ԱԱ. Վանիկ Ավետիսյանը զբաղեցրեց 12-րդ տեղը, Իզաբելլա Յալյանը` 15-րդ

ԱԱ. Վանիկ Ավետիսյանը զբաղեցրեց 12-րդ տեղը, Իզաբելլա Յալյանը` 15-րդ

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Իրենց ելույթներն ավարտել են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վանիկ Ավետիսյանը և կանանց հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հանդես եկող տղամարդկանց հավաքականից առաջինը մրցելույթն սկսեց 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, ով 46 մասնակիցների մեջ գրավեց 12-րդ տեղը և հավաքականին վարկանիշային միավորներ պարգևեց: Ավետիսյանը պոկում վարժությունում նախ պոկեց 136 կգ, հետո 140 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 142 կգ-ը: Հրում վարժությունում հայ ծանրորդը հրեց 177 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 182 կգ-ը: Երկարմարտի 317 կգ արդյունքով նա 12-րդն է:

58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում Յայլյանը բարձրացրեց 89 կգ, իսկ հրում վարժությունում՝ 112 կգ: Երկամարտի 201 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: Իզաբելլան թանկարժեք միավորներ պարգևեց կանանց Հայաստանի ընտրանուն, որը փորձելու է պահպանել օլիմպիական երկու ուղեգրերը, իսկ հնարավորության դեպքում՝ պայքարելու է երրորդի համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցահարթակ է բարձրացել Աննա Գովելյանը, ով զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը:

Հավելենք` նոյեմբերի 24-25-ին` ժամը 03:30-ին իրենց ուժերը կչափեն 77 կգ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը: Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին` ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում