Լևոն Ջուլֆալակյան. 2015-ը գերազանց տարի չէր, բայց հաջող էր

Լևոն Ջուլֆալակյան. 2015-ը գերազանց տարի չէր, բայց հաջող էր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է 2015 թվականը:

-Պարոն Ջուլֆալակյան՝ որպես հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ամփոփեք տարին:

-Հաջողությունները, որ ունեցանք 2015 թվականին, հաճելի և գովելի էին, սակայն մի քիչ ավելին էինք սպասում: Կային խանգարող հանգամանքներ: Նախ՝ Եվրոպական խաղերը մեզ համար հաճելի երկրում չէին, և մենք մասնակցեցինք ոչ լիարժեք թիմով: Մեդալներն էլ անհամեմատ շատ կլինեին: Ընդհանուր առմամբ, 20-ից 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ըմբիշները զբաղեցրեցին 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Իսկ բարձրակարգ միջազգային մրցաշարերում Հայաստանի հավաքականը վերադարձել է 7-8 մեդալով: 2015 ոչ գերազանց տարի էր, բայց` հաջող:

-Ի՞նչ կասեք աշխարհի առաջնության մասին:

-Աշխարհի առաջնությունում ունեցանք երկու ուղեգիր: Բացի վարկանիշից և ոսկե մեդալից, մենք պետք է մեդալ ունենայինք նաև 66 կգ քաշային կարգում: Դա առնվազն պետք է երկրորդ տեղը լիներ, եթե ոչ առաջին հորիզոնականը, որտեղ մեզ խանգարեցին մրցավարները: Մեզանից մեկ մեդալ գողացան այդ քաշային կարգում: 75 կգ քաշային կարգում էլ մենք սպասելիքներ ունեինք: Այստեղ նույնպես անարդար մրցավարություն կար:

– Մինչ օրս ունենք Ռիոյի Օլիմպիական խաղերի 2 ուղեգիր, իսկ քանիսի՞ ակնկալիք ունենք:

-Մենք ունենք 3 վարկանիշային մրցաշար, որի ժամանակ փորձելու ենք անել առավելագույնը: Ունենք 2 վարկանիշ, պայքարելու ենք մնացած 4 ուղեգրերի համար: Պետք չէ ժամանակից առաջ անցնել՝ գորգը ցույց կտա: Մեզ համար այդ երեք մրցաշարերն էլ առաջնային են: Կարևորը ճիշտ մարտավարություն ընտրելն է:

-Արդեն կողմնորոշվե՞լ եք, թե ովքեր են մասնակցելու վարկանիշային մրցաշարերին:

-Չեմ ուզում առաջ ընկել և դեռ չեմ մտածում այդ մասին: Առաջին և երկրորդ մրցաշարի միջև ընկած ժամանակահատվածն ընդամենը մեկ շաբաթ է: Մենք կկարողանանք հետևություններ անել և հասկանալ, թե ով, որտեղ մասնակցի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում