Մատաղիսի պատանիները պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու հնարավորություն են ստացել

Մատաղիսի պատանիները պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու հնարավորություն են ստացել

Վերջին ժամանակներս Մարտակերտի շրջանի Մատաղիսի համայնքի պատանիները պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու հնարավորություն են ստացել:

Մոտ մեկ տարվա ժամկետային զինծառայող Սմբատ Սահակյանը նրանց հետ ազատ ոճի ըմբշամարտով է զբաղվում: Սահմանային լարվածությանը նրանք հակադրում են առօրյա բնականոն կյանքը, որը նաև մարմինն ու հոգին կոփելու հնարավորություն է տալիս: Չնայած դահլիճի ու գորգի փոքրությանը՝ պատանիները հաճույքով են հաճախում մարզադահլիճ:

Սա, եթե ոչ բացառիկ, ապա հազվադեպ հանդիպող երևույթ է, երբ ժամկետային զինծառայության մեջ գտնվող մարզիկը տեղի, հաճախ, սահմանային բնակավայրերի երեխաների հետ որևէ մարզաձևով է զբաղվում: Այդպիսով, և’ սահմանային գոտում ապրող երեխաներն են սպորտով զբաղվելու հնարավորություն ստանում, և’ ժամկետային զինծառայող մարզիկն է լավ մարզավիճակում մնում: Սմբատ Սահակյանը հնարավորություն է ստանում ոչ միայն համաբանակային մրցումներում գերազանց արդյունքներ ապահովելու, այլև զորացրվելուց հետո` վերադառնալու պրոֆեսիոնալ սպորտ:

Սահմանային Մատաղիսում մարզաձևը բավականին արդիական է. այստեղ լավ գիտեն՝ պետք է պատրաստ լինել ցանակացած իրադրության: Սահմանագծից մոտիկությունն էլ ավելի է զորացնում նրանց ոգին: Մատաղիսի մարզիկները տրամադրված են մարտական ու հաստատակամ են` հայրենիքի պատիվը ոչ միայն զենքով, այլև սեփական մարզական ձեռքբերումներով բարձր պահելու: Մարզչի զորացրվելուց հետո էլ` պատատիները մարզվելու հնարավորություն են խնդրում:

Դեկտեմբերի 5-ին նրանք առաջին անգամ մասնակցեցին Ստեփանակերտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի «Հայր և որդի Մուրադյաններ» հուշամրցաշարին ու բավականին համարձակ ելույթներ ունեցան: Թեժ պայքարի արդյունքում մատաղիսցի յոթ մարզիկներից երկուսը գրավեցին երրորդ հորիզոնականը:

***

Արցախում ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիր Ալիխան Մուրադյանին և Ալբերտ ու Վահրամ Մուրադյաններին նվիրված հուշամրցաշարին 12 քաշային կարգերում ելույթ են ունեցել թվով 100 մարզիկներ` Արցախի գրեթե բոլոր շրջաններից ու Հայաստանի Երևան ու Մասիս քաղաքներից:

«Խորհրդային միության զինված ուժերի չեմպիոն Ալիխան Մուրադյանը զորացրվելով` վերադառնում է հայրենիք ու 1950-ական թթ. Ստեփանակերտում ու հայրենի Սարդարաշեն գյուղում սկսում զբաղվել մարզչական գործունեությամբ: Պահանջկոտ ու հայրենասեր մարզիչն իր սաներին ոչ միայն մարզաձևն է ուսուցանել, այլև կյանքի դասեր տվել: Պատահական չէ, որ նրա երկու որդիներն էլ Արցախյան պատերազմի նվիրյալներից են, ու առանց վարանելու, իրենց կյանքն են դրել հայրենիքի փրկության զոհասեղանին:

Մուրադյանների գերդաստանում պրոֆեսիոնալ սպորտի ավանդույթները սերնդեսերունդ են փոխանցվում: Անվանի մարզչի որդին` Ալբերտը, նույնպես որոշ ժամանակ մարզչական գործունեությամբ է զբաղվել»,- ասում է Արմեն Մուրադյանը, ով շուրջ մեկ տարի է, շարունակելով հոր ու պապի գործը, մարզչական գործունեություն է ծավալում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում