն անցյալ մրցաշրջանում նվազեցրին նրա տեմպը, Ստեֆանը կորցրեց արագությունը, ինչն էլ նրա խաղի գլխավոր առավելություններից էր: Արդյունքում երիտասարդ ֆուտբոլիստը չկարողացավ հիմնական կազմում տեղ գտնել ու երջանկություն գտնելու հույսով Ֆրանսիա մեկնեց ու հայտնվեց «Մոնակոյի» կազմում: Նրա ճակատագիրն այս մրցաշրջանում է որոշվելու. կա;մ նա բարձր մակարդակի վրա կկանգնի ու «Սան-Սիրո» կմեկնի նոր առաջատարի կարգավիճակում, կա’մ կշարունակի մնալ պահեստայինների նստարանին ու երազել համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ դառնալու մասին:

Ադնան Յանուզայ
20 տարեկան, «Բորուսսիա Դորտմունդ» 

Բոլորը հիշում են, թե ինչպես էր անգլիական մամուլը Յանուզյային մեծահասակների ֆուտբոլում առաջին մրցաշրջանից հետո համեմատում Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Երիտասարդ բելգիացու արագությունն ու տեխնիկան իսկապես լուրջ տպավորություն էին թողնում: Ադնանը Դևիդ Մոյեսի ժամանակ երևի միակ լուսավոր կետն էր «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն Լուի վան Գալի տեղափոխության հետ երիտասարդ ֆուտբոլիստն արդեն հազվադեպ էր դաշտում երևում ու նստում էր պահեստայինների նստարանին, իսկ խաղալու ժամանակ էլ ցուցադրում է հնարավորությունների 30%-ը: Կարիերան վերսկսելու համար նա մեկնեց Դորտմունդ ու վերջիններիս խաղը պետք է  հարմար լինի բելգիացուն: Ինչպես Էլ-Շաարավիի դեպքում, այս մրցաշրջանը որոշիչ կլինի Ադնանի համար:

Ջեք Ուիլշեր
23 տարեկան, «Արսենալ»

Արդեն 20 տարեկանում Ջեք Ուիլշերը դարձավ «Արսենալի» դաշտի կենտրոնի անփոխարինելի ֆուտբոլիստը: Թիմում խաղալու, մրցակցի գործողությունները զգալու կարողություններն արժանիորեն գնահատվեցին Արսեն Վենգերի, ավելի ուշ նաև ֆուտբոլային փորձագետների ու Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի կողմից: Սակայն անընդհատ վնասվածքները, դաշտում անզուսպ պահվածքը տաղանդավոր ֆուտբոլիստին դեռևս ներքև են տանում: Հիմա Ուիլշերը Վենգերի առաջին ընտրությունը չէ, բայց դեռ պահպանում է հիմնական կազմում լինելու հնարավորությունը: Նա տաղանդավոր է ու ցանկություն ունի, ինչն էլ նրա դե բաց է պահում «Էմիրեյթսի» դռները:

Գանսո
26 տարեկան, «Սան-Պաուլու»

Այն ժամանակ, երբ ֆուտբոլային աշխարհի հայացքն ուղղված էր «Սանտոսին», որի կազմում փայլում էին երիտասարդ Նեյմարն ու Գանսոն, նրանց երկուսի համար հսկայական հերթ էր գոյացել, որ համեմատելի էր «Aple Store»-ի նոր մոդելների ձեռքբերմանը սպասողների հերթին: Եթե Նեյմարը շուտով օվկիանոսն անցավ եվրոպական ֆուտբոլը նվաճելու համար, ապա հայրենակիցը չգիտես` ինչու մնաց իր տեղում: Գանսոն հիանալի է խաղում երկու ոտքերով էլ, կարող է դաշտի ցանկացած կետ փոխանցում կատարել, բայց ողբերգական դանդաղաշարժությունը նրան զրկեց Բրազիլիայի առաջնությունից դուրս գալու հնարավորությունից: Ամեն տարվա հետ տաղանդավոր ֆուտբոլիստն էլ ավելի քիչ է իր մասին հիշեցնում:

Մարիո Բալոտելի
25 տարեկան, «Միլան»

Տեքստն ավելորդ է: Ամեն ինչ ինքներդ էլ գիտեք:

Օգտագործված աղբյուր` FootballHD:

Հետևեք մեզ նաև Telegram-ում