Լևոն Ջուլֆալակյանն ամփոփել է տարին և խոսել 2016-ի սպասելիքներից

Լևոն Ջուլֆալակյանն ամփոփել է տարին և խոսել 2016-ի սպասելիքներից

2015 թվականի նվաճումների ու բացթողումների, ինչպես նաև 2016 թվականին իր կանխատեսումների ու սպասելիքների մասինվ ՀԸՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:

-Պարոն Ջուլֆալակյան, 2015-ը որոշ առումներով դժվար տարի էր հայկական հունահռոմեական ըմբշամարտի համար, այնուամենայնիվ, թեկուզ սպասվածից քիչ, բայց եղան լուրջ հաջողություններ:

-Այս տարի չանցկացվեց Եվրոպայի առաջնություն, փոխարենը Բաքվում կայացան առաջին Եվրոպական խաղերը: Քանի որ ընտրված ժամանակահատվածը խանգարում էր մեր ծրագրերին, մենք լավագույն կազմով չմասնակցեցինք այդ խաղերին: Այնուամենայնիվ, 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանի մասնակցությունը շատ հաջող էր, և նա պետք է կանգներ պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Սակայն մրցավարական սխալների պատճառով բավարարվեց արծաթե մեդալով: Մրցավարական և այլ պատճառներով մեդալների և օլիմպիական ուղեգրերի ցանկալի քանակը չապահովեցինք Լաս Վեգասում կայացած այս տարվա աշխարհի առաջնությունում: Միհրան Հարությունյանը պետք է հանդես գար եզրափակչում և առնվազը նվաճեր արծաթե մեդալ: Սակայն թե՛ կիսաեզրափակչում, թե՛ բրոնզե մեդալի համար պայքարում նրան խանգարեցին մրցավարները: Մրցավարական կողմնապահություն եղավ նաև Արսեն Ջուլֆալակյանի հանդեպ: Արսենից սպասում էինք մեդալ, սակայն նա հենց առաջին գոտեմարտում հանդիպեց իր հիմնական մրցակից Ռոման Վլասովին: Արսենը, որ միշտ, բոլոր մրցակիցների հետ գոտեմարտելիս ակտիվ է լինում, այս էլ որերորդ անգամ Վլասովի հետ մրցելիս առաջինն է հայտնվում ծնկադիր դրությունում: Այս անգամ էլ մրցավարները գտան, որ նա է պասիվ: Իսկ նման հավասարազոր մրցակիցների պայքարում առաջինը վերևից աշխատելը մեծ առավելություն է: Լաս Վեգասում Արսենը 33 վայրկյան հաջող պաշտպանվեց, երբ սովորաբար նման պարագայում 20-25 վայրկյանից մարտը վերսկսվում է հիմնական կանգ դրությունից: Բացի այդ, Վլասովի երկու միավորանոց հնարքը, չգիտես ինչու, գնահատեցին 4 միավոր: Մենք բողոքարկեցինք, բայց քանի որ մեր բողոք-պահանջը չբավարարեցին, ևս մեկ միավոր տրվեց Վլասովին: Իսկ նման մրցակցի հետ պայքարում 5 միավոր հետ բերելը դյուրին գործ չէ: Արսենը սփոփիչ գոտեմարտերը հաջող սկսեց, բայց իրար հետևից 15 րոպեն մեկ անցկացրած մրցամարտերից հոգնեց, և վերջին սփոփիչում պարտվեց ղազախ ըմբիշին: Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա իդեալական գոտեմարտեր անցկացրեց և արժանիորեն երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:

-Նշեցիք, որ մեդալների և օլիմպիական ուղեգրերի ցանկալի քանակը չապահովվեց Լաս Վեգասում, իսկ որքա՞ն էիք նախատեսել:

-Առաջնությունից առաջ ակնկալում էինք 3 մեդալ և 3-4 օլիմպիական ուղեգիր:

-Մեդալներներն այլևս հետ բերել հնարավոր չէ, իսկ ուղեգրերի քանակը ավելացնելու հնարավորություն կա: Քանի՞ հոգով է ի զորու հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մասնակցել 2016 թվականի օլիմպիական խաղերին:

-Մենք ձգտելու ենք ձեռք բերել բոլոր 6 ուղեգրերը, սակայն ամեն ինչ ցույց կտա գորգը: Իսկ ավելի ստույգ՝ 4-5 հոգով մասնակցելը շատ իրական է:

-Մրցաշրջան 2016-ը շատ հագեցած է լինելու՝ Եվրոպայի առաջնություններ, վարկանիշային մրցաշարեր, օլիմպիական խաղեր, Հայաստանի առաջնություն, հավանաբար այլ մրցաշարեր, ինչպե՞ս եք ծրագրել այս կարևոր մրցումների նախապատրաստությունը:

-Քանի որ տարին իսկապես շատ հագեցած է լինելու, որոշել ենք Հայաստանի առաջնությունը անցկացնել օլիմպիական խաղերից հետո՝ աշնանը: 2016 թվականի առաջին կարևոր ստուգատեսը մարտի 8-12-ը Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որին կսկսենք նախապատրաստվել դեկտեմբերի 13-26-ը Ծաղկաձորում կայանալիք հավաքով: Եվս մեկ հավաք էլ կանցկացնենք հունվարի 19-30-ը, որին կհաջորդի միջազգային մրցաշար՝ կամ Ֆրանսիայում, կամ Բուլղարիայում: Եվս երկու հավաք էլ կանցկացնենք Եվրոպայի առաջնությունից առաջ: Այնուհետև կսկսվեն վարկանիշային մրցաշարերը: Առաջինը կայանալու է Սերբիայում, ապրիլի 15-17-ը, որին մասնակցելու են միայն եվրոպացիները, և օլիմպիական ուղեգիր է շնորհվելու եզրափակիչ հասած ըմբիշներին: Հաջորդ վարկանիշային մրցաշարը տեղի է ունենալու Մոնղոլիայում: Այնտեղ կխաղարկվի 3 ուղեգիր: Եվ վերջին կանգառը լինելու է Ստամբուլը, որտեղ նույնպես կմասնակցեն ըմբիշներ ամբողջ աշխարհից: Այս վերջին մրցաշարում խաղարկվելու է երկու ուղեգիր: Եվրոպայի առաջնության և վարկանիշային մրցաշարերի արանքում մարտի վերջին Բուլղարիայում կայանալու է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես շատ կարևոր ստուգատես է: Ի դեպ, անցած տարի մինչև 23 տարեկանների առաջնությունում նույնպես ունեցանք հաջողություններ: Սարգիս Քոչարյանը 80 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

-Հետաքրքիր է նաև իմանալ մինչև օլիմպիական խաղեր նախապատրաստական ամբողջ ընթացքը:

-Բացի նշված մրցումներից կլինեն ևս մի քանի մրցաշարեր, և նախատեսված է ընդհանուր թվով տասը ուսումնամարզական հավաք անցկացնել: Սակայն բուն օլիմպիական խաղերին նախապատրաստվելը կսկսենք այն պահից, երբ ավարտվեն վարկանիշային մրցաշարերը և հայտնի դառնան մեր մասնակիցների քանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում