Վալբուենան՝ շանտաժի շուրջ սկանդալի մասին. Հիասթափված եմ Բենզեմայի պահվածքից

Վալբուենան՝ շանտաժի շուրջ սկանդալի մասին. Հիասթափված եմ Բենզեմայի պահվածքից

«Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենան առաջին անգամ հրապարակավ խոսել է իր անվան շուրջ ծավալված հայտնի սկանդալի մասին։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստից փորձել էին շանտաժի միջոցով դրամ շորթել՝ սպառնալով տարածել նրա մասնակցությամբ անձնական բնույթի տեսանյութ։ Շանտաժի մեջ ներգրավված է եղել նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով գրեթե համոզել էր Վալբուենային վճարել պահանջված գումարը։

-Զրույցի ժամանակ Բենզեման ագրեսիվ չէր, չհիշատակեց փողերի մասին, բայց երբ ստիպում են հանդիպել մեկի հետ… Երբեք չեմ տեսել, որ ոչնչացնող տեսանյութի շուրջ պատմություն սկսեն հենց այնպես, ինչ-որ մեկի հանդեպ սիրուց դրդված։ Չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել։

Ես ասացի Կարիմին. «Դու տեսել ես, որ հենց նույնը եղել է Ջիբրիլ Սիսեի հետ 2008-ին»։ Նա հարցրեց. «Սիսեն վճարե՞լ է»։ Ես ասացի՝ «Այո, վճարեց»։ Նա՝ «Իսկ տեսանյութը տարածվե՞ց»։ Ես ասացի՝ «Ոչ»։ Հետո նա մի քանի անգամ կրկնեց, որ ես մեծ բանդիտների հետ գործ ունեմ, և առաջարկեց ծանոթացնել իր ընկերներից մեկի հետ։ Ես ավելի քան հիասթափված եմ։ Դա պարզապես ոչ հարգալից է։ Ես շատ եմ հիասթափված։ Պարզվեց՝ իմ ու Կարիմի հարաբերություններն այնքան անկեղծ չեն, որքան նա է այդ մասին խոսում,-ասել է Վալբուենան «Le Monde»-ին։

Վալբուենան պատմել է նաև՝ ինչպես էր իր տեսանյութը հայտնվել Աքսել անունով մարդու մոտ։

-Այդ մարդը միշտ պտտվում է ֆուտբոլիստների շուրջն ու շատ բան գիտի։ Նա մեզ իր ծառայություններն էր առաջարկում, մեզ համար նա այնպիսի մարդ էր, ով պատրաստ է միշտ օգնելու։ Մի անգամ ես նոր հեռախոս գնեցի և ցանկանում էի նրա մեջ տեղափոխել հին հեռախոսիս ողջ տեղեկատվությունը։ Ես նրան խնդրեցի համակարգչիս միջից նոր հեռախոսիս մեջ տեղափոխել դրանք։ Դա պատահեց իմ՝ «Դինամո» տեղափոխությունից քիչ առաջ 2014-ի հուլիսին,-ասել է ֆուտբոլիստը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում