Դեպայ, Պեդրո, Ֆալկաո… Ովքե՞ր դեռ չեն արդարացրել սպասելիքները

Դեպայ, Պեդրո, Ֆալկաո… Ովքե՞ր դեռ չեն արդարացրել սպասելիքները

Ձմեռային տրանսֆերային պատուհանը սարերի հետևում չէ, իսկ ամառային ձեռքբերումներից ոչ բոլորն են արդարացրել ակումբների սպասելիքները: Անգամ անհասկանալի է՝ այս ֆուտբոլիստներն ինչու՞ փոխեցին ակումբները:

Ալվարո Նեգրեդո
«Մանչեսթեր Սիթիից» 28 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Վալենսիա»

Նեգրեդոն իսպանական ակումբի ֆուտբոլիստ փաստացի այս ամռանը դարձավ, թեև մինչև այդ վարձավճարի դիմաց էր հանդես գալիս: Լա Լիգայի  2014-15թթ. մրցաշրջանի 30 խաղում՝ խփած 5 գնդակ և 4 գոլային փոխանցում. իդեալական ցուցանիշ չէ, բայց վարձակալության պայմանագրում պարտադիր կետ էր նրան գնելը, ու ակումբն այլ տարբերակ չունեցավ: Արդեն նախկին գլխավոր մարզիչ Նունու Սանտուն անցյալ մրցաշրջանում հիանալի հարաբերություններ ուներ հարձակվողի հետ, բայց «Գենտի» դեմ առաջին խաղից առաջ նրան չընդգրկեց հիմնական կազմում՝ մարզական պատճառներ առաջ բերելով:

Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի 9 խաղում՝ 1 գնդակ, 2 ամսվա ընթացքում խաղային պրակտիկայի բացակայություն. Ալվարոն հունվարին ստիպված կլիներ նոր ակումբ փնտրել, բայց  «Վալենսիան» ի դեմս Գարի Նևիլի՝ նոր գլխավոր մարզիչ ունի, և հիմա ֆուտբոլիստն էլ որոշ հույսեր ունի:

Սիմոնե Ձաձա
«Սասուոլոյից» 18 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Յուվենտուս»

Ձաձայի տրանսֆերն այս ամռանն ամենախելահեղ գործարքների ցանկում է: Դեռ հայտնի չէ, թե թուրինյան ակումբի ղեկավարությունն ինչու՞ է Կառլոս Տևեսի արժեքի եռապատիկը վճարել. 24-ամյա հարձակվողն Իտալիայի ընթացիկ առաջնությունում դեռ 2 անգամ գոլի հեղինակ դարձել («Սասուոլոյի» կազմում անցյալ մրցաշրջանում 11 գոլի հեղինակ էր դարձել): Ձաձան նստում է պահեստայինների նստարանին, և ապագայում իրավիճակը շտկելու հնարավորություն գրեթե չունի, քանի որ Մասիմիլիանո Ալեգրին ավելի շատ Ալվարո Մորատային, Պաոլո Դիբալային և Մարիո Մանջուկիչին է վստահում, իսկ Սիմոնեն թիմում բացառապես պահեստային խաղացողի կարգավիճակ ունի:

Ձաձայի շուրջ են պտտվում «Նորվիչը» և Ա Սերիայի երկրորդ տասնյակի մի քանի ակումբներ: Ինչպես երևում է՝ նա պետք է հեռանա, քանի որ Թուրինում անցկացրած ժամանակահատվածում հպարտանալու առիթ դեռևս միայն Բուֆֆոնի հետ սելֆին է տալիս:

Պեդրո
«Բարսելոնայից» 27 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Չելսի»

Մինչև Լուիս Սուարեսի հայտնվելը, իսպանացին «Բարսելոնայի» հարձակվողների եռյակում էր, իսկ Լոնդոն տեղափոխվեց հիմնական կազմում մշտական տեղ ունենալու համար: Սկզբում Պեդրոն գրեթե միշտ դաշտում էր, բայց Մոուրինյուի գաղափարներով գոյատևել չի կարող. 4-2-3-1 մարտավարության պարագայում նա այնքան էլ լավ չի խաղում, արդյունքում գոլեր չի խփում, արդյունավետ փոխանցումներ չի կատարում:

«WhoScored»-ի տված 6.96 գնահատականը չնչին արդյունք է իսպանացու համար («Բարսելոնայում» 7-ից ցածր նա 1 անգամ է ստացել): Կարող եք ասել, որ սա ավելի շատ «Չելսիի» խնդիրն է, քան ֆուտբոլիստի, քանի որ թիմն անդունդն է գլորվում, սակայն դա չի փոխում այն փաստը, որ կատալոնական մրցակցությունից փախած Պեդրոյից ավելին էին սպասում:

Էրնանես
«Ինտերից» 11.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Յուվենտուս»

Էրնանեսին տեսե՞լ եք այս մրցաշրջանում: Դժվար, որովհետև այդ տղան չի խաղում: Նա «Լացիոյում» խաղալիս ոչնչացնում էր մրցակիցներին, լավագույններից էր «Ինտերում», բայց Թուրինում Ալեգրին Էրնանեսին որպես փոխարինող տարբերակ է ընդունում:

Բրազիլացին, դաշտ դուրս գալով, իսկապես, փոխում է խաղը, բայց դեպի վատը: Նա արագ չէ, նրա անվան դիմաց ոչ մի գոլ կամ գոլային փոխանցում չկա, իսկ կատարած փոխանցումների միջին ցուցանիշը 0.5 է, ինչը շատ ցածր է նրա դիրքում խաղացողի համար: «Յուվեն» աստիճանաբար լուծում է խնդիրները, իսկ բրազիլացին, ով ազդրի վնասվածք ունի, դեռ շարունակում է խաղին կողքից հետևել:

 

Մեմֆիս Դեպայ
ՊՍՎ-ից 28 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

Լուի վան Գալը դեռ Մունդիալ 2014-ից էր հաճոյախոսում երիտասարդ կիսապաշտպանին: Մունդիալի ժամանակ նա հիանալի էր խաղում (2 գնդակ և 1 գոլային փոխանցում՝ 4 խաղում): Մարզիչն այդ ժամանակվանից Դեպայի մասին որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա ֆուտբոլիստի էր խոսում, բայց Մեմֆիսին խորհուրդ տվեց դեռ 1 տարի էլ մնալ ՊՍՎ-ում:

2015-ի ամռանը մանչեսթերյան ակումբի հաշվից զգալի գումար փոխանցվեց, իսկ փոխարենը թիմում հայտնվեց դեռևս արդյունավետ գործողություններով աչքի չընկնող երիտասարդ: Ընդամենը 2 գնդակ, գոլային 1 փոխանցում, 0.6 առանցքային փոխանցում 1 խաղի ընթացքում (9-րդը «Մանչեսթեր Յունայթեդում») և ըստ «WhoScored»-ի, 6.67 միջին գնահատական (18-րդը թիմում)…

Ռադամել Ֆալկաո
«Մոնակոյից» 8.3 մլն եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվել է «Չելսի»

2014-ին հարձակողի ստացած լուրջ վնասվածքը նրան սկզբում զրկեց Մունդիալ 2014-ի մասնակցությունից, ապա նաև երկրագնդի լավագույն հարձակվողներից մեկի կարգավիճակից: Եթե անցյալ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 29 խաղում խփած 4 գնդակը կարելի է բացատրել դաշտից երկար ժամանակ բացակայելու և նոր առաջնությունում հայտնվելու հիմքով, ապա «Չելսիի» կազմում 10 խաղում 1 գնդակի փաստը, մեկնարկային կազմում ընդամենը 2 խաղը, ենթադրում են, որ Ֆալկաոն առաջվանը չէ:

«ESPN»-ի տեղեկություններով լոնդոնցիները մտադիր են ձմռանը դադարեցնել հարձակվողի հետ պայմանագիրը: Նրա խաղով հետաքրքվածների շարքում «Զենիթն» է, ու դա վատ տարբերակ չի լինի Ֆալկաոյի համար, ով Անդրե Վիլաշ-Բոաշի ղեկավարությամբ և Հալկի ընկերակցությամբ 2011-ին փայլել է Եվրոպա լիգայում:

Ստեֆան Սավիչ
«Ֆիորենտինայից» 25 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ատլետիկո»

25 մլն եվրո կենտրոնական պաշտպանի համար վճարելիս ակումբը հանճարեղ պաշտպանի հույս է ունենում: Հնարավոր է, որ Սավիչը հենց այդպիսին է, բայց Դիեգո Սիմեոնեն ստուգել դա չի ցանկանում. առաջնությունում ընդամենը 3 հանդիպում (բոլորն էլ լիարժեք): Արգենտինացի մարզիչը 24-ամյա խաղացողի փոխարեն գերադասում է արդեն ոչ երիտասարդ Դիեգո Գոդինին ու երիտասարդ Խոսե Մարիա Խիմենեսին:

«Ֆիորենտինայի» կազմում անցկացրած 3 մրցաշրջանից հետո Սավիչն ամուր նստեց պահեստայինների նստարանին, և դեռ հայտնի չէ՝ կկորցնի՞ ինքնավստահությունը խաղային պրակտիկայի բացակայության պատճառով:

Ֆաբրի Բորինի
«Լիվերպուլից» 10.7 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Սանդերլենդ»

««Լիվերպուլում» ինձ հայտացուցակում չէին ընդգրկում անգամ այն դեպքում, երբ այլ հարձակվողներ չկային: Իմ նպատակը Եվրո 2016-ն է: Կարծում եմ՝ կհասնեմ դրան «Սանդերլենդի» կազմում պարբերաբար խաղալով»,-Բորինին ակումբը փոխելուց հետո լիահույս էր:

Դիկ Ադվոկատի համար Ֆաբիոյի նպատակները միևնույն էին, ու նա հարձակվողին թողեց պահեստայինների շարքում՝ հարձակման գծի գլխավոր դիրքերում Դեֆոյին, Ֆլետչերին և Ուոթմորին օգտագործելով: Հոլանդացի մարզչի հեռանալը Բորինիի կյանքում ոչինչ չփոխեց. Սեմ Էլարդայսի ղեկավարության ընթացքում նա ընդամենը կես խաղակես անցկացրեց դաշտում ու թիմի ելույթներին շարունակում է պահեստայինների նստարանից հետևել:

Ստեֆան Էլ-Շարավի
«Միլանից» 2 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մոնակո»

Այս տղան 3 մրցաշրջան առաջ Ա Սերիայում ոչնչացնում էր բոլորին՝ կարողանալով «Միլանում» 37 խաղում 16 գնդակ խփել: Հիմա 20-ամյա այդ պայթուցիկից ոչինչ չի մնացել, քանի որ ամռանը «Մոնակո» տեղափոխվելուց հետո նա ոչնչով աչքի չի ընկել: Այդուհանդերձ, Ստեֆանը 18 խաղի է մասնակցել, ու ձմռանը «Մոնակոն» պետք է գնի նրա տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց (վարձակալության պայմանների համաձայն՝ տրանֆերի ձեռքբերումն ակտվիանում է 15 խաղից հետո):

Էլ-Շարավին Իտալիայից հանուն խաղային պրակտիկայի հեռացավ, բայց «Մոնակոյում» ևս մրցակցություն գոյություն ունի, և այստեղ Ստեֆանը պարտվում է երիտասարդ պորտուգալացի Էլդեր Կոշտային և արգենտինացի Գվիդո Մարսելո Կարիլյոյին: Հարձակվողին շարունակում են Իտալիայի հավաքական հրավիրել, բայց եթե նա շարունակի միջինում 1 խաղակես անցկացնել դաշտում, ապա կվտանգի Եվրոպայի առաջիկա առաջնության մասնակցությունը:

Մարիո Սուարես
«Ատլետիկոյից» 15 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ֆիորենտինա»

Եվս մեկ ֆուտբոլիստ, ով հանուն խաղային պրակտիկայի փոխեց ակումբը, բայց սխալ ընտրություն կատարեց: Անցյալ մրցաշրջանում իսպանացին Սիմեոնեի պահեստային նստարանին առաջինն էր, իսկ ամռանը դարձավ Սավիչի տրանսֆերի մի մասը: Սուարեսը «WhoScored»-ի 6.74 գնահատականով թիմում ընդամենը 16-րդն է:

Նրա հաշվին ոչ մի գոլային փոխանցում չկա, առանցքային փոխանցումների թիվը 0.1 է, իսկ մեկ խաղում դարպասին կատարած հարվածների ցուցանիշը՝ 0.7 է: Մարիոյի կարիերան Իտալիա տեղափոխվելուց հետո հետընթաց ապրեց: 

Օգտագործված աղբյուր՝ Eurosport:

Հետևեք մեզ նաև Telegram-ում