Ֆուտբոլի արքան. Պելեի 10 սխրանքները

Ֆուտբոլի արքան. Պելեի 10 սխրանքները

Հիշենք ֆուտբոլի 75-ամյա արքայի ռեկորդներն ու կարիերայի ամենավառ հաղթանակները:

Հրաշամանուկի նորամուտը ԽՍՀՄ-ի դեմ խաղում

17 տարեկանում Պելեն մասնակցեց Մունդիալին-1958-ին: Շվեդիայում հրաշամանուկը նշեց նորամուտը ԽՍՀՄ-ի հավաքականի դեմ խաղում (Բրազիլիան հաղթեց 2:0 հաշվով), իսկ առաջին գոլը խփեց Ուելսի հավաքականի դարպասը՝ 1/4 եզրափակչի ժամանակ: Կիսաեզրափակչում բրազիլացիները 5:2 հաշվով հաղթեցին ֆրանսիացիներին, իսկ Պելեն աչքի ընկավ հեթ-տրիկով՝ դառնալով աշխարհի առաջնությունների պատմության մեջ հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Բրազիլիան եզրափակչում հաղթեց Շվեդիային, իսկ Պելեն դարձավ Մունդիալի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը:

Ութ գնդակ` մեկ խաղում

Պելեն դեռ պատանեկության տարիներից հայտնի էր իր արդյունավետությամբ: Մի անգամ նա նույնիսկ ինքն իրեն գերազանցեց: 1964 թվականի սեպտեմբերի 21-ին լեգենդար բրազիլացին 8 գնդակ խփեց Ռիբեյրո-Պրետոյի «Բոտաֆոգո» թիմի դարպասը:

Աշխարհի միակ եռակի չեմպիոնը

Պելեն միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ որպես խաղացող Աշխարհի չեմպիոն է դարձել: Շվեդիան, Չիլին և Մեքսիկան հաջողակ երկրներ դարձան հանճարեղ բրազիլացու համար: 1970 թվականին Բրազիլիայի հավաքականը եզրափակչում խաղաց Իտալիայի հետ: Խաղը 110 հազար հանդիսականի էր հավաքել Մեխիկոյի «Ացտեկա» արենայում: Մեքսիկացի երկրպագուները տրիբունաներում միացան բրազիլացիներին, որպեսզի ցույց տային լատինական մշակույթի միասնությունը: Բրազիլացիները 4:1 հաշվով հաղթեցին, Պելեն գոլ խփեց և երկու արդյունավետ փոխանցում կատարեց խաղընկերներին: Խաղից հետո իտալացի պաշտպան Տարչիզիո Բուրգնիչը, ով պետք է չեզոքացներ բրազիլացուն, խոստովանեց. «Խաղից առաջ ինքս ինձ ասում էի, որ նա բոլորի պես միս ու արյունից է: Ես սխալվում էի»:

Բրազիլիայի պատմության լավագույն ռմբարկուն

Ընդհանրապես զարմանալի չէ, որ Պելեն ռեկորդակիր է նաև հավաքականում խփած գնդակների թվով: Բրազիլիայի ընտրանու կազմում անցկացրած 92 խաղում նա 72 գոլի հեղինակ է դարձել: Ռոնալդոն մի փոքր հետ է մնացել իր հայրենակցից և 62 գնդակ ունի իր ակտիվում: Վերջին տարիներին սկսել են խոսել, որ 23-ամյա Նեյմարը, ում անվան դիմաց արդեն 46 գնդակ կա, ընդունակ է շրջանցել հանճարեղին ու սարսափելիին: Ինքը՝ Պելեն մի անգամ ասել է. «Նոր թագավոր դառնալ պարզապես անհնար է: Նեյմարը լավ խաղացող է, նա մեծ աստղ կդառնա, բայց ինձ չի փոխարինի»:

Բրազիլական կայծակ

Յուրահատուկ ֆիզիկական տվյալների և աշխատասիրության շնորհիվ Պելեն կարողացավ ֆենոմենալ արդյունքների հասնել ֆուտբոլում: Մարզական կարիերայի գագաթնակետին նա 100 մետր տարածությունը վազքով հաղթահարեց գրեթե 10 վայրկյանում և այդ ցուցանիշով աննշան զիջեց պրոֆեսիոնալ աթլետներին: Բրազիլացին կարող էր մրցակցել Ուսեին Բոլտի հետ: Պելեն այնքան էլ բարձրահասակ չէ՝ 173 սմ, սակայն իր լավագույն մարզավիճակում նա կարողացել է 2 մետր բարձրությամբ թռիչք կատարել: Հանճարեղ հարձակվողը կարող էր ֆուտբոլիստի կարիերան համատեղել թեթև աթլետիկայի աշխարհի առաջնության ելույթների հետ՝ այն էլ մի քանի կարգերում:

«Սանտոսի» խորհրդանիշը

Սան-Պաուլու նահանգի քաղաքներից մեկի անունը կրող ակումբի հետ Պելեն կապվել է դեռ 18 տարեկանից: 1956-1974թթ. նա թիմի կազմում 1091 գնդակ է խփել: Ակումբի պատմությունը 2 մասի է բաժանվում՝ «Պելեից առաջ» և «Պելեից հետո»: Լեգենդի հետ թիմը 5 անգամ անընդմեջ նվաճել է Բրազիլիայի գավաթը, 2 անգամ Լիբերտադորեսի ու Միջմայրցամաքային առաջնությունների գավաթները: 2014-ին «Սանտոսը» նախկին ֆուտբոլիստի՝ Պելեի կերպարն օգտագործելու ցմահ պայմանագիր է կնքել: Սա այն դեպքն է, երբ թիմն ու ֆուտբոլիստը մեկ ամբողջություն են:

1000 +

Պելեն «1000 + ակումբի» անդամներից է: Ընդհանուր հաշվարկով նա 1389 գնդակ է խփել (որոշ աղբյուրներում 1281 է նշվում) 21 տարվա ֆուտբոլային կարիերայի ընթացքում: Ավելին հաջողվել է անել միայն չեխ հարձակվող Յոզեֆ Բիցանին (1468) և գերմանացի Գերդ Մյուլլերին (1461):

Պելեի օրը

1969 թ. նոյեմբերի 19-ը մտավ բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ: «Մարականայում» կայացած «Սանտոս»-«Վասկու դա Գամա» խաղի ժամանակ Պելեն իր 1000-րդ գնդակը խփեց: Այդ առիթով Բրազիլիայի Կապի նախարարությունը ֆուտբոլիստի հաջողությանը նվիրված աշխարհում եզակի նամականիշ թողարկեց: Մինչև հիմա էլ շատ բրազիլացիներ նոյեմբերի 19-ը նշում են որպես Պելեի օր:

Լավագույն մարզիկը՝ ըստ ՄՕԿ-ի

Միջազգային օլիմպիական կոմիտեն 1999-ին Պելեին ընդգրկեց 20-րդ դարի լավագույն մարզիկների լավագույն հնգյակում: Ճակատագրի հեգնանքով բրազիլացին երբևէ չի մասնակցել Օլիմպիական խաղերին:

20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը

Տասնյակ խոշորագույն հրատարակություններ Պելեին ճանաչեցին հարյուրամյակի լավագույն ֆուտբոլիստ: «World Soccer», «France Football», «Guerin Sportivo», «Placar». Այս ամսագրերը Պելեին 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների առաջին հորիզոնականում են դասել: Պելեն նաև ՖԻՖԱ-ի կազմած «20-րդ դարի աշխարհի հավաքականի» անդամ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում