Աբրահամ Խաշմանյան. Գլոբալ փոփոխություններ չեն լինի

Աբրահամ Խաշմանյան. Գլոբալ փոփոխություններ չեն լինի

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալել էր Գյումրու «Շիրակին»: Աբրահամ Խաշմանյանի սաները 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարան, իսկ մարզիչը որակազրկումից հետո առաջին անգամ  թիմի գործողությունները մարզչական գոտուց ղեկավարելու հնարավորություն ուներ:

Հանդիպման ավարտից հետո երկու թիմերի գլխավոր մարզիչներն իրենց մեկնաբանությունները տվեցին:

Վարդան Բիչախչյան

«Առաջին խաղակեսի միջնամասում «Ալաշկերտը» 2 գնդակ ուղարկեց մեր դարպասը: Հետո արդեն մեր խնդիրը բարդացավ, քանի որ առաջին գծի խաղացողների հետ կապված խնդիրներ կային: Թիմը պայքարեց, ցանկություն կար: Այս տարի մեզ մնաց մեկ հանդիպում և պետք է աշխատենք այդ խաղում հաջող հանդես գալ: Վերջին խաղին դեղին քարտերի պատճառով չեն մասնակցի Օդիլոն Կուակուն և Գոռ Մալաքյանը»,-ասաց գյումրեցիների մարզիչը:

Վարդան Բիչախչյանն նշեց, որ առաջնության ձմեռային դադարի ընթացքում թիմում համալրումներ կլինեն.

«Պետք է աշխատենք ուժեղացնել խնդրահարույց գոտիները: Մեզ պետք են խաղացողներ կենտրոնական պաշտպանի, եզրային պաշտպանի, եզրային կիսապաշտպանի և հարձակվողի դիրքում: Այս պահին կան ընտրված ֆուտբոլիստներ, զբաղվում ենք նրանց անձնագրային հարցերով»:

Խոսելով Անդրանիկ Բարիկյանի վնասվածքի մասին` Վարդան Բիչախչյանը հստակեցրեց, որ նա չի մարզվում «Արարատի» հետ խաղից հետո. «Հաջորդ շաբաթ պարզ կլինի` կկարողանա՞ խաղալ, թե՞ ոչ»:

Աբրահամ Խաշմանյան

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը նշեց, որ թիմն արժանի հաղթանակ տարավ, իսկ երբ ինքը արդեն մարզչական գոտում է, ֆուտբոլիստներն ավելի զգոն են: 

Աբրահամ Խաշմանյանն ընդգծեց, որ գոհ է Միհրան Մանասյանի խաղից` չնայած նա այսօր գոլով աչքի չընկավ.  «Պարտադիր չէ, որ նա ամեն խաղում գոլ խփի: Կարևորը` շատ գրագետ ֆուտբոլ է խաղում: Ինչ վերաբերում է թիմին, ապա պետք է աշխատենք ավելի լավ խաղալ, ոչ մի դեպքում հետ նայելու իրավունք չունենք»,- ասաց նա:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը նաև նշեց, որ մինչև տարեվերջ վնասվածքի պատճառով չի խաղա Արտակ Գրիգորյանը, իսկ ձմեռային դադարի ժամանակ հնարավոր են համալրումներ.

«Հնարավոր է` մեկ-երկու խաղացող հրավիրենք և նաև մեկ-երկուսի ծառայություններից հրաժարվեք, սակայն գլոբալ փոփոխություններ չեն լինի: Թիմում բոլոր դիրքերում առողջ մրցակցություն կա»:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում