Դավիթ Սաֆարյան. Առաջին իսկ գոտեմարտից զգացի, որ կարող եմ հաղթել մրցաշարում

Դավիթ Սաֆարյան. Առաջին իսկ գոտեմարտից զգացի, որ կարող եմ հաղթել մրցաշարում

Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայում անցկացվում է Շևալյե Նուսուևի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը: Մրցումային առաջին օրը գորգ դուրս եկած 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը կանգնեցին պատվո հարթակի համապատասխանաբար առաջին և երրորդ հորիզոնակններին:

Sport Times.am-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Սաֆարյանն ասաց, որ այս մրցաշարին ֆիզիկապես լավ էր պատրաստված.

«Առաջին իսկ գոտեմարտից հետո զգացի, որ կարող եմ հաղթել մրցաշարում: Ինձ լավ էի զգում»:

Դավիթը նշեց, որ ամենալարված գոտեմարտը ստացվել է կիսաեզրափակչում՝ Ահմեդ Ուսմանովի հետ, որին պարտվում է 1:3 հաշվով և միայն գոտեմարտից 3 վայրկյան առաջ կարողացավ 5 միավոր վաստակել և հաղթել 6:3 հաշվով.

«Առաջին անգամ էի նրա հետ մրցում: Կարող եմ ասել, որ հանդիստաեսի համար էլ լարված գոտեմարտ ստացվեց: Ես պարզապես պարտավոր էի ինչ-որ բան անել գոտեմարտի վերջնամասում: Եզրափակչում մրցակիցս նույնպես շատ փորձառու ըմբիշ էր, Ռուսաստանի չեմպիոն: Եզրափակչում առաջին կեսը ասես քնած լինեի, բայց հետո հավաքվեցի և արդյուանվետ հնարք արեցի»,- անկեղծացավ Դավիթը:

Հարցին, թե որ քաշային կարգում է իրեն ավելի լավ զգում, Դավիթը պատասխանեց, որ միանշանակ իր հիմնական՝ 65 կգ քաշային կարգում.

«Իմ անձնական քաշը հիմա 69-70 կգ է: Ես քաշի հետ կապված խնդիրներ չունեմ, բայց կլինեն մրցաշարեր, որտեղ կմասնակցեմ 70 կգ քաշային կարգում, որպեսզի ավելորդ անգամ օրգանիզմս չծանրաբեռնեմ: Օրինակ՝ Սոսլան Անդիևի մրցաշարում, հանդես էի գալիս 70 կգ քաշային կարգում, բայց մրցակիցներս ավելի ծանր էին, և ես ֆիզիկապես զիջում էի նրանց»:

Դավիթը նաև նշեց, որ առջևում հավաքների մի ամբողջ շարք կա. «Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը կկազմի հավաքների ու մրցաշարերի օրացույցը և կշարունակենք դրանով պատրաստվել»:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում