Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու ըմբշամարտի 2017 թ. Եվրոպայի առաջնությունը

Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու ըմբշամարտի 2017 թ. Եվրոպայի առաջնությունը

2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչին կհյուրընկալի ըմբշամարտի մեծահասակների 2017 թ Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԸՖ-ի պաշտոնական կայքը` հղում կատարելով ըմբշամարտի Ռուսաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքին:

Սոչիի թեկնածությունը հաստատվել է դեկտեմբերի 12-13-ն Ադլերի ՌԴ-ի ազգային հավաքականների նախապատրաստման Ալեքսանդր Կարելինի անվան մարզական կենտրոնում (գլխավոր տնօրեն՝ Ռուբեն Թաթուլյան) ընթացած ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչի գլխավորությամբ կայացած UWW-ի գործկոմի նիստում:

Աշխարհամասի լավագույն ըմբիշների այս ստուգատեսը կընդունի քաղաքի 12 հազար հանդիսական տեղավորող Այսբերգ սառցեպալատն, որտեղ 2014 թ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կայացել են գեղասահքի և շորթ-տրեկի օլիմպիական մրցաշարերը:

Մինչ այս Ռուսաստանում արդեն երեք անգամ անցկացվել են մեծահասակների ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններ: Այսպես, 1976 թ այդ ստուգատեսը ընդունել է Լենինգրադը, 2000 թ Մոսկվայում ընթացել է միայն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ 2006-ին Մոսկվան հյուրընկալել է ազատ և հունահռոմեական ոճերի ըմբիշների Եվրոպայի առաջնությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում