Բարեհոգությունը՝ ժամանակակից ֆուտբոլում

Բարեհոգությունը՝ ժամանակակից ֆուտբոլում

Յուրաքանչյուր մարզիկ իր հակառակ կողմն ունի` շատերի համար անտեսանելի ու իր կերպարի մեջ լուռ թաքնված: Որոշներն առհասարակ չեն ցանկանում նկատել դա՝ կարևորություն չտալով, սակայն այդ կողմը կարևոր է: Այն ցույց է տալիս, որ մարզիկը անհոգի մեքենա չէ…

Երկրպագուների մի մասին թվում է, որ ֆուտբոլիստներին գրանցած արդյունքից բացի ոչինչ չի հետաքրքրում: «Արդյունք» բառի տակ պետք է հասկանալ ոչ միայն թիմային, այլ նաև անհատական ձեռքբերումները, հաղթանակի դիմաց ստացած գումարը: Հնարավոր է, որ նախընտրությունների ցուցակում գումարային պարգևներն ավելի վեր դասվեն 3 միավորներից: Վերջին տարիներին ֆուտբոլն ինչ-որ մարդկային, ինչ-որ յուրահատուկ բան է կորցնում. հիմա այն ապրում է «Արդյունքն ամեն ինչից առաջնային է» կարգախոսով: Ուստի երկրպագուները, հավանաբար, իրավունք ունեն ենթադրելու, որ ֆուտբոլիստները մեքենաներ են, որոնք արդյունքի հասնելուց բացի որևէ այլ նպատակ չունեն:

***

Վերջերս 1906-ին կառուցված մանչեսթերյան ֆոնդային բորսայի շենքում, որ այժմ վերակառուցվում է շքեղ հյուրանոցի վերածվելու համար, անօթևաններ հայտնվեցին: Նրանք իրենց «Մանչեսթերի հրեշտակներ» են անվանում: Անօթևանները դեմ են, որ ճարտարապետական նշանակություն ունեցող կառույցը մեծահարուստների հանգստյան գոտի դառնա: Նման դեպքերում, որպես կանոն, սեփականատերերը ոստիկանություն են դիմում և անհապաղ հեռացնում ցուցարարներին, սակայն ակցիան գլխավորող Ուեսլի Հոլը թույլտվություն ստացավ հյուրանոցն օգտագործել ձմեռային ցուրտ օրերին՝ պարզապես մյուս անօթևաններին օգնելու, նրանց տանիք տալու համար: Շենքի սեփականատիրոջ հետ հեռախոսազրույցից հետո Հոլը չկարողացավ զսպել արցունքները… Հյուրանոցի սեփականատերերը Գարի Նևիլն ու Ռայան Գիգզն են:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ ու «Վալենսիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Գարի Նևիլը շատ վաղուց է բարեգործությամբ զբաղվում: Նա մասնավորապես օգնում է անօթևաններին, իր հարազատ քաղաքի փողոցներում ապրողներին: Դրա համար էլ «Անվտանգ ձմեռ» օպերացիան (այն այդպես անվանեցին դրա մասնակիցները) Գարիի համար առաջինը չէ:

***

Երկու տարի առաջ Ռոտերդամում հուզիչ դեպք տեղի ունեցավ: «Ֆեյենորդի» 41 տարվա փորձառություն ունեցող երկրպագուին մահացու ախտորոշում տվեցին. լավագույն դեպքում նրան մեկ ամիս էր մնացել երկրային բոլոր գործերն ավարտելու համար: Մարկի վերջին ցանկությունը սիրելի թիմի մարզմանը ներկա գտնվելն էր: 2013-ի հունիսի 26-ին այդ երազանքն իրականացավ: «Դե Կուիպ» մարզադաշտում տեղի ունեցող հերթական մարզմանը 6000 մարդ էր հավաքվել, բայց օրվա գլխավոր հերոսները ֆուտբոլիստները չէին:

Նախնական պայմանավորվածության համաձայն մարզման 12-րդ րոպեին Մարկին պատգարակի վրա դաշտ բերեցին, իսկ հավաքված 6000 երկրպագուները միաժամանակ «Դու մենակ չես» գրառմամբ պաստառներ ցուցադրեցին: Մարկը չկարողացավ զսպել զգացմունքներն ու լաց եղավ: Դրանից հետո հավաքեց ուժերն ու ոտքի ելավ, որ վերջին անգամ զգա հարազատ մարզադաշտի խոտածածկը: Բոլոր ֆուտբոլիստները ողջունեցին հավատարիմ երկրպագուին, ով գրեթե ամբողջ կյանքն էր նվիրել ակումբին: Կատարվածից 3 օր անց Մարկը հրաժեշտ տվեց կյանքին:

***

Ֆուտբոլիստներ կան, որոնց կա’մ կարելի է սիրել, կա’մ ատել: Առաջիններից մեկը, ով մտնում է այս խմբի մեջ, Կրիշտիանու Ռոնալդուն է: Նա ոչ սիրողների, ոչ էլ իրեն ատողների պակաս ունի: Դեռ երիտասարդ տարիներից նա զգայուն էր, երբ տրիբունաներից լսում էր սեփական անունը: «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ ունենալու տարիներին, թվում էր, սովորական բան տեղի ունեցավ. Ռոնալդուն մարզաշապիկը տվեց երկրպագուին: Կհարցնեք՝ ի՞նչ կա դրա մեջ: Պատասխանի փոխարեն ներկայացնենք Ռոնալդուի ու այդ երկրպագուի երկխոսությունը.

-Շուտով կվերադառնամ, սա արդեն խոստացել եմ նվիրել: Քեզ մեկ ուրիշը կբերեմ, լա՞վ,-ասաց պորտուգալացին, ցույց տալով մարզաշապիկը, որ վայրկյաններ առաջ կպել էր գնդակին:
-Լո՞ւրջ: Սպասե՞մ:
-Այո, հիմա կվերադառնամ:

Մի քանի րոպե անց նա մարզաշապիկը ձեռքին դուրս եկավ դաշտ ու ծափողջույնների, «Կրիշտիանու, Կրիշտիանու» վանկարկումների ներքո այն նվիրեց իր երկրպագուին: Սա առաջին ու վերջին դեպքը չէր, երբ Ռոնալդուն աչքի է ընկավ գովեստի արժանի պահվածքով:

Կրիշտիանու Ռոնալդուն բազմիցս վճարել է հիվանդ երեխաների բուժման ծախսերը, իր մակագրությամբ շապիկները բարեգործական նպատակներով աճուրդի է հանել, օգնել է ցունամիից փրկված Մարտունիսին հասնել երազանքին, մասնակցել է Գազայի երեխաների համար դրամահավաքին, «Երեխաներն՝ ընդդեմ սովի» նախաձեռնությանը, դարձել է «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության դեսպան, Կարմիր խաչին 100.000 եվրո է նվիրաբերել, դաջվածքներ չունի, քանի որ հաճախ դոնոր է դառնում:

***

Անցյալ տարվա մարտին ՀԱՀ-Բրազիլիա ընկերական խաղի ժամանակ Նեյմարը 4 անգամ աչքի ընկավ. 3 գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը, ապա անվտանգության աշխատակիցների ձեռքից փրկեց «Բաֆանա-Բաֆանայի» փոքրիկ երկրպագուին: Փոքրիկ տղան խաղի ժամանակ տրիբունայից դաշտ վազեց ու պիտի հայտնվեր անվտանգության ծառայողների գրկում, բայց Նեյմարը հասավ օգնության: Ու դա դեռ ամենը չէր. բրազիլացիները տղային այնպես օրորեցին ձեռքերի վրա, ասես հենց հաղթել էին Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում:

Այո, ժամանակակից ֆուտբոլում բարեհոգությունը հաճախ չհանդիպող երևույթ է՝ ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, սակայն, ասել, որ այն մեռած է, նշանակում է խաբել և’ ինքդ քեզ, և’ մյուսներին: Անիմաստ է հերքել այն փաստը, որ ֆուտբոլիստները գումար են ծախսում նաև խենթ բաների համար՝ ուղղաթիռով գնալ հաց գնելու, պայմանագիր կնքելու համար լողափ պատվիրել, խաղալ ադամանդապատ կոշիկներով… Համաձայնեք՝ նման բաներն աչք են ծակում, իսկ վերոնշյալ պատմություններն ուղղակի ապացուցում են, որ ֆուտբոլիստներն իրենց հարուստ աշխարհում չեն անտեսում այլոց խնդիրները, պարզապես նման նորությունները հաճախ կորում են սկանդալներով հարուստ լրահոսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում