Ո՞վ է Սանտյագո Բեռնաբեուն

Ո՞վ է Սանտյագո Բեռնաբեուն

Սանտյագո Բեռնաբեու. այս անունը հազար անգամ ենք լսել, բայց ի՞նչ գիտենք նրա մասին, ում պատվին անվանակոչվել է Մադրիդի «Ռեալի» մարզադաշտը:

Հաջողություն, սուպերաստղեր, լեգենդար մարզադաշտ, արխիվային առանձին պահարաներ: Այս ամենը «Ռեալի» համար Սանտյագո Բեռնաբեու անունն է նշանակում: Այս անունը հավերժ կապված է «Արքայական ակումբի» հետ և ոչ միայն մարզադաշտի պատճառով: 

Արխիվային պահարաննե՞ր: Սանտյագո Բեռնաբեուն, գուցե գրասենյակային իրեր ու կահույք չի գնել, բայց նա սեփական ձեռքերով կատարելագործել է այն, ինչ գործածում են ֆուտբոլային ակումբներում: Հավակնոտ իսպանացին կազմակերպությունն առանձին բաժիններով առանձնացրեց ըստ դրանց պարտականությունների և իրավունքների:

Բարի գալուստ, Ալֆրեդո

Հենց Բեռնաբեուն է «Ռեալին» բիզնեսին բնորոշ արդյունավետ կառույց դարձրել: 40-ականների կեսերին մեկնարկած վերակառուցումը չլսված մի բան էր: Նրա շնորհիվ ակումբը կարողացավ շրջանցել «Ատլետիկոյին» և Բիլբաոյի «Ատլետիկին»: 

Փոփոխություններն ակումբ բերեցին գործակալներին ու կադրային մասնագետներին: Հզոր հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոն, ով փառք բերեց «Ռեալին», ակումբում չէր հայտնվի, եթե չլիներ Բեռնաբեուի ուշադրությունն ու հաջողության հասնելու ձգտումը: 

Բեռնաբեուն ինքն էլ վատ ֆուտբոլիստ չէր: Նա ծնվել է Ալբասետեում, 1895-ին, իսկ 5 տարեկանում տեղափոխվել է Իսպանիայի մայրաքաղաք: 10 տարի անց հայտնվել է «Ռեալի» երիտասարդական թիմում: Երիտասարդ հարձակվողն արագ հայտնվել է հիմնական կազմում և այնտեղ է մնացել մինչև հեռանալը՝ 1927 թվականը:

Չնայած իրավաբանի դիպլոմին` կյանքն օրենքին ծառայելու հնարավորություն չտվեց, ու նա ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո որոշեց մնալ ակումբում և ադմինիստրատիվ աշխատանք կատարել: Այդպես Սանտյագոն ծանոթացավ ֆուտբոլային բիզնեսին, ու երբ իսպանական առաջնությունը վաստակեց պրոֆեսիոնալի կարգավիճակը, նա շատ արագ կարողացավ «Ռեալն» աշխարհի առաջին գրանդը դարձնել: 

Բարի գալուստ, նոր «Չամարտին»

1943-ին դառնալով ակումբի նախագահ` Սանտյագո Բեռնաբեուն որոշեց իրավաբանի իր բոլոր հմտություններն օգտագործել բազմաթիվ պայմանագրեր կնքելու և մադրիդյան ակումբը վերակառուցելու համար: Նորարարությունների թվում նա նաև նոր մարզաձևեր ընդգրկեց` հանդբոլ և բասկետբոլ:

Բեռնաբեուի գլխավոր ձեռբերումը «Նոր Չամարտինի» շինարարությունն էր: Նույնանուն նախկին մարզադաշտը շատ էր անշուք և հին:  Նոր մարզադաշտը բացվեց 1947-ին, իսկ 50-ականներին բարենորոգումներ կատարվեցին: 1955-ին մարզադաշտն անվանափոխվեց իրեն կյանք նվիրած նախագահի պատվին:

Հերթը հասավ տիտղոսներին: «Ռեալը» հաղթեց Եվրոպական չեմպիոնների գավաթի առաջին 5 խաղարկություններում: Մրցաշար, որը լույս աշխարհ չէր գա առանց Բեռնաբեուի: Մադրիդցիներն իրենց կազմում միջազգային աստղերի ընդունած առաջին թիմը դարձան: Վերջիններիս թվում էին դի Ստեֆանոն, Ֆերենց Պուշկաշը, Ռայմոն Կոպան:

Ժառանգություն

Ալֆրեդո դի Ստեֆանոյի և Պուշկաշի հեռանալուց, «Բենֆիկայի» նման նոր ուժի առաջ գալուց և իտալական ակումբների՝ իրենց «կատենաչոներով» հայտնվելուց հետո «Ռեալն» աստիճանաբար սկսեց նահանջել: Սա իսպանացիներին չխանգարեց 1966-ին նվաճել Եվրոպական չեմպիոնների գավաթը, որից հետո ակումբը դադարեց հաղթել Եվրոպայում: Բեռնաբեուի գաղափարներն ու աշխատանքն այդուհանդերձ շարունակեցին օգուտ բերել ակումբին, որը նրա գործունեության 35 տարիների ընթացքում 71 տիտղոս նվաճեց: Սանտյագո Բեռնաբեուն մահացավ Մունդիալ 1978-ի ժամանակ, 82 տարեկան հասակում: ՖԻՖԱ-ն այդ առիթով պաշտոնական սուգ հայտարարեց: 

Իսկ «Ռեալի» մարզադաշտը շարունակեց մեծ խաղեր ընդունել. 1980-ին «Նոթինգեմ Ֆորեսթը» երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպական ակումբների գավաթի հաղթողը: Երկու տարի անց` աշխարհի առաջնության նախօրեին, վերանորոգման մեծ աշխատանքներ կատարվեցին (մարզադաշտն ընդունեց եզրափակիչ հանդիպումը): «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած վերջին կարևորագույն խաղը Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր, որում Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ «Ինտերը» հաղթեց «Բավարիային»:

«Ռեալը» շատ է հպարտանում իր մարզադաշտով: 2009-ին EST (Estadio Santiago Bernabeu) սկզբնատառերով և բացման տարեթվով (1947) հատուկ կրծքանշան ստեղծվեց: Այդ կրծքանշանով մարզաշապիկները ֆուտբոլիստները կրեցին 2009-10թթ ամբողջ մրցաշրջանի ընթացքում:

Հետագա պլաններում ֆուտուրիստական վերափոխումն է: 2014-ի հունվարին նախագահ Ֆլորենտինո Պերեսն աշխարհին ցույց տվեց ապագա «Սանտյագո Բերնաբեուի» նկարները: Մարզադաշռը գերժամանակակից արտաքին կունենա, շարժական տանիք ու «Ալյանց Արենայի» պես լուսավորություն:

«Ցանկանում ենք, որ այն աշխարհի լավագույն մարզադաշտը լինի, հարմարավետ լինի ու համարվի ժամանակակից ճարտարապետության նմուշ, համաշխարհային խորհրդանիշ` եզակի ու հետաքրքրաշարժ»,-ասել է Պերեսը:

Մարդկանց պատվին անվանակոչված այլ մարզադաշտեր

«Ջուզեպպե Մեացցա», Միլան, Իտալիա

Աշխարհի ամենահայտնի մարզադաշտերից մեկը՝ «Ջուզեպպե Մեացցան» իրենից ավտոկայանատեղի և տիեզերանավ հիշեցնող կառույց է ներկայացնում: 80.000 հանդիսականի ընդունող մարզադաշտը համարվում է իտալական հսկաներ «Ինտերի» և «Միլանի» տունը:

Արենան անվանել են ի պատիվ իտալական ֆուտբոլի արքա Ջուզեպպե Մեացցայի (1910-1979թթ.), ով իր ժամանակին գոլ խփող իսկական մեքենա էր: Նա ակրոբատիկ գնդակներ էր խփում, հզոր հարվածների ու անմարդկային դրիբլինգի էր տիրապետում: Իտալացի սուպերհերոսը «ֆուտբոլի Դա Վինչի» կեղծանունն էր ստացել:

«Արմանդո Պիկկի», Լիվորնո, Իտալիա

1935-ին բացված և 1990-ին Արմանդո Պիկկիի պատվին իր անունը ստացած մարզադաշտը «Լիվորնոյի» տունն է և վայր, որտեղ ելույթ են ունեցել Բոբ Դիլանն ու «Kraftwerk»-ը: Արմանդո Պիկկին իտալացի լավագույն ֆուտբոլիստներից էր: Պիկկին Եվրոպական չեմպիոների 2 գավաթ է նվաճել: Մահացել է երիտասարդ տարիքում` 35 տարեկանում (1971 թվականին): 

«Ներեո Ռոկկո», Տրիեստե, Իտալիա

Մարզադաշտն Իտալիայի հյուսիս-արևմուտքում է, բացվել է 1992-ին: Այստեղ շատ ակումբներ են տեղավորվել, որոնց թվում նաև «Կալյարին», «Ուդինեզեն» և «Տրիենստինան»: 

Մարզադաշտն իր անունը ստացել է գինիների սիրահար Ներեո Ռոկկոյի պատվին, ով փառավորվել է որպես մարզիչ: Իր կարիերայի ընթացքում Ռոկկոն Եվրոպական չեմպիոնների 2 գավաթ է նվաճել, չեմպիոնի 2 տիտղոս, ՈւԵՖԱ-ի գավաթակիրների 2 գավաթ և արժանացել Միջմայրցամաքային գավաթին: Նա ծնվել է Տրիեստեում, խաղացել տեղական թիմի կազմում և մահացել 66 տարեկան հասակում:

 

Կարդացեք նաև` 

Հետևեք մեզ նաև Telegram-ում