Սպորտը կօգնի աշխարհին. «Բանանցն» այցելեց «ՍՕՍ» մանկական գյուղ

Սպորտը կօգնի աշխարհին. «Բանանցն» այցելեց «ՍՕՍ» մանկական գյուղ

Նոյեմբերի 19-ին «Բանանցի» ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմն այցելեցին Կոտայքի մարզի «ՍՕՍ» մանկական գյուղ, որտեղ իրականցվում է տարբեր տարիքային խմբերի երեխաների խնամք և կեցություն:

Այցելությունն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Երբ ավտոբուսը կանգ առավ, երեխաներն անմիջապես վազեցին ֆուտբոլիստների մոտ և նրանց ուղեկցեցին իրենց ֆուտբոլային դաշտ: Փոքրիկներն ու «Բանանցի» ֆուտբոլիստները բաժանվեցին թիմերի ու սկսեցին խաղալ. «Բանանցի» բոսնիացի պաշտպան Բոյան Միխայելովիչը անմիջապես դարպասպահի դիրքում կանգնեց, իսկ դարպասպահ Ստեփան Ղազարյանը սկսեց ցույց տալ իր ֆուտբոլային այլ հմտությունները: Խաղին մասնակցեց նաև «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն:

Փոքրիկ Բաբկենը նախընտրում էր սիրելի ֆուտբոլիստի` «Բանանցի» կիսապաշտպան Վահագն Այվազյանի զբոսանքը: Sport Times.am-ի հետ զրույցում Վահագն Այվազյանն ասաց, որ արագ ընկերացավ փոքրիկի հետ.

«Շատ լավ երեխա էր: Առավոտյան, երբ տանից դուրս էի գալիս, ինձ հետ վերցրեցի 2014 թվականի` մեր առաջին չեմպիոնությանը նվիրված շապիկը` մտածելով, որ կնվիրեմ երեխաներից մեկին: Չսխալվեցի. շապիկը նվիրեցի Բաբկենին, իսկ նա ուրախացավ»:

Վահագնը նաև նշեց, որ առաջին անգամ է այսպիսի նման նախաձեռնության մասնակցում. «Շատ հաճելի էր, շատ լավ երեխաներ էին: «Բանանցին» շնորհակալություն նման այցելություն կազմակերպելու համար: Անչափ ուրախ եմ, որ մասնակցեցի և համոզված եմ, որ այսպիսի այցելությունները շարունակական կլինեն: Շատ հետաքրքիր էր երեխաների հետ ֆուտբոլ խաղալը, բավականին լավ էին խաղում»,-հավելեց ֆուտբոլիստը:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն ասաց, որ կարևոր է ֆուտբոլը ծառայեցնել այսպիսի նպատակների:

«Ֆուտբոլը պետք է օգտագործել նաև նման առիթների համար, իսկ մենք պետք է շահագրգռված լինենք ամեն կերպ օգնելու այս երեխաներին և առհասարակ մասնակցելու նման բնույթի ծրագրերի: Երբ աշխատում էի «Դեպորտիվոյում», մասնակցել եմ նմանատիպ ծրագրերի»:

«Բանանցի» մարզիչներից Արամ Ոսկանյանն էլ, ով շատ ուշադիր էր երեխաների նկատմամբ և ուսումնասիրում էր նրանց կեցության պայմանները, կարծում է, որ այս այցելությունները կարևոր են, քանի որ դրանով առաջին հերթին հոգեբանական աջակցություն են ցույց տալիս երեխաներին:

«Մեր այցով ինչ-որ չափ նրանց ուժ տվեցինք, որ չկոտրվեն կյանքում: Սպորտի և առողջ ապրելակերպի հետ շփումը պետք է մղի նրանց հաջողակ և կայացած մարդ դառնալու: Անչափ զգացված եմ, որ երեխաները մոտենում և ճանաչում էին ինձ, դա կրկնակի հաճույք է»,-ասաց Արամ Ոսկանյանը:

Ֆուտբոլային խաղի ավարտից հետո փոքրիկները նվերներ ստացան «Բանանցի» ֆուտբոլիստներից, իսկ իրենք նվիրեցին 9-ամյա Արամ Առաքելյանի գեղեցիկ նկարը:

Նախքան հրաժեշտը 12-ամյա Աշոտը, ով Կոտայքի մարզում ֆուտբոլային խմբակ է հաճախում, մեզ պատմեց, որ երազում է լավ ֆուտբոլիստ դառնալու մասին.

«Այնքան էլ հաճախ ֆուտբոլ չեմ նայում, բայց իմ սիրելի ֆուտբոլիստը Խերարդ Պիկեն է: Ես էլ եմ խաղում կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ դպրոցում ամենասիրելի առարկան հայոց լեզուն է: Այսօր շատ հետաքրքիր էր իսկական ֆուտբոլիստների հետ ֆուտբոլ խաղալը»,-ասաց Աշոտը:

«Բանանցի» մամուլի քարտուղար Դավիթ Գալստյանը Sport Times.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ակումբը հիմնարար փոփոխություններից հետո որդեգրել է նոր քաղաքականություն.

««Բանանցն» այսուհետ մասնակցելու է տարբեր սոցիալական ծրագրերի: Քննարկումների արդյունքում առաջին անգամվա այցելության համար ընտրեցինք այս մանկական գյուղը: Այսպիսի ծրագրերը շարունակական են լինելու: Ի դեպ, երեխաներին հրավիրել ենք մեր առաջիկա խաղին, սիրով համաձայնել են գալ»:

Հավելենք` «ՍՕՍ» գյուղերը Հայաստանում հիմնվել են 1989թ.-ին: Գյուղերի առաջին բնակիչները Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաներն էին, ովքեր մնացել էին առանց ծնողական խնամքի:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում