Արայիկ Բաղդադյան. Գոհ եմ Մնացականյանից, Մարգարյանից և Ֆրանգուլյանից

Արայիկ Բաղդադյան. Գոհ եմ Մնացականյանից, Մարգարյանից և Ֆրանգուլյանից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ամփոփել է աշխարհի ակումբային առաջնությունը: Հիշեցնենք, որ Իրանում կայացած  առաջնությանը Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է իրանական «Քեֆայաթիին»:

«Վիճակահանության արդյունքում Բուլղարիայի, Ղրղզստանի և Վրաստանի ակումբների հետ հայտնվել էինք «C» խմբում: Հաջորդ փուլ էին դուրս գալիս միայն առաջին տեղ գրաված ակումբները: Առավելության հասանք ղրղզների, բուլղարների և վրացիների նկատմամբ: Վերջիններիս հետ հանդիպումներն ավարտվել էին 4:4 հաշվով, սակայն մենք միավորների բացահայտ առավելություն ունեինք և խմբից դուրս եկանք առաջին տեղով:

Կիսաեզրափակչում ամերիկյան ակումբին պարտվեցինք 6:2 հաշվով, բայց ընդհանուր հաշիվը կարող էր այլ լինել: Բանն այն է, որ 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը հաղթում էր ամերիկացի ըմբիշին 6:2 հաշվով, բայց անակնկալ կերպով պարտվեց: Ցավալի վնասվածք ստացավ 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը, ով երեք գեղեցիկ հաղթանակ տոնելուց հետո` վնասեց ձեռքը, և մենք ստիպված եղանք հանել նրան հետագա պայքարից: Այդ պատճառով էլ պարտություն գրանցվեց 70 կգ քաշում:

Բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեցինք 1:7 հաշվով: Միակ հաղթանակը տարավ Գառնիկ Մնացականյանը: Ինչ վերաբերում է մարզիկների ելույթներին` գոհ եմ Գառնիկ Մնացականյանից (57 կգ), Վալտեր Մարգարյանից (57 կգ) և Վալոդյա Ֆրանգուլյանից (65 կգ): Դժգոհ եմ Երվանդ Թադևոսյանից (61 կգ) և Վարուժան Կաջոյանից (74 կգ): Մյուս ըմբիշների ելույթները նորմալ եմ գնահատում»,- Բաղդադյանի խոսքը մեջբերված է ՀԱՕԿ-ի լրատվականից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում