Արայիկ Բաղդադյան. Գոհ եմ տղաների ելույթներից

Արայիկ Բաղդադյան. Գոհ եմ տղաների ելույթներից

Դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում կայացել է ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը, որում աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը ոսկե մեդալ է նվաճել, իսկ 2014 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը դարձել է երրորդ մրցանակակիր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը գնահատել է հայ ըմբիշների ելույթները:

«Գոհ եմ տղաների ելույթներից: Ի տարբերություն 2014 թվականի, այս տարի Նուսուևի հուշամրցաշարին մասնակցում էին բավականին ուժեղ ըմբիշներ: Աշխարհի չեմպիոններ կային, և ոչ բոլորին հաջողվեց ոսկե մեդալ նվաճել: Դավիթ Սաֆարյանն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, արտերկրի ոչ մի մրցաշարում չէր հաղթել: Այս տարի Հայաստանում Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում էր չեմպիոն դարձել: Սաֆարյանը շատ լավ գոտեմարտեր անցկացրեց: Ինքներդ էլ տեսաք, թե ինչ բարդ մրցակիցներ կային Դաղստանից, Օսեթիայից:

Գարիկ Բարսեղյանը նույնպես լավ մասնակցեց, սակայն տակտիկական սխալ թույլ տվեց Գեբեկովի հետ պայքարում, վերջինս պատահական ըմբիշ չէր: Ինչ վերաբերում է Նուրմագոմեդովին՝ նրանից դժգոհ չեմ: 2-3 տարի ամբողջովին հեռացել էր սպորտից, այժմ վերսկսել է մարզումները և այդ կարճ ժամանակահատվածում հասել այնպիսի մարզվիճակի, որ առավելության է հասնում երկու մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակչում էլ կարող էր հաղթել, սակայն այստեղ խոսեց այդ տարիների բացթողումը: Նա լավ ըմբիշ է, եթե իրեն արդարացնի, աչքաթող չենք անի»,-ասել է Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվության բաժնի զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում