Արայիկ Բաղդադյան. Ռիոյի երեք ուղեգիրն ինձ կգոհացնի

Արայիկ Բաղդադյան. Ռիոյի երեք ուղեգիրն ինձ կգոհացնի

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում ամփոփել է անցնող տարին և խոսել է 2016 թվականի ծրագրերի մասին:

-Պարոն Բաղդադյան, խնդրում եմ ամփոփեք 2015 թվականը: Ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ բացթողումներ ունեցաք այս տարի:

– Նախորդ տարվա համեմատ, ազատ ոճային ըմբիշների ելույթներից այդքան էլ գոհ չեմ: Տղաների վատ ելույթների պատճառները մի քանիսն էին՝ վնասվածքներ, հետո վերականգնողական փուլ, Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերը, որը հոգեբանորեն բացասական անդրադարձան մեր մարզիկների վրա: Այնտեղ մասնակցում էին 6 մարզիկ, որոնցից 4-ը պարտվեցին մրցավարների ոչ արդար դատավարության պատճառով: Աշխարհի առաջնությունում տղաներից սպասում էինք թե՛ մեդալներ և թե՛ 2-3 վարկանիշ: Ցավոք սրտի, չստացվեց: Սպասվածից վատ հանդես եկան:

Ունենք մեկ ուղեգիր՝ 125 կգ քաշային կարգում, որը նվաճեց Լևան Բերիանիձեն: Աշխարհի առաջնությունից հետո մասնակցել ենք մի շարք միջազգային մրցաշարերի, ակումբային աշխարհի առաջնությանը, որտեղ Հայաստանը ներկայացնող «Տաշիր»-ը զբաղեցրեց 4-րդ տեղը: Տղաները լավ հանդես եկան: Դեկտեմբերին կայացած միջազգային մրցաշարում Գարիկ Բարսեղյանն ու Դավիթ Սաֆարյանը մասնակցեցին Նուսուևի մրցաշարին, որտեղ Սաֆարյանը հաղթեց: Դավիթի մոտ կամաց-կամաց վերադառնում է հաղթողի հոգեբանությունը:

-Ազատ ոճի ըմշամարտի Հայաստանի հավաքականը տարին եզրափակում է Օլիմպիական խաղերի մեկ ուղեգրով, դեռ քանի՞ ուղեգրի ակնկալիք ունեք:

-Ես ևս երկու ուղեգրի ակնկալիք ունեմ: Այս թիմով, եթե կարողանանք ունենալ Օլիմպիական խաղերի երեք մասնակից, ես դա հաջողություն կհամարեմ:

-Պատմեք, խնդրում եմ արդեն ավանդական դարձած տարեվերջյան հավաքի մասին:

-Այս հավաքը ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության ուղղվածություն ունի: Գորգի վրա մարզումները չորսն են: Հավաքին մասնակցում են երեք տարիքային խմբի 55 ըմբիշ: Այս տարի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների հավաքականն առաջին անգամ է մարզումներ անցկացնում դահուկներով: Մինչև հավաքի վերջին օրը ամեն առավոտ նրանք դահուկով կմարզվեն:

-Պարոն Բաղդադյան, ինչի՞ց եք սկսելու 2016 թվականը:

-Հունվարի 4-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Երևանում, որից հետո, հունվարի 15-17-ը, Իրանում կկայանա Թախտիի Գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն հավաքականի 3-4 համարները, իսկ առաջատարները կշարունակեն հավաքը՝ կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը և վարկանիշային մրցաշարերին: Հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ուկրաինայում, այնուհետև տղաները կմասնակցեն Կիևում կայանալիք միջազգային խոշոր մրցաշարի, որից հետո արդեն վերջնական պարզ կլինի, թե ով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, ովքեր՝ վարկանիշային մրցաշարերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում