Արայիկ Բաղդադյան. Օլիմպիական 4 ուղեգիրը կհարամենք լավ արդյունք

Արայիկ Բաղդադյան. Օլիմպիական 4 ուղեգիրը կհարամենք լավ արդյունք

«Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում տեղի ունեցած Գառնիկ Առաքելյանի հուշամրցաշարով մրցաշրջան 2015-ը ավարտեցին ազատ ոճի Հայաստանի ըմբիշները: Դեկտեմբերի 12-26-ը կայանալիք ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով նրանք կսկսեն օլիմպիական տարվա նախապատրաստությունը:

Այս առիթով ՀԸԲ-ի պաշտոնական կայքի հարցերին է պատասպանել ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

-Պարոն Բաղդադյան, Գառնիկ Առաքելյանի հուշամրցաշարը լավ առիթ է ամփոփելու անցնող տարին:

-Այս հուշամրցաշարին մասնակցեցին մինչև 23 տարեկան ըմբիշները: Ցավոք, մասնակիցների քանակը քիչ էր, և հուշամրցաշարն անցկացվեց մեկ օրում: Հաղթող ըմբիշները կմիանան մեծահասակների հավաքականին և դեկտեմբերի 12-ից Ծաղկաձորում կսկսենք 2016 թվականի նախապատրաստության առաջին ուսումնամարզական հավաքը: Ինչ վերաբերում է անցնող մրցաշրջանին ամբողջությամբ, ապա այն գնահատում եմ բավարար: Ճիշտ է՝ Բաքվում տարբեր պատճառներով չկարողացանք մեդալ նվաճել, սակայն լուրջ հաջողություններ ունեցանք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մեկ օլիմպիական ուղեգիր էլ ձեռք բերեցինք Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում:

-2016 թվականին կան մի քանի կարևոր մրցաշարեր՝ Եվրոպայի առաջնություններ և վարկանիշային մրցաշարեր: Ո՞րն եք ավելի կարևորելու:

-Քանի որ մյուս տարի իսկապես շատ մրցաշարերի պետք է մասնակցեն մեր առաջատար ըմբիշները, ուստի որոշել ենք Հայաստանի առաջնություն չանցկացնել, որպեսզի մեկ անգամ ավելի տղաները քաշ չգցեն: Միևնույն է՝ բոլոր քաշային կարգերում առաջին և երկրորդ համարները հայտնի են: Մինչև 23 տարեկանների հաղթողներն էլ կհամալրեն հավաքականը և կսկսենք նախապատրաստական փուլը: Մարտի սկզբին Ռիգայում կմասնակցենք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, այնուհետև նույն ամսվա վերջին Բուլղարիայում տեղի կունենա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ապրիլից կսկսեն վարկանիշային մրցաշարերը:

Եվրոպա աշխարհամասի վարկանիշային ընտրական մրցաշարը տեղի կունենա 2106 թ ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում: Այնտեղ օլիմպիական ուղեգրերի կարժանանան 1-2-րդ տեղերը գրաված ըմբիշները:  Օլիմպիական ուղեգրերի բաշխման վերջին՝ 3-րդ փուլում կազմակերպվելու են համաշխարհային ընտրական վարկանիշային երկու մրցաշարեր:

«Վերջին հնարավորություն» անվանումով առաջին մրցաշարը կայանալու է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում, 2016 թ ապրիլի 22-24-ը: Այստեղ յուրաքանչյուր քաշային կարգում կխաղարկվի 3-ական օլիմպիական ուղեգիր: Իսկ հաջորդ համաշխարհային ընտրական վարկանիշային մրցաշարը, որ կլինի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի ուղեգիր ստանալու ամենավերջին հնարավորությունը, կայանալու է 2016 թ մայիսի 6-8-ը, Ստամբուլում: Հույս ունենանք, որ գործը Ստամբուլին չի հասնի:

-Իսկ քանի՞ օլիմպիական ուղեգիր եք ակնկալում:

-Ցանկալի կլինի, որ բոլոր վեց քաշային կարգերում էլ ունենանք մասնակից, բայց 4 ուղեգիրը կհամարենք լավ արդյունք: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում